Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ

Հոկտեմբեր 23,1998 00:00
sahmanadrutyun

Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի երեկվա նիստում իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանն ապարդյուն հույս հայտնեց, որ այս նիստում վերջապես կլուծվեն Սահմանադրության 3-րդ գլխին առնչվող խնդիրները։

Նախագահին վերաբերող այս 13 հոդվածանոց գլխին հանձնաժողովն արդեն 3 լիագումար նիստ էր նվիրել եւ աշխատանքային խմբի բազմաթիվ քննարկումներ։ Սակայն սա էլ վերջը չէր։ Երեկ առաջինը քննարկված Սահմանադրության 54-րդ հոդվածն էր միայն, որ քվեարկությամբ ընդունվեց։ Ըստ այդմ, նախագահը կարող է իր հրամանագրով կասեցնել, չեղյալ համարել կամ ուժը կորցրած ճանաչել կառավարության որոշումները։ Իսկ արդեն հաջորդ՝ արտակարգ իրավիճակներին վերաբերող 55-րդ հոդվածը շուրջ մեկժամանոց քննարկումների առիթ դարձավ։

Առաջարկված տարբերակը հետեւյալն էր. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում նախագահն իրականացնում է իրավիճակից թելադրվող՝ օրենքով սահմանված միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով տեղեկացնում է ժողովրդին»։ «Երկրաշարժն էլ է արտակարգ իրավիճակ, բայց սահմանադրական կարգին չի սպառնում»,- սա «Շամիրամի» ներկայացուցիչ Անժելա Բակունցի փաստարկն էր։

Ի պատասխան Արմեն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հակառակն ապացուցել։ Կարինե Դանիելյանին մտահոգում էր, թե արդյոք նախագահը միանձնյա՞ պետք է որոշի այդ վտանգի առկայությունը։ Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ նա պիտի խորհրդակցի Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ։

Բայց այս հանձնաժողովի մեկ այլ կին ներկայացուցիչ՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հակադարձեց. «Մեր Սահմանադրության գլխավոր թերությունն այն է, որ իրավաբանական հետեւանքներ նախատեսված չեն՝ այդ պատճառով եմ ես փոփոխությունների կողմնակից։ Ահա այս դեպքում էլ խորհրդակցելը պարտավորեցնող նորմ չէ»։

Այլ տարբերակներ նույնպես հնչեցին, թե առանց որեւէ հետեւանքներ ենթադրելու՝ էլ ում հետ կարող էր խորհրդակցել նախագահը։ «Ասենք՝ իր զոքանչի»,- կատակեց Ռուբեն Հակոբյանը։ Հենց տառապանքով փորձություն ձեռք բերած Դաշնակցության ներկայացուցչի առաջարկն էլ պատճառ դարձավ, որ այս հարցը բաց մնար։ Ռուբեն Հակոբյանն առաջարկ էր ներկայացրել, ըստ որի սուբյեկտիվ մոտեցումը բացառելու եւ հակակշիռներ ապահովելու համար այս հարցը պիտի ԱԺ նիստում որոշվի՝ ինչպես ռազմական դրության դեպքում է։

Արդարադատության փոխնախարար Մանուկ Թոփուզյանին մտահոգեց ԱԺ-ի կողմից քաղաքական շահարկումների կամ անհապաղ միջոցառումները ձգձգելու հնարավորությունը։ Չնայած կիսում էր Ռուբեն Հակոբյանի մտահոգությունը։ Ինչեւէ։ Ե՛վ այս, ե՛ւ քննարկված մի շարք այլ հոդվածների քվեարկությունը կկայանա հաջորդ նիստում, որտեղ երեւի վերջին փորձը կարվի լուծել Սահմանադրության 3-րդ՝ այս ծանր գլխին առնչվող խնդիրները։

Ա. Ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031