Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 22,1998 00:00
Dmitri Martirosyan

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՐԲԵՐԻ

Սերբերի աշխարհաքաղաքական հեռանկարը միանշանակորեն ռուսամետ է եւ եվրասիական բնույթ ունի: Կրոնական եւ էթնիկական ընդհանրությամբ Սերբիան մերձեցած է Ռուսաստանին, լինելով նրա աշխարհաքաղաքական շարունակությունը եվրոպայի հարավում: Աշխարհաքաղաքական հարթության մեջ սերբերի եւ ռուսների ճակատագիրը նույնացած է եւ որպեսզի սերբերը կարողանան վերադառնալ Եվրոպայում իրենց առաքելության ակունքներին, նրանք պետք է հայացքն ուղղեն Ռուսաստանին եւ ըմբռնեն ռուսական աշխարհաքաղաքականության իմաստն ու նպատակները: Ընդ որում, պարզունակ եւ ներկա պարագայում արդեն արհեստական համասլավոնականությունը չէ, որ պետք է ուղղորդի սերբերին:

Համասլավոնականության գործնական սնանկությունը հրաշալի կերպով ներկայացրել է ռուս փիլիսոփա Կոնստանտին Լեոնտեւը: Սերբերի իրական աշխարհաքաղաքական ուղեցույց աստղը պետք է լինի, ռուսական առանցքով Մեծ Եվրասիայի, էյկումենալ-մայրցամաքային նեոբյուզանդականության գաղափարը: Միայն այս դեպքում է, որ սերբական աշխարհաքաղաքական միտումը կվերադառնա իր արմատներին եւ կդադարի խամաճիկի դեր խաղալ ատլանտիստների ձեռքում, որոնք օգտագործում են սերբերին միայն Միջին Եվրոպայի եւ գերմանական աշխարհի դեմ պայքարելու համար: Եվրոպայի աշխարհաքաղաքականության պատմության մեջ կա մեկ միտում, որը կարող է օգնել հասկանալ, թե ի՞նչն է դրական Սերբիայի համար:

Այդ միտումը հետեւյալն է. Արեւելքի դաշինքը Միջին Եվրոպայի հետ ընդդեմ Արեւմուտքի, միշտ երկկողմանիորեն օգտավետ է, նույնքան, որքանեւ մայրցամաքային Արեւմուտքին (Ֆրանսիա) օգտավետ է դաշինքը Միջին Եվրոպայի հետ՝ ընդդեմ կղզիական ու անդրօվկիանոսյան Արեւմուտքի (անգլոսաքսոնական աշխարհի): Այլ կերպ ասած, հետեւողական հավատարմությունը Արեւելքին (Միջին Եվրոպան եւս Արեւելք է, համեմատած Ֆրանսիայի հետ), գործնականում շահավետ է ոչ միայն բուն Արեւելքի, այլեւ դաշինքի արեւմտյան մասնակցի համար: Եվ ընդհակառակը, արեւմտյան միտումով աշխարհաքաղաքական դաշինքները (երբ Ֆրանսիան դաշնակցած ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետ հանդես է գալիս ընդդեմ Գերմանիայի, կամ նույն Ֆրանսիան դաշնակցում է Գերմանիային ընդդեմ Ռուսաստանի), եվրոպական նորանոր հակամարտությունների անլուծելի հանգույցներ են ստեղծում:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, կարելի է ասել, որ սերբերի համար նպատակահարմար կլիներ հակվել աշխարհաքաղաքականության բուլղարական ավանդույթի, ուր ռուսամետությունը գրեթե միշտ զուգորդվում է գերմանամետությամբ, ինչը Հարավային Եվրոպայում քաղաքական կայունության եւ ներդաշնակության դաշտ է ստեղծում Հարավային Եվրոպայի տարածքում: Նման իրավիճակը կարող է Միջին Եվրոպայի համար ուղղակի ճանապարհ բացել դեպի մահմեդական հարավ, ինչը վերջապես վերջ կդնի ատլանտիստական Արեւմուտքի գերակայությանն այդ շրջանում: Ավելին, Սերբիան պետք է գիտակցի ժամանակին, այդ թվում նաեւ Խորհրդային Միության հետ Հարավսլավիայի հարաբերությունների լարվածության ժամանակ, Արեւմուտքի կողմից իրեն ցույց տրված աջակցության ողջ երկդիմի էությունը, որի գինը հստակ երեւում է մեր օրերում արեւմտյան երկրների նախաձեռնած հակասերբական պատժամիջոցներից:

