Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ

Հոկտեմբեր 24,1998 00:00
Hranush Xaratyan

Հոկտեմբերի 25-ին տեղի կունենան ընտրություններ ԱԺ թափուր տեղերի համար։ Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում նույնպես ընտրություններ են նախատեսվում, ուր թեկնածուներից հիմնական պայքարի են նախապատրաստվում ԱԺՄ-ական Վովա Հախվերդյանը եւ ԵՊՀ ազգագրության ամբիոնի վարիչ Հրանուշ Խառատյանը։

-Տիկին Խառատյան, դուք քաղաքացիական նախաձեռնությամբ եք առաջադրվել։ Սակայն ձեր անձը կապվում է Աշոտ Մանուչարյանի հետ։ Այն կարծիքը կա, որ նա է ձեզ հովանավորում։ Մեկ անգամ դուք հերքեցիք այս տեսակետը, սակայն լուրջ հիմնավորումներ, կարծես, չներկայացրիք։

– Ճիշտն ասած, ինձ համար անակնկալ էր հարցադրումը։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ոչ մեկի դրածոն երբեք լինել չեմ կարող։ Այլ բան է, որ շատ ընկերներ ունեմ, եւ Մանուչարյան Աշոտը նրանցից մեկն է։ Նրան շատ բարձր եմ գնահատում ե՛ւ որպես գործիչ, ե՛ւ որպես անձնավորություն՝ չնայած շատ հարցերի քննադատաբար եմ մոտենում։ Քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են շահարկել մարդու կապերը, անցյալը, կարող են ինձ այդ կարգի բազում մեղադրանքներ ներկայացնել։ Եթե ինձ կապում են Մանուչարյան Աշոտի հետ, ես դրա դեմ առարկություն չունեմ։

– Կարծիքներ են հնչել, որ անգամ ձեր գրանցման շուրջ ծավալված դատական պրոցեսը վաղօրոք կանխամտածված, ծրագրված էր եւ հետապնդում էր աղմուկ հանելու նպատակ։

– Այդ սկզբունքով եթե դիտարկենք, ուրեմն մյուս երեք թեկնածուներն էլ են իրենց գործերը վերջին օրով ներկայացրել։ Ինչ վերաբերում է կանխամտածված աղմուկին, ապա ինձ համար այդ բարդություններն անակնկալ էին։ Եթե ես նպատակ ունենայի բարդություններ առաջացնելու, գոնե այդպիսի անհեթեթ փաստաթղթի պատճառով չէի անի։ Հայտնի է, որ քաղաքական շահարկումներում կարող են մատից ծծած ինչ-որ փաստարկներ բերել։ Դա իրենց գործն է։

– Դատավարության ընթացքում ԿԸՀ անդամ Ֆիլարետ Բերիկյանը որոշ դիտարկումներ հայտնեց «Ավանգարդ» հումանիտար կենտրոնի մասին՝ նրանց մեղադրելով գրանտ պոկելու մղումների մեջ։ Այդ կենտրոնը պաշտպանում է ձեր թեկնածությունը։ Պրն Բերիկյանը նաեւ այլ կասկածներ հայտնեց այդ կազմակերպության մասին։

– Այդ մեղադրանքն այս աշխարհում կարելի է բոլորին ներկայացնել։ Եթե մարդն ուզում է աշխատել, պետք է ինչ-որ կերպ լուծի իր ֆինանսական պրոբլեմները։ «Ավանգարդի» տնօրեն Էդիկ Մամիկոնյանին ես վաղուց եմ ճանաչում։ Այս ընտրությունների հետ կապված ոչ միայն «Ավանգարդը», այլեւ ուրիշ այլ իրավապաշտպան կազմակերպություններ առաջարկեցին իրենց աջակցությունը։ Եթե ես «Ավանգարդի» հետ չկապվեի, այլ կապվեի, ասենք, Սախարովի ֆոնդի կամ այլ կազմակերպության հետ, նույնը պետք է ասեին։

– Դուք ցանկանում եք մտնել խորհրդարան եւ, բնական է, ունեք ձեր վերաբերմունքն ԱԺ-ի հանդեպ։

– Այո, ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը։ Ես, նաեւ ժողովուրդը, արդեն որակել ենք այս ԱԺ-ն։ Եվ ինքը՝ ԱԺ-ն, իր ընտրությունների ընթացքով ինքն իրեն բնութագրել է։ Այս ԱԺ-ն պատմության մեջ մշտապես կմնա որպես խարան ունեցող՝ անգամ, եթե այնտեղ առանձին ներկայացուցիչներ դրական կերպար ունեն։

– Ձեր կին լինելու հանգամանքը հնարավո՞ր է՝ օգնի ընտրություններին։

– Ներքին տագնապ ունեմ, որովհետեւ ժողովրդի մեջ կարծրացած է մտայնություն՝ ի՞նչ են անում տղամարդիկ, որ ինչ անեն կանայք։

– Ի՞նչ գումարներով եք կազմակերպում նախընտրական արշավը։

– Ես նույնիսկ չէի կարծում, որ այսքան գումարներ պիտի ծախսվեին, չէի պատրաստվել այս բեռին։ Մանավանդ՝ նման գումարներ չունեի։ Իմ ընկերները, բարեկամները, անգամ անծանոթներն ինձ թե՛ նյութական, թե՛ բարոյական աջակցություն են ցույց տալիս։ Մեր ամբիոնը, ես որոշ աշխատանքներ ենք անում Համաշխարհային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք վճարվում են։ Բայց ես հենց հիմա լուրջ պարտքերի մեջ եմ։

– Ձեր՝ պատգամավոր դառնալու հավանականությունը հաշվարկե՞լ եք։

– Ես պետք է անցնեմ։

Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031