Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ-Ի ՀԱՄԱՐ «ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ» ԱՄՍՎԱ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Հոկտեմբեր 23,1998 00:00
Hrant Xachatryan

Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի եւ ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հանձնախմբի պատասխանատու, ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի երեկվա ճեպազրույցի ավարտին միայն «Առավոտը» բացահայտեց այն, ինչի մասին նախապես ՔԽ-ի պատասխանատուները նախընտրել էին լռել։ Այն է՝ ԻՄ ներկայացուցիչը հայտարարել էր ՔԽ-ի նկատմամբ վերաբերմունքը առաջիկա մեկ շաբաթում ճշտելու մասին։

Նախկինների ոչ կոնվենցիոնալ գնահատական

Երեկվա նիստում նախ որոշվել է նախորդ տարիների քաղաքական գնահատականի քննարկումների կազմակերպական ձեւը. «Երկարատեւ քննարկման արդյունքում մենք որոշեցինք ի գիտություն ընդունել այսօրվա քննարկումները,- այս խիստ ուշագրավ արդյունքի մասին հայտնեց պրն Խաչատրյանը։- Ճշտեցինք ապագա փաստաթղթի նախնական վերնագիրը։ Այն հնչում է այսպես՝ «Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատական»։

«Ազգը» երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, որ «նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու խնդիր ինքը չունի»։ Այսինքն՝ ՔԽ-ը նրան պիտի պարտադրի՞ այդ ուղեգծի գնահատականը։ Եվ, այնուամենայնիվ, եթե հաջողեն, ձեւի առումով ինչպե՞ս են այն պատկերացնում՝ հրամանագի՞ր, նախագահի ելո՞ւյթ, թե՞ ինչ։ «Առավոտի» այս հարցերին ի պատասխան Հրանտ Խաչատրյանը պարզաբանեց, որ «Ազգի» թղթակցության այդ հատվածը գրվել է իր խոսքերի հիման վրա։ Եվ իրականությունը հետեւյալն է. «Միասնություն եւ արդարություն» համագործակցության հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «ինքն իր նախընտրական եւ հետընտրական ելույթներում հանրապետության կյանքի առանձին ոլորտների վերաբերյալ արդեն տվել է իր գնահատականները եւ դրանք համարում է քաղաքական գնահատականներ։ Ինքը դեռեւս չի պատկերացնում մեկ փաստաթղթի կամ ելույթի տեսքով քաղաքական գնահատական։ Այնպիսին, որն ընդունելի կլիներ ե՛ւ կուսակցությունների, ե՛ւ ժողովրդի կողմից»։

Ռոբերտ Քոչարյանը նախընտրում է նախ ՔԽ-ի առաջարկներին ծանոթանալ։ Ալեքսանդր Աղամալյանը որպես այդ հանդիպման մասնակից՝ վկայեց, թե նախագահը կարեւորել է, «որ այդ գնահատականը համալիր ձեւով պետք է տրվի։ Եվ նաեւ կարեւորեց, որ այդ աշխատանքը ՔԽ-ը պիտի կատարի»։ Իսկ Հրանտ Խաչատրյանն էլ խոստացավ, որ իրենք ՔԽ-ում ընդգրկված կուսակցությունների հնարավորինս ընդհանրացված գնահատականները պարունակող փաստաթուղթ են ընդունելու։շ

Գործադիր քարտուղարի պաշտոնակռիվ

Հրանտ Խաչատրյանը սկզբում առանց մանրամասնելու խոստովանեց, որ վեճ է ծագել ռոտացիա կիրառելու կամ այս պաշտոնում վերընտրվելու իրավունքի սկզբունքների ընտրության առումով։ Ի վերջո, երկար քննարկումից հետո նախընտրել են դեռ առաջին նիստին որոշած սկզբունքը պաշտպանել, որ վերոնշյալ երկու սկզբունքների համադրումն է։ Ավելի ուշ պրն Խաչատրյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ԻՄ ներկայացուցիչը դժգոհել է այս որոշումից եւ Քաղաքական խորհրդում մնալու հետագա նպատակահարմարության հարցը քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ հայտարարություն արել։

Դասական ռոտացիայի սկզբունքը վերընտրվելու իրավունք չի ենթադրում, «բայց բնության մեջ կարող են նաեւ ոչ դասական դրսեւորումներ լինել»,- հակադարձեց պրն Խաչատրյանը։ Ալեքսանդր Աղամալյանը դարձյալ վկայեց, որ ՔԽ-ի մեծամասնությունը ռոտացիայի սկզբունքը միանշանակ կիրառելուն դեմ էր։ Նաեւ իր անձնական տպավորությունը հայտնեց. «Դժվար թե դա ծանրակշիռ դիրքորոշում լիներ։ Միգուցե դա բանավեճից ելնելով էր ասված»։

Մի մանրամասն. Հրանտ Խաչատրյանը պատմեց, որ որոշ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել ԻՄ-ի վերջնական որոշումից հետո վերանայել այս հարցը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» երեկվա համարում նշել էինք, որ ՔԽ-ում «Ազգային համաձայնության հռչակագրի» նախագիծ է պատրաստվում։ Հրանտ Խաչատրյանը հարկ համարեց ճշտել, որ քննարկումներ դեռ չեն սկսվել. «Ուղղակի այդպիսի տրամադրություններ կան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031