Միայն սերբերի աշխարհաքաղաքական միավորումը արեւելաեվրոպական այլ ուղղափառ ժողովուրդների հետ (նախեւառաջ Բուլղարիայի), ռուսամետ, իսկ Միջին Եվրոպային բարեկամականորեն տրամադրված դաշինքի մեջ, բալկանյան գոտում կայունություն կլինի եւ գործածությունից վերջապես դուրս կգա, այդքան սովորական դարձած ու անպատվաբեր «բալկանիզացիա» տերմինը: Ինչպեսեւ խորվաթների պարագայում, սերբական ազգ-պետության գաղափարն այդ ժողովրդի առջեւ ծառացած հարցերը չի լուծելու, առավել եւս, եթե նման պետությունը ժառանգի մասոնների կողմից ստեղծված նախկին Հարավսլավիայի հակագերմանականությունն ու պարբերաբար արտահայտվող հակումը արեւմտամետությանը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ

Ալբանացիներն ու Բոսնիայի մահմեդականները ներկայացնում են իսլամական, «օսմանական» աշխարհաքաղաքական գործոնը Եվրոպայում: Կարեւոր է ընդգծել, որ Թուրքիան, որի ազդեցությունն առավել զգալի է Հարավսլավիայի մահմեդականների վրա, Եվրոպայում անկասկած ներկայացնում է ծայրահեղ արեւմտյան, ատլանտիստական միտումները: Եթե Արեւելքի (Ռուսաստան) եւ Միջին Եվրոպայի (Գերմանիա) պարագայում Արեւմուտքը միշտ չէ, որ կարողանում է վերջնականապես ճնշել նրանց ինքնուրույն աշխարհաքաղաքական դրսեւորումները եւ հաճախ բախվում է հակառակ էքսպանիայի հետ՝ ի դեմս եվրասիական ծավալման (ռուս-գերմանական դաշինքի միջոցով կամ Վարշավայի դաշինքի ստեղծմամբ), ապա կեղծ աշխարհիկ եւ կեղծ իսլամական Թուրքիան վստահելի գործիք է դարձել ատլանտիստ քաղաքական շրջանակների ձեռքին:

Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ իսլամական աշխարհի վրա ատլանտիստների ազդեցությունը չափազանց մեծ է: այդ իսկ պատճառով հարավսլավական մահմեդականների հակասերբ ելույթները նախանշում են շատ ավելի գլոբալ մայրցամաքային հակամարտություն Հյուսիսային Եվրասիայի (Ռուսաստանն ու նրա արեալը) եւ Հարավի Միջեւ: Ինքնին հասկանալի է, որ նման հակամարտությունը չի համապատասխանում բուն Հարավի շահերին, քանզի այս դեպքում նրանք պարզ միջոց են դառնում ատլանտիստների համար, նույնկերպ, ինչպես եվրասիական Արեւելքն է միջոց դառնում (ի դեմս սերբերի), երբ հանդես է գալիս ընդդեմ Միջին Եվրոպայի (ի դեմս Ավստրո-Հունգարիայի ու նրա ներկայացուցիչներ՝ խորվաթների):

Բոսնիայի մահմեդականների եւ ալբանացիների համար ավելի տրամաբանական կլիներ, եթե նրանք շրջվեին դեպի Իրան, քանզի ներկա դրությամբ այդ երկիրն աշխարհաքաղաքական ինքնուրույն գիծ է վարում, որն ուղղված է անկախության, ինքնիշխանության եւ մայրցամաքային ներդաշնակության պահպանմանը: Իրանը գործում է իր սեփական տրամաբանությամբ, հաշվի չնստելով տարածաշրջանում ատլանտիստների շահերի հետ: Կողմնորոշվելով դեպի Իրան, Բոսնիայի մահմեդականները կկարողանան աշխարհաքաղաքական անհրաժեշտ հեռանկար ձեռք բերել, քանզի արմատապես հակաարեւմտական, մայրցամաքային եւ ավանդապաշտական Իրանը, արեւելյան կողմնորոշում ունեցող բոլոր եվրոպական դաշինքների հնարավոր դաշնակիցն է, լինի դա Ռուսաստան-Եվրասիան, թե Միջին Եվրոպան: Ավելին, արեւելաեվրոպական Մեծ Տարածությունների կողմնորոշումը դեպի Իրան, կտրուկ կփոխեր իրավիճակը եւ կթուլացներ ամերիկյան ազդեցությունը ողջ իսլամական աշխարհում:

