Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբեր 23,1998 00:00
SHahen Xachatryan

Պիտի պատնեշվի՞ մեր թանգարանների միջազգային ճանաչման ուղին

Օրերս Համբուրգի արվեստի թանգարանում բացվեց «Շագալ, Կանդինսկի, Մալեւիչ եւ ռուսական ավանգարդ» ծավալուն ցուցահանդեսը։ Մշակութային այդ նշանակալից միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահից ուղարկված Վ. Կանդինսկու «Արեւելյան սյուիտ» նկարը։ Ցուցահանդեսի բացմանը հրավիրվել էին ռուսական ութ թանգարանների տնօրեններ։ Հրավիրյալների թվում էր նաեւ մեր Պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանը։ Ստորեւ՝ նրա պատմածը։

-Ցուցահանդեսն ընկալեցի իբրեւ արվեստի տոն։ Ապրում, շնչում էի նրա ոգեւորիչ մթնոլորտը։ Ռուսական քաղաքների թանգարաններից այստեղ էր բերվել Շագալի, Ֆիլոնովի, Գոնչարովայի, Կանդինսկու, Լարիոնովի, Լենտուլովի, Մալեւիչի, Մաշկովի, Ռոդչենկոյի, Ռոզանովայի եւ ուրիշների հարյուրից ավելի աշխատանքներ։ Հրատարակվել էր շքեղ կատալոգ-գիրք, աֆիշներ, բացիկներ, հեռուստատեսային ֆիլմ-տեսաերիզներ։ Երեւակայությանս մեջ պատկերվում էր մեր արվեստին նվիրված նման մի ցուցահանդես, կազմակերպված բարձր մակարդակով, բարձր հովանավորությամբ։ Չէ՞ որ մեր ժողովուրդը ծնել ու ծնում է գույնով բանաստեղծող հրաշալի տաղանդներ, որոնց աշխատանքները կարող են շողշողալ աշխարհի որեւէ բարձրանուն ցուցասրահում։

Մեկ անգամ էլ համոզվեցի, որ ազգային արվեստի մասսայականացումը պահանջում է պետական, հեռատես քաղաքականություն։ Հիշողությանս մեջ անմոռաց կմնան ցուցահանդեսի երեք անգամ կրկնվող հանդիսավոր վերնիսաժները, ժողովրդի հետաքրքրությունը, մամուլի մարդկանց ինձ հետ ունեցած հարցազրույցները, որոնք, ի դեպ, տպագրվեցին մի շարք թերթերում։ Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Դյոմինը իր ելույթում շեշտեց. «Հայաստանը այսօր անկախ հանրապետություն է, բայց սիրով գործակցում է մեզ հետ։ Եվ մենք մշտապես շնորհակալությամբ ենք հիշելու հայ ժողովրդի՝ մեզ պարգեւած վրձնի վարպետներին, հատկապես Մարտիրոս Սարյանին, մի նկարիչ, որի տեղը ռուսական ավանգարդի ակունքներում է։ Նրա բացակայությունն այս ցուցահանդեսում զգալի է»։

Համբուրգի մշակույթի նախարարը նշեց, որ Սարյանին լավ են ճանաչում Գերմանիայում։ Չենք մոռանում Դարմշտադտի նրա ցուցահանդեսը եւ մենք ծրագրում ենք մեզ մոտ կազմակերպել նոր ցուցահանդես։ Հնչեղ, կենսահորդ գույների այդ վարպետի մասին Գերմանիայում դեռ 1912-ին գրել է Վ. Կանդինսկին։ Չորսօրյա հանդիսություններն իրոք մեծ ներշնչում պարգեւեցին ինձ։ Հավատում էի, որ տարեցտարի մոտենում է մեր կերպարվեստի ինքնությունը, նրա ազգային դեմքը հյուսած վրձնի մեր վարպետների միջազգային լայն ճանաչման ժամանակը։ Մոսկովյան մեկ օրս հատկացրի այցելելով 90-ամյա Մարիամ Ասլամազյանին։ Ընտրեցինք քսան աշխատանք նրա ստեղծագործության բոլոր շրջաններից, որոնց համար անվանի նկարչուհին ընծայագիր պատրաստեց հայրենիք՝ մեր պատկերասրահին, ուղարկելու համար։ Երեւանում ուրախությունս փոխվեց տխրության։ Ֆինլանդիայից արդեն Երեւան էին վերադարձել Ռեպինի երեք նկարները։ Սակայն մեր մաքսատունը արգելել է բացել արկղը։ Մաքսատան ձեւակերպումների համար պահանջվում է վճարել ուղարկված նկարների ապահովագրության գնի 0,3 տոկոսը։

Թանգարանային աշխատողներս միշտ շնորհակալ ենք եղել Արարատյան տարածաշրջանի մաքսատան վարիչներին եւ տեսուչներին, որոնք բարեխղճորեն կատարել են ցուցանմուշների ժամանակավոր արտահանման եւ ներմուծման ձեւակերպումները։ Վերջերս փոխվել է կանոնակարգը եւ հիմա պահանջ է դրվում նույն՝ 0,3 տոկոսի չափով վճարում կատարել ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման համար։ Հիշեմ այստեղ, որ Ռուսաստանի մաքսային վարչության օրինակարգով 0,3 տոկոսը չի վերաբերում թանգարաններից ժամանակավոր արտահանվող պետական սեփականություն հանդիսացող ցուցանմուշներին։ Այդ մասին եղել է հատուկ՝ 01-12/1026, առ 13.12.1993 թ. հրամանը։

Ռեպինի նկարները դեռ արկղում են, կնքված։ Թանգարանային օրենքով անթույլատրելի է գեղարվեստական գործերը մութ տեղում պահելը։ Շուտով վերադառնալու է Կանդինսկու նկարը, որի ապահովագրության գինը մեր խնդրանքով կրկնապատկվել է, դարձել մեկուկես միլիոն դոլար։ Բայց չֆինանսավորվող պատկերասրահը որտեղի՞ց հայթայթի նշված գնի 0,3 տոկոսը, այսինքն՝ շուրջ հինգ հազար դոլար, իր իսկ նկարի ներմուծումը ձեւակերպելու համար։ Ինչպե՞ս պիտի Երեւան բերենք Մ. Ասլամազյանի ու այլ արվեստագետների նվիրաբերած գործերը։ Պատնեշվելո՞ւ է արդյոք մեր թանգարանների հարստացման, միջազգային ճանաչման, մեր մշակույթի երազանքի իրականացման ուղին։ Հարցի լուծումը պահանջում է կառավարական շուտափույթ որոշում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031