Երեւանի թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանին պատգամավորության թեկնածու գրանցելու առնչությամբ հրավիրված դատական նիստում ԿԸՀ ներկայացուցիչ, ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը սպառնացել էր, թե բոլորի համար դեռ պիտի բացահայտի «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի դեմքը։ «Կենտրոնի նպատակը, ես գիտեմ, գրանտ պոկելն է»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ «Ավանգարդ» կենտրոնի նախագահ Էդվարդ Մամիկոնյանը դատարանում Հրանուշ Խառատյանի շահերի ներկայացուցիչն էր։ Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացվող դիմումն ապացույց է, որ «Ավանգարդ» կենտրոնն էլ այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել։ Ի դեպ, ճիշտ նույն բովանդակությամբ մի դիմում էլ Անվտանգության խորհրդին է ուղարկվել։ Երկու դիմումներն էլ հոկտեմբերի 5-ի թվագրությունն ունեն։
«Առավոտի» տեղեկություններով, ՔԽ-ն այս դիմումը դեռ չի քննարկել։ Դե, իսկ Անվտանգության խորհրդի քննարկումների մասին տեղեկություն ստանալու մասին խոսելն անիմաստ է։
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Քաղաքական խորհրդին
Կարդացեք նաև
«Սույն դիմումով, Քաղաքական խորհրդի ուշադրությանը ներկայացվող հարցը, ըստ մեզ, ոչ միայն վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում ազատ եւ արդար ընտրությունների իրականացման հիմնախնդիրներին, այլեւ իր խիստ բացասական անդրադարձն է ունենում հանրապետությունում քաղաքական բարքերի հետագա անկման եւ ամենաթողության ու բարոյազրկման մթնոլորտի վատթարացման վրա։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների թիվ 40 ընտրատարածքում ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպություններից մեկը բարոյականության տեսանկյունից վիճելի միջոցներով մեծամասնություն է զավթել Ընտրական հանձնաժողովի կազմում, այդ թվում զբաղեցնելով հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները։
Արդյունքում, ոչ միայն ապօրինի եւ անհիմն կերպով մերժվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրված Հրանուշ Խառատյանի գրանցման հարցի քննարկումը, այլեւ կրկնակի չափանիշների կիրառմամբ ապօրինի գրանցվել են գրանցման ոչ ենթակա անձինք։ Առանձին կուսակցական շրջանակների նման ձեռնածությունները, ցավոք, վարկաբեկում են ոչ միայն այդ քաղաքական ուժերին, այլեւ խարխլում են ազատ եւ արդար ընտրությունների նկատմամբ հավատն այս երկրում։ «Ավանգարդ» կենտրոնն ակնկալում է, որ Քաղաքական խորհուրդը ելնելով ներկայացված խնդրի եւ նրա քաղաքական զարգացումների ու հետեւանքների ողջ կարեւորությունից, անհրաժեշտ կգտնի շտապ կարգով քննարկել ստեղծված իրավիճակը եւ նրա հանգուցալուծման ուղիները։ «Ավանգարդ» կենտրոնն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու հարցի քննարկմանը եւ Քաղաքական խորհրդին ներկայացնելու իրավիճակի բոլոր անհրաժեշտ մանրամասները»։
Հարգանքներով՝ «Ավանգարդ» կենտրոնի նախագահ Է. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