Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 24,1998 00:00
varaguyr

Սույն՝ գերիրապաշտական (սյուրռեալիստական) թատերգության համար գրական հիմք է ծառայել «Արձանագրություն N 123-129 ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանի մոտ կայացած խորհրդակցության» անունը կրող փաստաթուղթը։ Գործողությունը տեղի է ունեցել 17 հոկտեմբերի 1998 թ., Երեւանում։

Գործող անձեր

ՀՀ կառավարության անդամներ – Գ. Ստամբոլցյան, Դ. Հարությունյան, Գ. Մարտիրոսյան, Ռ. Շառոյան, Լ. Մկրտչյան, Պ. Ղալթախչյան, Ս. Շահազիզյան, Գ. Եգանյան, Ֆ. Փիրումյան, Ե. Զախարյան, Է. Սանդոյան, Վ. Մովսիսյան, Վ. Ավանեսյան, Վ. Օսկանյան, Ս. Սարգսյան, Ա. Վարդանյան, Շ. Կարամանուկյան

Երեւանի քաղաքապետ – Ս. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազ – Ա. Հովսեփյան

ՀՀ ԿԲ նախագահ – Տ. Սարգսյան

ՀՀ հարկային տեսչության պետ – Ա. Թումանյան

ՀՀ մաքսային վարչության պետ – Հ. Գրիգորյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալներ – Ա. Մելքոնյան, Ա. Ազիզյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար – Ա. Մանուկյան

ՀՀ նախարարների տեղակալներ. պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներ, կառավարության աշխատակազմի պատասխանատու աշխատողներ։ Այս անուններն են նշված վերոհիշյալ փաստաթղթի վրա։

Արար առաջին

Բոլոր ներկաները նստած են հարմարավետ բազկաթոռներին եւ աթոռներին։ Նիստ է։ Նիստը վարում է ՀՀ վարչապետը։ Քննարկվում է 1998 թ. բյուջեի կատարման եւ 1999 թ. բյուջեի նախագծի կազմման հարցը։ Վերոհիշյալ փաստաթղթում որեւէ նշում չկա, թե ով ինչ ելույթ է ունեցել։ Սակայն սույն քննարկումից հետո նիստը վարողը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարին։ Հանձնարարականներից հստակ է դառնում, թե ինչ որոշումներ են ընդունվել խորհրդակցության արդյունքում։ Բյուջեում լարված վիճակ է։ Փող չկա։ Սա մենք առանց այս փաստաթղթի էլ գիտենք։ Դժվար չէ նաեւ գլխի ընկնելը, որ բյուջեի համար փողի ամենահեշտ ու հուսալի աղբյուրը էներգետիկ համակարգն է։ Հետեւաբար պետք է բարձրացնել սակագները։ Հետեւաբար վարչապետը տալիս է հետեւյալ հանձնարարականները. ներկայացնել.

«1.2. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանին տեղեկանք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ՀՀ 1999 թ. պետբյուջեի եկամտային մասի աճի վերաբերյալ»։ Ուրեմն եկող տարի էլեկտրաէներգիան թանկանում է։ Որքանո՞վ՝ առայժմ հայտնի չէ։ Շարունակենք ընթերցել փաստաթուղթը.

«1.4. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանին, ՀՀ էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանին, ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գ. Եգանյանին՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համատեղ (ներկայացնել – Ա. Գ.) էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերջնական տարբերակը հաշվի առնելով ՀՀ 1999 թ. պետբյուջեի նախագծում նախատեսված սոցիալական բնույթի միջոցառումները»։ Սա արդեն տնտեսագիտական մտքի նորույթ է՝ արհեստավարժ բնույթի նոու-հաու։ Վարչապետը մի կողմից հանձնարարում է բարձրացնել սակագինը բյուջեի եկամուտներն ապահովելու համար, մյուս կողմից՝ հաշվի առնել, որ «սոցիալական բնույթի միջոցառումներ» են արվելու։ Այսինքն՝ շատ փող հավաքեք մարդկանցից, որ մի քիչ շատ թոշակ տանք նույն մարդկանց։ Սա տնտեսական ինքնաբավ համակարգի համարյա կատարյալ օրինակ է։ Ափսոս, որ հավերժական շարժիչների գոյությանը վաղուց չեն հավատում։

Արար երկրորդ

Երկու համարը կրող հանձնարարականը ամենակարճն է։ Այն ունի ընդամենը մեկ պարբերություն։ Այստեղ ցրվում են էներգետիկ անկախ հանձնաժողովի անկախության մասին բոլոր պաշտոնական հայտարարությունները։ Հանձնաժողովին նույն մեթոդներով են հրահանգավորում, ինչպես իշխանության մյուս օղակներին։ Սակայն մեր այս փոքրիկ հիասթափությունը լրիվ փոխհատուցվում է։ Արդեն գիտենք, թե եկող տարվանից որքանով է թանկանալու էլեկտրաէներգիան. «Առաջարկել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին ՀՀ կառավարություն ներկայացնել հիմնավորող հաշվարկներ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 12,5 տոկոս բարձրացնելու վերաբերյալ»։ Ընդամենը այսքանը։ Շուտով, շատ շուտով հիմնավոր ու արհեստավարժ փաստարկներ կհայտնվեն, որ համաշխարհային շուկայում գազի կամ նավթի գները բարձրացել են։ Բարձրացրել են «թարսի պես» ուղիղ 12,5 տոկոսով։ Եվ մեր կառավարությունը չցանկանալով, բայց ստիպված թանկացնում է էլեկտրաէներգիայի գինը։ Այնպես որ, սպասենք այս կամ նույնաստիճան դմբո մեկ այլ բացատրության։

