Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Հոկտեմբեր 24,1998 00:00
aim

Քաղաքական խորհրդում Ինքնորոշում միավորման ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը ստորեւ պարզաբանում է երեկվա իր այն հայտարարությունը, թե առաջիկա օրերին ԻՄ-ը կվերանայի դիրքորոշումը ՔԽ-ի նկատմամբ։

Դեռ Ազգային համաձայնության դաշինքում ԱԻՄ-ի եւ ՍԻՄ-ի «ջրերը մի առվով չէին գնում»։ Ըստ ամենայնի, այժմ էլ այդ անհաշտ հակասությունները ՔԽ են տեղափոխվել։ Սակայն պրն Վարդանյանը հերքեց մեր այս ենթադրությունը. «Անձնական փոխհարաբերությունները քաղաքական հարցերում երբեւէ եւ որեւէ դեր չեն կարող ունենալ։ Խնդիրը զուտ սկզբունքային է եւ վերաբերում է միայն ռոտացիայի կարգին։ Կուսակցությունները հերթով պիտի ստանձնեն գործադիր քարտուղարի պարտականությունները եւ այս սկզբունքն անգամ դաշինքային նախկին հարաբերությունների ժամանակ էր բավական դրական դեր կատարել։ Եվ ռոտացիա երբեք վերընտրություն չի նշանակում. սրանք հակասական մոտեցումներ են»։

ՔԽ-ի առաջին նիստում նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ էր արտահայտվել հօգուտ այդ սկզբունքի։ Մեր այս տեղեկությունը հաստատելով՝ Ռուբեն Վարդանյանն ավելի մանրամասնեց. «Շողեր Մաթեւոսյանն ասաց. «Ինչ է եղել, Հրանտին կվերընտրենք»։ Իսկ պրն Քոչարյանն ասաց, որ ռոտացիա չի նշանակում վերընտրություն։ Վերջում էլ ամփոփեց. «Մենք այսօր, այս նիստում համաձայնության եկանք երեք հարցի շուրջ, որ գործադիր քարտուղարը պետք է քաղաքական անձ լինի, ռոտացիոն կարգով ու 3 ամսով կատարի պարտականությունները»։ ԻՄ ներկայացուցիչը ռոտացիայի սկզբունքը պահպանելը կարեւոր էր համարում հետեւյալ առումով. «ՔԽ-ում առկա տարբեր քաղաքական կազմակերպությունների՝ նրանց սկզբունքների ու ծրագրերի միջեւ հակասությունները մեղմացնող եւ դրական լուծումներին նպաստող հանգամանքը ռոտացիան է. սկզբունք, որ ընդունված է նաեւ միջազգային կազմակերպությունների գործելաձեւում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում»։

Ահա այս ամենը հաշվի առնելով էլ ԻՄ դիվանը (խորհրդարանը) որոշել էր. «ՔԽ-ի գործունեությունը կարգավորելու եւ լարվածության հետագա սրումներից խուսափելու համար ճիշտ սկզբունքը ռոտացիան է։ Եվ եթե չընդունվի այն, պիտի վերանայվի վերաբերմունքը ՔԽ-ի նկատմամբ»։ Ավելի ստույգ՝ թե ինչ է ենթադրում «վերաբերմունքը վերանայել» արտահայտությունը, պարզ կդառնա մոտ օրերս, երբ ԻՄ դիվանը (ըստ ամենայնի՝ արտահերթ նիստում) եւ Պարույր Հայրիկյանը կքննարկեն այս հարցը եւ վերջնական որոշումը կներկայացնեն Քաղաքական խորհրդին։ Իսկ առայժմ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց. «Եթե ՔԽ-ը չվերանայի այդ որոշումը՝ ԱԻՄ-ը դուրս կգա խորհրդից, որպեսզի ապագայում ստիպված չլինենք որեւէ բացասական դեր ստանձնել ՔԽ-ի գործունեության առնչությամբ։ Եթե կազմակերպական հարցերում համաձայնության չենք կարողանում գալ, ապա սկզբունքային քաղաքական հարցերում՝ առավել եւս։ Ուստի հետագայում կկորչեն խորհրդի դերն ու նշանակությունը»։ Շրջանը կարծես փակվում է։

ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը պատմել էր, որ առանձին կազմակերպություններ ԻՄ-ի վերջնական որոշումից հետո հարցը վերանայելու պատրաստակամություն են հայտնել։ Այսինքն՝ պարզ ասած, եթե իսկապես ԻՄ-ը ՔԽ-ից դուրս գա՝ այս որոշումը չեղյալ կհամարվի։ Մինչդեռ ԻՄ-ը հակառակն է ցանկանում. «Խնդիրը սկզբունքորեն լուծվելու դեպքում մենք կմասնակցենք ՔԽ-ի հետագա աշխատանքներին»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։ Եվ ըստ ամենայնի, հենց այդպես էլ կլինի։ Այլապես գործադիր քարտուղարի վերընտրության իրավունքի պահպանման համար բավական բարձր գին է վճարվելու։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031