Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԽ-Ը ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ Է

Հոկտեմբեր 24,1998 00:00
Vano Siradexyan

Թերթերն արդեն հրապարակել են ՀՀՇ վարչության հայտարարությունը Ջավախքում ստեղծված իրավիճակի մասին, սակայն նախորդ օրը գումարված ՀՀՇ վարչության նիստը միայն այդ հայտարարությամբ չի սահմանափակվել։ Կուսակցության առաջնորդ Վանո Սիրադեղյանից տեղեկացանք, որ իրենք Ջավախքի խնդրի կողքին, ՀՀՇ հանրապետական խորհրդի հանձնարարությամբ, քննարկել են նաեւ ընտրական օրենսգրքին ու Քաղաքական խորհրդում իրենց հետագա ներկայության նպատակահարմարությանն առնչվող հարցեր։

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ասենք, հակասական հրապարակումներ են եղել։ Մեկ, որ ՀՀՇ-ն կողմ է համամասնական ընտրասկզբունքին նախապատվություն տվող նախագծին, մեկ էլ թե՝ պաշտպանելու է ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակը։ Մինչդեռ, Վանո Սիրադեղյանի պարզաբանմամբ, իրականությունն այն է, որ «կազմակերպությունը միշտ կողմ է եղել այն տարբերակին, որում նախապատվություն է տրված համամասնական սկզբունքին։ Ես երբեք չեմ ասել, որ «Երկրապահի» նախագծին եմ կողմ»։ Ասվել է, որ «Երկրապահը» կգնա զիջումների, ինչի արդյունքում կընդունվի ընտրական օրենսգրքի փոխզիջումային տարբերակ, որի համար, իհարկե, հիմք կընդունվի «Երկրապահի» նախագիծը։

Մեր հաջորդ հարցը Վանո Սիրադեղյանին, այսպիսին էր.

-«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջնական համաձայնություն է ձեռք բերվել 60% մեծամասնական-40% համամասնական ընտրահամակարգի վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀՇ-ն։

-Գուցեեւ ՀՀՇ-ին դա ձեռնտու է, որովհետեւ, չեմ կարծում, թե մեր կազմակերպությունն այն վիճակում է, որ համամասնական ընտրակարգով կարողանա շատ տեղեր վերցնել պառլամենտում։ Դրա կողքին ՀՀՇ-ում կան անհատներ, որոնք կարող են պատգամավոր ընտրվել մեծամասնական ընտրակարգով. «Բայց նկատի ունենալով Հայաստանի վերջին տարիների ընտրական մթնոլորտը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ փողը, նյութականը բավականին դեր է խաղում, այստեղ մեր դիրքերը խոցելի են»։

Իսկ դա նշանակում է, որ ընտրատարածքներում հիմնականում կընտրվեն այն մարդիկ, ովքեր ֆինանսական լուրջ ներդրումներ կանեն ընտրարշավի ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին. «Եթե «Երկրապահն» ունի մեծամասնություն պառլամենտում եւ եթե նախագահը համաձայն է նրա տարբերակին, նրանք կանցկացնեն այդ փաստաթուղթը»։ Այլ հարց է, թե դա ինչպես կընդունվի. «Կարծում եմ, որ «Երկրապահը» զիջումների կգնա։ Էլի հավանական եմ համարում 50% համամասնական-50% մեծամասնական տարբերակը»։

Հաջորդ հարցով անդրադարձանք ՀՀՇ-ում ավելի քան 2 ամիս քննարկվող՝ Քաղաքական խորհրդում մնալ-չմնալու նպատակահարմարության խնդրին. «Մեր մասնակցությունն, այնուամենայնիվ, փորձնական է եղել։ ՀՀՇ-ն իր վարչության մեծամասնությունով բարյացակամ չի վերաբերվել դրան։ Ես իմ պատասխանատվությամբ, այդուհանդերձ, ուղարկեցի մեր ներկայացուցչին, որպեսզի իմանանք, թե ինչ է ուզում դառնալ այդ խորհուրդը»։ Այս վերջին ամիսներին Քաղաքական խորհրդի գործունեությունը ցույց է տալիս, որ «մի անգամ կիրառվելու (ռազովի) օրգան են ստեղծում՝ քաղաքական մթնոլորտը պղտորելու, մի քաղաքական հայտարարություն անելու՝ անցած իշխանությունների ուղու մասին»։

Արդյունքում, Վանո Սիրադեղյանի կանխատեսմամբ՝ «այդ մարմինը կամ կվերանա, կամ՝ եթե այդքանը հաջողի, կդառնա քաղաքական տրոյկաների կենտրոն, որոնք շրջաններում են ստեղծվում։ Այն կդառնա քաղաքական դատափետումների մի մարմին, որն, իբր բազմաթիվ կուսակցություններ են ներկայացնում։ Այդ ՔԽ-ում մնում են միայն գաճաճ, 0 կամ 0,1% ստացած կուսակցությունները։ Ստացվում է, որ դա, բառիս բուն իմաստով, Ռոբերտ Քոչարյանի ընտրական շտաբն է, եւ ոչ թե Քաղաքական խորհուրդ»։ Իսկ ՀՀՇ-ն, ինչպես կուսակցության առաջնորդն է փաստում, Ռոբերտ Քոչարյանի շտաբում չի եղել։ Իրենց մասնակցությունը Քաղաքական խորհրդի աշխատանքին, նպատակ է ունեցել պարզել՝ նախընտրական շտաբը շարունակո՞ւմ է գործել, թե՝ ոչ։ Վերջին հաշվով, Քաղաքական խորհուրդն այսօր, Վանո Սիրադեղյանի բնորոշմամբ. «Լինելով Քոչարյանի շտաբը, առիթ է գտնում շարունակել իր գոյությունը ոչ ընտրական ժամանակահատվածում»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031