Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկրապահ»-նախագահ

Հոկտեմբեր 23,1998 00:00
Smbat Ayvazyan

Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամների հետ։ Դրանից հետո մանրամասներ ստանալու նպատակով դիմեցինք «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանին, որը տեղեկացրեց՝ հանդիպումը տեղի է ունեցել «Երկրապահի» քառակազմ պատվիրակության եւ նախագահի միջեւ։ Բացի Սմբատ Այվազյանից, մասնակցել են նաեւ Ալբերտ Բազեյանը, Անդրանիկ Մարգարյանը եւ Յուրի Բախշյանը։

-Խմբի ներկայացուցիչները նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկեցին տարբեր հարցեր։ Նախեւառաջ խոսվեց, թե ինչպես են կազմակերպվել աշխատանքներն Ազգային ժողովում։ Բացի այդ, արծարծվեցին մամուլի եւ լրատվության միջոցներին առնչվող խնդիրներ։ Եվ ընդհանրապես, անդրադարձանք հանրապետության ներքին կյանքի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրների։ Խոսք եղավ նաեւ 1999 թ. բյուջեի՝ Ազգային ժողովում կառավարության ներկայացնելու եւ դրա շուրջ ծավալվելիք քննարկումների մասին։

-Նախագահի մամլո գրասենյակի հաղորդման մեջ ասվում է, որ անդրադարձ է եղել ընտրական օրենսգրքին։ Ի՞նչ եք որոշել։

-Հիմնականում խոսել ենք համամասնական եւ մեծամասնական մանդատների հարաբերակցության մասին։ Միարժեքորեն համաձայնություն ձեռք բերվեց «Երկրապահի» կողմից առաջարկված 60% մեծամասնական եւ 40% համամասնական սկզբունքի վերաբերյալ։ Նախագահն էլ է այն կարծիքին, որ քաղաքական զարգացման այս փուլում, կուսակցությունների կայացածության այս մակարդակում, 60-40 հարաբերակցությունը հօգուտ մեծամասնականի՝ միանգամայն ճիշտ է։

-Ասացիք, որ զրուցել եք նաեւ մամուլի հետ աշխատանքի կազմակերպման մասին…

-Առաջին հերթին քննության առնվեցին պետական հեռուստատեսությանն առնչվող խնդիրներ։ Փորձելու ենք ավելի սերտորեն աշխատել այդ հաստատության հետ, որպեսզի խուսափենք թյուրիմացություններից։ Մեր դիրքորոշումը միարժեք է. պետպատվերի շրջանակում գործող ծրագրերը զուտ պետությունը ներկայացնող հաղորդումներ են։ Նրանք, ունենալով ստեղծագործական լիարժեք ազատություն, միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ գործ ունեն պետական ինստիտուտների հետ, այսինքն, ամբողջ պետությանն են ներկայացնում։ Նրանք իրավունք չունեն որեւէ պատգամավորի խոսքն այնպես ներկայացնել, թե դա ամբողջ պետական կառույցի դեմքն է։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031