Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են նախկիններին գնահատում ՔԽ-ի անդամները

Հոկտեմբեր 23,1998 00:00
Aleqsandr Agamalyan

 «Առավոտի» կարծիքով, այս փաստաթղթերն, այնուամենայնիվ, հրապարակման արժանի են։ Գուցե հանրության դատին հանձնվելով եւ քննարկման առարկա դառնալով դրանք որակական մի նոր աստիճանի բարձրացվեն, առաջարկների միջոցով առավել հղկվեն։

«Ընդամենը աշխատանքային նախագիծ է։ Եվ չէինք ցանկանա, որ այն մամուլի զննման առարկա դառնա»,- ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը «Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականի» ՔԽ-ին ներկայացված իրենց նախագծի առնչությամբ ճեպազրույցում ասաց, որ այս տարբերակի վրա դեռ պիտի աշխատեն։

Ինքնորոշում միավորումը նախագիծ չի ներկայացրել։ Ռուբեն Վարդանյանի տեսակետով՝ նախ պիտի սկզբունքները ճշտվեին եւ ելակետները պարզ դառնային, որ մասնավորապես տարաձայնությունները քիչ լինեին։

Դեմկուսը դեռ իր տարբերակը չի ներկայացրել, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց նախագծի միայն 6 էջը նախորդների տնտեսական քաղաքականության վերլուծությունն է։ Մինչդեռ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունն արդեն իսկ ՔԽ-ում այս քննարկումների վերաբերյալ հայտարարություն է արել։

Եվ վերջապես, շատ հետաքրքիր է, որ նախագիծ է ներկայացրել նաեւ ՀՌԱԿ-ը, որ նախագահական երկու ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին է պաշտպանել։ Ցավոք, նրանց նախագիծը դեռ չունենք։

«Նախկին» իշխանությունների գնահատականը

Նախ բացահայտենք, թե ի՞նչ է նշանակում «նախկին իշխանությունների» գնահատական։ Ակնհայտ է, որ այդպիսի գնահատական տալիս են, երբ հեղափոխության կամ պալատական հեղաշրջման հետեւանքով փոխվում է իշխանություն, երբ ազգային-ազատագրական պայքարի հետեւանքով որեւէ ցեղախումբ նվաճում է իշխանություն, երբ պատերազմի հետեւանքով բռնազավթվում է իշխանություն։ Նմանատիպ գնահատականների կարիք դեմոկրատական կամ դեմոկրատիայի ճանապարհը բռնած երկրներում չկա, քանի որ սույն պայմաններում իշխանությունը փոխվում է քաղաքական ժառանգականության սկզբունքով, այսինքն՝ չի փոխվում հասարակական կարգը կամ ազգային-պետական կառուցվածքը։ Եթե հեղափոխությունից եւ ազգային-ազատագրական արդարացի պատերազմից հետո գնահատական տվող նոր իշխանությունը լեգիտիմ է (ընդունված է ժողովրդի մեծամասնության կողմից), ապա հեղաշրջման հետեւանքով իշխանությանը բռնի տիրացած խումբը լեգիտիմ չէ եւ գնահատականներ տալով փորձում է արդարացնել սեփական գոյությունն ու գործելակերպը։ Ավելին՝ հեղաշրջման միջոցով իշխանությունը զավթածների մեծ մասը «նախկին» իշխանավորներն են, իսկ մյուսը՝ պաշտոնների ձգտող ընդդիմադիրները։ Այս է ապացուցում համաշխարհային պրակտիկան։

«Շամիրամ» հասարակական- քաղաքական կազմակերպություն

ՀՀ նախորդ իշխանության գործունեության քաղաքական գնահատականը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, գալով իշխանության, ՀՀՇ-ական իշխանությունը ընտրեց բոլոր ասպարեզներում բարեփոխումների միաժամանակյա արագացված ընթացք՝ հանրապետության պետական եւ քաղաքական կառուցվածքի, հողի, շինությունների եւ ձեռնարկությունների սեփականաշնորհման, հարաբերությունների ազատականացման եւ այլն։ Իշխանությունները, մի կողմից ունենալով բարդ խնդիրներ՝ շրջափակում, երկրաշարժից ավերված շրջաններ, սպառման շուկաների կորուստ, եւ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ, չընդգրկելով այդ աշխատանքներում առկա բազմափորձ կադրերը, համալրելով իր շարքերը պատահական, կասկածելի կենսագրությամբ, անհայտ կրթությամբ, անձնական շահ հետապնդող մարդկանցով, բախտախնդիրներով եւ քաղաքական արկածախնդիրներով, կորցնելով բազմաթիվ ազնիվ անդամներին, իսկ մյուս կողմից ստանալով ՀՀ-ում ստեղծված բազմամիլիարդ նյութական արժեքները, սեփականաշնորհման քողի տակ, անպատիժ թալանելու հնարավորություն, նրանք, անսահման հարստանալու նպատակով հռչակված ժողովրդականի փոխարեն ստեղծեցին ավտորիտար համակարգ։

Բարձրաստիճան այրերը պետությունը բաժանեցին ազդեցության ոլորտների, որտեղ ՀՀ նախագահը իրականացնում էր նրանց ընդհանուր շահերից բխող քաղաքականություն։ Արդյունքում քանդվեց ու թալանվեց հանրապետության հզոր արդյունաբերությունը, զարգացած գյուղատնտեսությունը, առաջավոր գիտությունը, կրթական եւ առողջապահական համակարգերը, մշակույթը։ Անգործության, ցածր աշխատավարձի եւ թոշակի, իշխանությունների կողմից կազմակերպված 1993-1994 թթ. էներգետիկ ճգնաժամի եւ բնակչության ավանդների ալան-թալանի պատճառներով հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Շուրջ 800 մլն դոլարի օտարերկրյա վարկերի զգալի մասը իշխանության այրերի կողմից թալանվել եւ օգտագործվել են ոչ նպատակային։ Ամենացավալին՝ այս խրախուսվող մոլուցքը տարբեր չափերով թափանցելով հասարակության մեջ, դարձավ գրեթե համատարած։ Ստեղծվեց անօրինականության, անպատժելիության եւ անբարոյականության մթնոլորտ, որտեղ վեհ ազգային գաղափարներն ի չիք են դառնում։

Սկզբում Հայրենական մեծ պատերազմը, հետո նաեւ հայ ժողովրդի Արցախի հերոսական, հաղթական պայքարը, հայտարարվեցին օտար։ Մեր ազատության համար պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների մեծ մասը գտնվում են ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում, այն դեպքում, երբ իշխանավորները եւ գեներալները շքեղ դղյակներ են կառուցում։ Այս ամենը մենք գնահատում ենք որպես ՀՀՇ-ական ղեկավարության կողմից իրականացվող ծանր ոճրագործություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Նման ոճրագործությունը հայ ազգի նկատմամբ ապագայում բացառելու համար անհրաժեշտ է կատարվածները բացահայտել, օրենքով խիստ պատժել կազմակերպիչներին եւ իրագործողներին։ Հակառակ դեպքում չի իրականանա ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու հայ ժողովրդի հազարամյա երազանքը։

ԳիԱրՔՄի-ի քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031