Շարունակում եք «Phare»-ի եւ «Tacis»-ի փողերով անձնական հաշիվնե՞ր մաքրել։
Օրերս հանրությանը ներկայացվեցին հայկական առաջատար լրատվամիջոցների՝ Երեւանի մամուլի ակումբի երկամսյա ուսումնասիրության արդյունքները։ Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի մասին պատմող տեսանյութը ներկայացնելուց առաջ «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ»-ավարը նշեց, թե այս դիտարկումը եւս մեկ ապացույց դարձավ, որ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետեւողական է իր համակրանքների եւ հակակրանքների միջեւ։ Այս դեպքում մեկնաբանության առիթն այն էր, որ «Ար»-ը հերթական անգամ դուրս էր մնացել ուսումնասիրության շրջանակներից։
«Առավոտն» այս մոտեցումը շնորհակալությամբ կընդուներ։ Քանզի մեր դեպքում այս էլ որերորդ անգամ խախտվում են անաչառ ուսումնասիրության տարրական սկզբունքները։ Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ մեր թերթը բազմիցս անդրադարձել է ինչպես այս, այնպես էլ լրագրողական մի շարք այլ կազմակերպությունների գործունեության զուտ խմբակային շահախնդրություններով պայմանավորված լինելու հանգամանքին։ Սակայն փորձենք ուսումնասիրության կամայական եւ աչառու բնույթի վերաբերյալ մեր պնդումները հիմնավորել փաստերով։ Ամենակարեւոր փաստարկը հետեւյալն է. եթե այլ լրատվամիջոցների վերաբերյալ դիտարկող խումբը սահմանափակվել է զուտ փաստահավաք առաքելությամբ (հաշվել են, թե այս կամ այն գործչի անունը քանի անգամ է հիշատակվել, չափուձեւ արել, թե որքան քառ. սմ է հատկացված այլեւայլ ոլորտներին եւ այլն), ապա միայն «Առավոտի» դեպքում նաեւ մեկնաբանություններ կան։
Կարելի է համեմատել այն դիտարկումները, որ կատարվել են «Առավոտի» եւ, ասենք, «Այժմ»-ի մասին։ Երկրորդ դեպքում, զուտ թվերից բացի, մեկնաբանությունները գրեթե իսպառ բացակայում են։ Ի դեպ, ուսումնասիրության այս հատվածը այդպես էլ պիտի լիներ՝ դիտարկման հիման վրա արված վերլուծությունը սովորաբար առանձին է ներկայացվում։ Սակայն «Առավոտի» պարագայում խախտված են բոլոր չափանիշները։ Ասենք, էլ ոչ մի թերթի վերաբերյալ նման սուբյեկտիվ դատողության չես հանդիպի. «նախագահին կից համապատասխան (նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի մասին է խոսքը- Ա.Ի.) հանձնաժողովի գործունեության մասին ռեպորտաժներն այն մտքին են հանգեցնում, որ թերթի հիմնական նպատակը տեղի ունեցողի անհեթեթությունը ցուցադրելն է»։
Կարդացեք նաև
Թե դիտարկողների մտքին ինչ է եկել՝ զուտ իրենց անհատական երեւակայության խնդիրն է։ Իսկ անհեթեթությունը մասնագիտական եւ անաչառ համարվելու հավակնություն ունեցող ուսումնասիրության մեջ նման անհիմն պնդում կատարելն է։ Համանման մի օրինակ էլ վերաբերում է դիտարկողների այն դատողություններին, թե բանավոր խոսքն առանց խմբագրման ներկայացնելու լրագրական հնարքը, միջոցը «հազվադեպ կարող է արդարացված լինել մամուլում, բայց «Առավոտում» սա արդեն ոճ է դառնում»։
Դարձյալ մի սուբյեկտիվ եւ վիճելի պնդում, որի տեղը բոլորովին այս ուսումնասիրությունը չէ։ Կարելի է օրինակները շարունակել, սակայն սահմանափակվենք նշելով, որ միայն «Առավոտին» անդրադառնալիս են դիտարկող խմբի անդամները ստանձնել վրիպակներ արձանագրողի, որոշ իմաստով՝ սրբագրիչի, անշնորհակալ դերը։ Գոհունակությամբ արձանագրենք, որ այլ լրատվամիջոցներում վրիպումները երեւի իսպառ բացակայում են։ Եվ ընդհանրապես. «Առավոտն» ամենավատ թերթն է եւ դրա ապացույցներն օրաթերթերի մեջ իր մեծությամբ երկրորդ տպաքանակն է, մեր ստացած արձագանքները եւ այլն։ «Առավոտի» մասնավոր դեպքից այս վերլուծության ընդհանուր բնույթին անցնելով նշենք, որ բուլվարային ոճի դեմ պայքարող ԵՄԱ դիտարկող խումբը հայկական ողջ մամուլի համար կարեւոր թերություն է արձանագրել, թե քիչ են անդրադարձել Քլինթոն-Լեւինսկի սիրային պատմությանը՝ միջազգային մակարդակի հասցված այդ բուլվարային լուրին։
Եվ դիտարկողների՝ «հայ մամուլը համաշխարհային լրագրության հունից հեռու է զարգանում» մեղադրական եզրակացությունը չհաստատելու համար այսուհետ ճիշտ կանենք Քեն Սթարի զեկույցի էրոտիկ մանրամասներն ամեն օր ներկայացնել մեր ընթերցողներին։ Զարմանալի չէ, որ արեւմտյան նորությունների կարոտ մեր դիտարկողներին ձանձրալի պիտի թվային բուհերի ընդունելության քննությունների լուսաբանումը կամ Կոնյակի գործարանի վաճառքի շուրջ բանավեճերը։ Սա եւս մի ապացույց է, թե որքան հրաշալի է, որ ԵՄԱ անդամները հաճախ արտասահման մեկնելու եւ այս գավառական կյանքից կտրվելու հնարավորություն ունեն։ Լավ կլիներ միայն, որ ամեն անգամ ուղեւորությունից վերադառնալով կամ հերթական գրանտը ստանալով՝ նրանք չփորձեին ձեւ անել, թե դա հանուն ողջ հայ մամուլի զարգացման ու բարգավաճման է։ Նույնը վերաբերում է նաեւ նրանց հովանավորներին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, մեր տարաբախտ թերթից բացի՝ մեկ էլ միայն «Հայոց աշխարհն» է դիտորդական խմբի թեթեւ թափի տակ ընկել։ Տեսնես նրա՞նք ինչ են գրել ԵՄԱ հասցեին։