Արար երրորդ

Այս մասում մի քանի նախարարներ «1998 թ. պետբյուջեի մուտքերն ապահովելու համար մինչեւ 1998 թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ վարչապետին ներկայացնել(ու) – Ա. Գ.) են առաջարկություններ։ Վ. Ավանեսյանը սույն գործով Մերի Լինչ ընկերությունից բյուջեի համար պետք է հաջողացնի ստանալ 780 մլն դրամ, SAC-3 վարկի շրջանակներում մի բան պետք է անի։ Սեփականաշնորհման նախարարը Հայկոոպից 624 մլն դրամ ստանալու գործը պետք է կարգավորի։ Փոխնախարար Ա. Ասլիկյանը վարչապետին պետք է առաջարկություն ներկայացնի «մարդասիրական օգնության գծով 80 մլն դրամ ստանալու վերաբերյալ»։

Այս հատվածում քաղաքացիական պարտքի զգացումը թատերգության հեղինակին թույլ չի տալիս մեջբերումներ կատարել փաստաթղթից։ Իր հանձնարարականների 4-րդ կետում ՀՀ վարչապետը առաջարկություններ է հղում Կենտրոնական բանկի նախագահին։ Թատերագիր հեղինակը որեւէ նենգամիտ բառ չի գրում ԿԲ-ի անկախության մասին։ Հաշվի է առնվում հանրապետության ֆինանսական շուկայի վիճակը։ Դրամական բազայի եւ արժեթղթերի մասին ոչինչ չգրելով՝ բերենք միայն հանձնարարականի վերջին կետը։ ԿԲ-ի նախագահը վարչապետին պետք է ինչ-որ բան ներկայացնի (ազնիվ խոսք, փաստաթղթից հնարավոր չէ եզրակացնել, թե ինչ, գուցե հաշվետվություն, գուցե առաջարկ – Ա. Գ.) «սեփականաշնորհման արդյունքում ստացված գումարների դիմաց հաշվարկված տոկոսների 1,5 մլրդ դրամ ստանալու վերաբերյալ»։

Արար չորրորդ

Հանձնարարականների թիվ չորս կետում բացահայտվում է մեկ փաստ։ Խորհրդային տարիներին Հայաստանը սեփականություն ուներ մյուս հանրապետություններում։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ, բնականաբար, դրանք մնացել են մեր հանրապետության սեփականությունը։ Հետաքրքիր է, դրանք մտե՞լ են արդյոք սեփականաշնորհման ցուցակ, թե՞ ոչ։ Ճիշտ ժամանակն է այդ բանը պարզելու, որովհետեւ արդեն կա հետեւյալ հանձնարարականը.

«4. ՀՀ 1998 թ. պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով, մինչեւ 1998 թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն. ա) ՀՀ գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանին, ՀՀ սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյանին՝ գույքի օտարման (այդ թվում՝ Մոսկվայի «Արարատ» գործարանի Բիրյուլովո ավանի մասնաշենքի վաճառքի) եւ այլ միջոցառումների արդյունքում 1,5 մլրդ դրամ ստանալու վերաբերյալ՝ ճշտելով իրականացված միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները»։

Արար հինգերորդ

Այս մասում կառավարությանը հանձնարարվում է անցնել խնայողության ռեժիմի։ Հավանաբար, բյուջեում փող չլինելու պատճառով։

«5. ՀՀ 1998 թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման նպատակով՝ «5.1. սահմանել, որ՝ ա) 1998 թ. հոկտեմբերի 19-ից դադարեցվում է ՀՀ ճյուղային նախարարությունների մի շարք օբյեկտների կապիտալ շինարարության, վերանորոգման, նախագծային, ընթացիկ եւ այլ ծախսերի ֆինանսավորումը ՀՀ 1998 թ. պետական բյուջեի հաշվին՝ համաձայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ցանկի»։

«5.2. Մինչեւ 1998 թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն.

ա) ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գ. Եգանյանին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգի հիմնարկների ծախսերը լրացուցիչ 38 մլն դրամով կրճատելու վերաբերյալ.

բ) ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Ս. Խուդավերդյանին Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզպետարանների ծախսերը յուրաքանչյուրը 17 մլն դրամով կրճատելու վերաբերյալ»։

Սույն արարի ավարտից առաջ բոլոր գործող անձինք փորձում են գուշակել, թե ով է մամուլի փայ դարձրել խորհրդակցության բովանդակությունը։ Բոլորը կասկածանքով իրար են նայում, իզուր փորձում գտնել ժպտացող որեւէ դեմք՝ դժվար է միաժամանակ քվեարկել սակագների բարձրացման օգտին եւ պահպանել ժպտալու ունակությունը։

Վարագույր

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ 

Հ.Գ. Թատերգությունը որեւէ բարոյախրատական եւ գեղարվեստական իմաստ չունի։ Վերնագիրը բարոյախոսություն չէ, այլ՝ ընթերցող շահելու պարզ հնարք, որ վայել է ցանկացած դեղին հեղինակի։ Մեջբերումներում կետադրական սխալների համընկնումը իրական փաստաթղթում առկա նույնատիպ սխալների հետ ամենասովորական պատահականություն է։ Մինչեւ սակագների բարձրացումը եկեք բոլորս ձեւացնենք, թե նման փաստաթուղթ գոյություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031