Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթի ձայնը՝ ձայն բարբառո հանապատի՞

Հոկտեմբեր 23,1998 00:00
harc

Զրույց հանրապետության վաստակավոր լրագրող Բորիս Մկրտչյանի հետ

-Բորիս, շուրջ կես դար դու լրագրության բնագավառում ես աշխատում, որից տասնհինգը երկրի լավագույն թերթի՝ «Իզվեստիայի»՝ Հայաստանի թղթակիցը, այնուհետեւ տասնյոթ տարի նախկին Կոմկուսի կենտկոմի գաղափարական գլխավոր օրգան՝ «Կոմունիստի» խմբագիրն ես եղել։ Հետադարձ հայացք գցելով կյանքի անցած ճանապարհին, ոչ մի բանի համար չե՞ս զղջում։

-Ես զղջալու առիթ չունեմ, կարող էի զղջալ միայն այն դեպքում, եթե գիտակցորեն ծառայեի չարիքին։ Բարձրագոչ բառեր չեմ սիրում, բայց մշտապես նրանց հետ եմ եղել, ովքեր ստեղծում էին եւ ոչ թե՝ քանդում, այդ պատճառով էլ չեմ հրաժարվում գրածս ոչ մի տողից։ Նույնիսկ հիմա, երբ այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում, բողոքի զգացում է առաջացնում, ես ձգտում եմ օգտակար լինել։ Հիշեք թերեւս իմ վերջին հրապարակումները «Գոլոս Արմենիի» թերթում։ Ես չեմ սիրում չարախոսել, անկեղծորեն օգնել եմ ցանկանում։ Բայց, ինչպե՞ս վարվել, երբ քեզ չեն լսում կամ չեն ցանկանում լսել։

-Ցավալի՞ է։

-Լրագրողը, ինչպես նաեւ մեկ այլ մասնագիտության տեր մարդը, պետք է իր աշխատանքի արդյունքը տեսնի։ Եթե արդյունք չկա, ուրեմն նրա ձայնը հնչել է իբրեւ ձայն բարբառո հանապատի… Ի դեպ, դա երբեք էլ չի վարկաբեկում լրագրողին, այլ վարկաբեկում է իշխանությանը, որը լսում եւ տեսնում է միայն այն, ինչը ցանկանում է տեսնել ու լսել։

-Ըստ իս, դու եւս մի «չզղջալու» ոչ պակաս պատճառ ունես. «Կոմունիստում», որին դու աշխատանքային կյանքիդ մեծ մասն ես տվել, կոփվել են լրագրողական լավագույն կադրերը՝ Ֆլորա Նախշքարյանը («Գոլոս Արմենիի»-ի գլխավոր խմբ.), Շամիրամ Աղաբեկյանը («Ռեսպուբլիկա Արմենիա»-ի գլխ. խմբ.), Ռուբեն Սաթյանը («Նովոյե վրեմյա»-ի գլխ. խմբ.), Նարեկ Մեսրոպյանը, Վալերի Այդինյանը, Վիգեն Սարգսյանը, Վալերիա Զախարյանը, Մարինա Գրիգորյանը… Բայց վերադառնանք մեր զրույցին։ Հանրապետությունում առ այսօր 7 հազար ձեռնարկություն է սեփականաշնորհվել։ Մեզ մոտ սեփականաշնորհումը թալանչիական էր, ինչպես Ռուսաստանում, իսկ մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է (տես «ՌԱ», ս/թ. հոկտեմբերի 7), որ. «Բոլոր 7 հազար ձեռնարկությունները… սեփականաշնորհվել են առանց օրենքի խախտման եւ այդ պատճառով էլ դժվար է ինչ-որ բանում մեղադրել»։