Իսկ դա ձեռնտու է ոչ միայն եվրոպացիներին, այլեւ կազատագրեր մահմեդական ժողովուրդներին անգլոսաքս ատլանտիստների տնտեսական ու ռազմական պարտադրանքից: Միայն վերը նշված կողմնորոշման դեպքում է, որ Հարավսլավիայի մահմեդականների աշխարհաքաղաքական ներկայությունը Եվրոպայում կլինի ներդաշնակ, տրամաբանական եւ հակամարտություններից զերծ: Պետք է նկատել, որ սույն խնդիրը կարող է բաղկացած լինել երեք փուլից: Առաջին փուլ. մահմեդականների վերակողմնորոշումը Թուրքիայից դեպի Իրան: Երկրորդ փուլ. աշխարհաքաղաքական դաշինքի ամրապնդում Միջին Եվրոպայի եւ Իրանի, ինչպես նաեւ ողջ իսլամական աշխարհի հետ: Եվ երրորդ փուլ. Արեւելքի եվրասիական միությունը Միջին Եվրոպայի հետ: Ընդ որում, նշված փուլերը կարող են ընթանալ զուգահեռ, յուրաքանչյուրն իր հարթության վրա: Այս դեպքում, անչափ կարեւոր է գիտակցել, որ բալկանյան փոքր ժողովրդի աշխարհաքաղաքական ճակատագիրը չի կարող լուծվել առանց նրա ճակատագրի լուրջ եւ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների: Երբեք չպետք է մոռանալ, որ մասշտաբներով ոչ մեծ, բայց խորհրդանշական նշանակությամբ հսկայական, լոկալ հակամարտություններից են սկսվում բոլոր համաշխարհային պատերազմները:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐԻ

Ժամանակակից Հարավսլավիայի մակեդոնյան խնդիրը խարսխված է նախկինում գոյություն ունեցող «Հարավսլավիայի» արհեստականության վրա, որը «հարավային սլավոնների պետություն» էր միայն անվանումով: Մակեդոնացիները, որոնք ուղղափառություն են դավանում եւ ըստ էության միջանկյալ էթնոս են սերբերի եւ բուլղարների միջեւ, պետք է որ իբրեւ բնական բաղկացուցիչ ընդգրկված լինեին իրական Հարավսլավիայի կազմում՝ Սերբիայի ու Բուլղարիայի անդամակցությամբ: Բայց Բալկաններում, յակոբինյան բնույթի երկու սլավոնական պետությունների գոյությունը, մեկ՝ ֆեդերատիվ, «կայսերական», եվրասիական կողմնորոշմամբ, սլավոնական պետության փոխարեն, հանգեցրեց այն բանին, որ փոքր մակեդոնական ժողովուրդը հայտնվել է երկու քաղաքական տարածաշրջանների արանքում, որոնք բավական տարբեր քաղաքական առանձնահատկություն ունեն:

Մեր օրերում իրադրությունը բարդանում է նաեւ այն պատճառով, որ Բուլղարիայում աճում է յակոբինյան ոճի ազգայնականությունը, ինչը արդեն մեկ անգամ չէ, որ միմյանց հետ ընդհարել է բալկանյան երկրներին եւ խոչընդոտել է միակ ճիշտ, նեոբյուզանդականության աշխարհաքաղաքականության կերտմանը: Ի սկզբանե, բալկանյան գործընթացներին միջամտել են ատլանտիստական լոբբիները (ինչպես կաթոլիկ, այնպես էլ անգլիական), որոնք, թեեւ ձեւափոխված, իրենց զգացնել են տալիս նաեւ ժամանակակից Բուլղարիայում: Ըստ էության, այս տարածաշրջանում, համեմատած դարասկզբի հետ, արեւմտյան երկրների տակտիկան չի փոխվել: Այն ժամանակ, քանդելով Ավստրո-Հունգարիան, Արեւմուտքը չհանդուրժեց խոշոր սլավոնական ընդհանրության ստեղծումը, խաղարկելով «բալկանյան ազգայնականության» խաղաքարտը՝ բուլղարական, սերբական, հունական, ռումինական եւ այլն:

Այսօր, Արեւմուտքի նույն ուժերը կրկին կրկնակի հարված են հասցնում՝ Միջին Եվրոպային եւ հարավսլավական միասնականությանը միաժամանակ, բորբոքելով խորվաթական անջատողականությունը Արեւմուտքում եւ մակեդոնականը՝ Արեւելքում: Մակեդոնիայի պարագայում, ինչպեսեւ մյուս բալկանյան հակամարտություններում, ելքը կարելի է գտնել միայն եվրոպական Մեծ Տարածությունում ինտեգրացիոն գործընթացի միջոցով եւ ոչ թե ուղղամիտ անջատողականության զարգացման եւ թզուկ փսեւդոպետություն ստեղծելու ճանապարհով: Հարցի լուծում չէ նաեւ Մակեդոնիայի միացումը Բուլղարիային, այլ ընդամենը նոր միջսլավոնական հակամարտության նախապատրաստում:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031