-Համարյա երկու տարվա ընթացքում մեր պաշտոնական թերթերը տպագրում էին ստալինյան բռնարարքների զոհերի ցուցակները։ Եվ դա պետք էր։ Ժողովուրդը պետք է գիտենա ամենադառը ճշմարտությունը եւ իշխանությունները ժողովրդից ոչ մի գաղտնիք չպետք է պահեն։ Առավել եւս, եթե նրանց գործունեություններում, ինչպես նախագահն է ասում՝ «օրենքի խախտում չկա»։ Սակայն ինձ թվում է, որ այնքան էլ այդպես չէ։ Ավելին, գրեթե համոզված եմ, որ սեփականաշնորհման ժամանակ ծանրագույն հանցագործություններ են կատարվել։ Երեւանի գինու կոմբինատը վաճառվել է մեկ՝ երեք սենյականոց բնակարանի գնով։ Վարդենիսի գլխավոր պանրագործարանը՝ 60-70 վաուչերով։ Մի՞թե դա հանցագործություն չէ։ Իսկ հանուն ինչի՞ էր այդ ամենն արվում։ Միայն հանուն նրա, որպեսզի ցանկացած գնով բուրժուաների քրեական արտոնյալ դասին՝ ներկայիս իշխանության հենարանին հարստացնեն։ Եթե սեփականաշնորհման գործերը այդքան մաքուր են, այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակվում սեփականացված բոլոր օբյեկտների ցուցակները՝ նշելով վաճառքի գները։ Չէ՞ որ դրանից հեշտ բան չկա. բայց մեր նոր իշխանությունները կգնա՞ն դրան։ Դժվար թե։ ՀՀՇ-ականները քամի ցանեցին եւ փոթորիկ հնձեցին, որը կործանեց մեր տնտեսությունը։ Իսկ ինչ-որ մեկն ասում է, որ պետք չէ «նավակը թափ տալ»։ Վերջապես Ռուսաստանի կառավարությունը խելքի եկավ, եւ Պրիմակովը հարց է բարձրացնում ազգայնացնել այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվել են քրեական ճանապարհով։ Մեր կառավարությունը եւս կարող է հետեւել Ռուսաստանի օրինակին։ Կարծում եմ, որ ՄԱՀ-ը թույլ չի տա… Սեփականաշնորհված ձեռնարկությունների ցուցակները չեն հրապարակվի, չեն նշվի այն անձանց անունները, ովքեր չնչին գումարով ձեռք են գցել ժողովրդական բարիքը։ Վերեւում մենք այնպիսի մարդ չունենք, որը ցանկանա հրապարակել պատմությունն առ այն, թե ինչպես էր թալանվում Հայաստանը, ում թույլտվությամբ եւ հովանավորությամբ, որտեղից հայտնվեցին միլիոնատերերը, ով եւ ինչ միջոցներով է պալատներ, դղյակներ կառուցում, Կանարյան կղզիներում հանգստանում եւ թանկարժեք ավտոմեքենաների տիրանում։

-Բորիս, կարո՞ղ եմ, արդյոք, քո խոսքերից հետեւյալ եզրակացությունն անել. գրես-չգրես, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։

-Ոչ, չի կարելի նման եզրակացություն անել։ Ի վերջո, թերթերը իշխանությունների համար չեն հրատարակվում, այլ՝ ժողովրդի։ Վատ է, անշուշտ, երբ նախագահն ու նրա նախարարները թերթ չեն կարդում, ավելի վատ, երբ կարդում են ու… լռում։ Ժողովուրդը հանկարծ թերթերից իմացավ, որ մեկը գնաց, մյուսը եկավ, բայց շոշափելի ոչինչ չփոխվեց։

-Ո՞ր թերթերից տեղեկացավ։

-Անկախ։

– Մեզ մոտ կա՞ն այդպիսի թերթեր։

-Կան, «Գոլոս Արմենիին», «Առավոտը», «Նովոյե վրեմյան»… Այդ թերթերն իրենց բավականին անկախ են պահում, իրենց դեմքն ունեն, իրենց լրագրական ձեռագիրը, մեր իրականության սեփական դիտարկումը։

-Կարելի՞ է ասել, որ մամուլը հասարակական կարծիք է ձեւավորում, երբ հանրապետությունում լույս ընծայվող բոլոր թերթերի տպաքանակն ընդամենը 40-50 հազար օրինակի է հասնում։

-«Կոմունիստ» թերթը, որը ես խմբագրել եմ երկար տարիներ, 75 հազար տպաքանակով էր լույս տեսնում։ Այսօր միայն երազել կարելի է դա։ Լավագույն թերթերի համար հինգից հինգեւկես հազարը գագաթնակետն է։ Թերթը թանկ հաճույք է դարձել, շատ տարածաշրջաններ պարզապես չի հասնում։

-Բորիս, կարո՞ղ ես ասել, թե ինչի համար են բոլոր մամլո քարտուղարները, որոնք անձրեւից հետո աճած սնկերի պես բազմանում են…

-Նախկինում նման ծառայություններ չկային, եւ դժվար բան չէր առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ։ Որպեսզի կապվեի պետության առաջին դեմքերի՝ Կենտկոմի առաջին քարտուղարի հետ, պետք է միայն հավաքեի 6-62 հեռախոսահամարը։ Լսափողը վերցնում էին Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը։ Այսօր դա հնարավոր չէ։ Իմ կարծիքով, մամլո ծառայությունները մի տեսակ ցանկապատեր են, պատնեշներ, որոնք կոչված են անջրպետելու անհասանելի անձանց հասարակ մահկանացուներից՝ լրագրողներից։

-Այնուհանդերձ, կա՞, թե՞ չկա ժողովրդավարություն…

-Եթե կա էլ, ապա միայն հարուստների համար։ Քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել… Իսկ մեր երկիրը չքավոր չէ, այլ՝ աղքատ է… Մենք չունենք մի համակարգ, որը ժողովրդին իշխանության հետ կապի։ Այն լրիվ քայքայվել է։

ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031