Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏՆԻՉԸ

Հոկտեմբեր 22,1998 00:00
film

Հին, բայց արդիական պատմություն այն մասին, թե ով էր զրպարտել ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻՆ

Մոտ մեկուկես տարի առաջ Մամուլի շենքի հանրահայտ վերելակում հանդիպեցի ընկերներիցս մեկին։ Նա ինձ հիշեցրեց իմ անցյալ տարվա հրապարակումը Հայաստանի ժողովրդական արտիստ Լաերտ Վաղարշյանի մասին, որտեղ մասնավորապես պատմել էի այդ ռեժիսորի «Այսօր արեւոտ օր է» ֆիլմի դժվար ճակատագրի մասին։ Հրապարակման մեջ խոսք կար, որ ֆիլմի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել եւ պատճառը իմ տեղակալներից մեկի անստորագիր «դանոսն» էր։ Ընկերս զարմացավ, թե ինչու ես չեմ նշել զրպարտչի անունը։ Չէ՞ որ, այսօր մարդիկ կան, որոնք սեղմում են նրա ստոր ձեռքը։ Պատասխանելու բան չունեի: Գուցե իսկապես սխալվե՞լ էի, չհրապարակելով այդ տականքի անունը եւ սահմանափակվելով «իմ տեղակալը» ոչինչ չասող բառակապակցությամբ: Կարիք կա՞ արդյոք այսօր իմ սխալն ուղղել:

Կասկածներս ցրվեցին այն օրը, երբ եկել էի ֆիլհարմոնիա՝ մեր մեծ բանաստեղծի քաղաքացիական հոգեհանգստին: Եվ տեսա նրան՝ նախկին տեղակալիս, որը, հավանաբար, տիրոջ իրավունքով կանգնած էր աստիճանների վրա եւ իր կարճ հասակով մի քանի տակ ծալվելով սեղմում էր բարձրաստիճան պարոնների ձեռքերը: Անմիջապես հիշեցի ընկերոջս խոսքերը:

… Առաջին ֆիլմը, որը տեսա 1971 թվականի վերջում ինձ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն նշանակելուց հետո, Վաղարշյանի «Այսօր արեւոտ օր է»-ն էր: Ֆիլմը, ինչպես պարզվեց հետագայում, ցուցադրվել էր երկու ժապավենով: Չնայած գեղարվեստական եւ արտադրական տեսակետից ֆիլմը 99%-ով ավարտված է, բայց ֆինանսական հաշվետվություն կարելի էր ստորագրել՝ միայն մեկ ժապավենի վրա անցկացնելու դեպքում /որն, ի դեպ, այն ժամանակ արվում էր Կիեւում/: Բնականաբար, ոչ մի խորհրդային «ռեվիզորի» մտքով անգամ չէր անցնի տարբերակել՝ ֆիլմը հանձնման պահին ցուցադրվել էր մեկ, թե երկու ժապավենով: Սակայն ստուգող հանձնաժողովները գալիս էին մեկը մյուսի հետեւից, որովհետեւ կար անստորագիր ահազանգ, որտեղ ստուդիայի աշխատակիցները «որպես կոմունիստներ» պահանջում էին պատժել Լաերտ Վաղարշյանին: Անգրագետ ռուսերենով գրված այդ «դանոսից» հատվածները ներկայացնում եմ այս հրապարակման մեջ։

Մի խոսքով, «Այսօր արեւոտ օր է» ֆիլմի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել։ «Երկու ժապավենի» պատմությանն ավելացան նաեւ «սոցիալիստական օրինականության խախտումները», որոնք, իբր ռեժիսորը թույլ է տվել ֆիլմի նկարահանման ընթացքում։ Մենք Լաերտ Վաղարշյանի հետ հաստատ գիտեինք, որ այդ անստորագիր մատնությունն ուղարկվել է նաեւ Մոսկվա։ Եվ անընդհատ հարցնում էինք ինքներս մեզ՝ ո՞վ է ընդունակ նման ստորության։ Այդ քննարկումներին, իբրեւ Վաղարշյանների ընտանիքի բարեկամ, մասնակցում էր նաեւ իմ տեղակալը։ Նա էլ էր տալիս տարբեր կինոգործիչների անուններ եւ անմիջապես ասում՝ ո՛չ, այդ մարդը դա չէր անի։ Նա միանգամայն իրավացի էր, որովհետեւ գիտեր, թե ով է մատնության հեղինակը։ Շատ հնարավոր է, որ իրավական տեսակետից մատնությունն ամենեւին հանցագործություն չէ։ Խորհրդային ժամանակաշրջանում «դանոսի» համար ոչ մեկին չէին դատում։ Հակառակը՝ դատում եւ ԳՈՒԼԱԳ էին ուղարկում նրանց, ում վրա գրվում էին այդ «դանոսները»։

Պատահական չէ, որ պիոներների համար ամենաօրինակելի հերոսը՝ իր հորը մատնած Պավլիկ Մարոզովն էր։ Այնուամենայնիվ, եթե մատնություն գրելը, նույնիսկ այսօր, չի պատժվում օրենքի համաձայն, ապա բարոյական տեսակետից դա, վստահ եմ, ծանրագույն հանցագործություն է։ Լաերտ Վաղարշյանին մատնող գրությունն ուղղված էր ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռուդենկոյին, ներքին գործերի նախարար Շչոլոկովին, կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ Պելշեին եւ «Պրավդա» թերթի խմբագրությանը։ Այդ կեղտոտ թղթերը գրված էին իբր ստուդիայի կոմունիստների անունից, որոնց զայրացրել են Վաղարշյանի անօրինականությունները։ Զրպարտագիրն, ի թիվս վերոհիշյալ «մեղքերի», նշում էր, որ կինոռեժիսորն անօրինական ձեւով է ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը եւ դարձել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։

Լաերտ Վաղարշյանի վրա այդ ամենը շատ ծանր նստեց։ Բազմաթիվ ստորացուցիչ ստուգումներից հետո գործն, իհարկե, փակվեց։ Կինոռեժիսորը, սակայն, այդ օրվանից կորցրեց առողջությունը եւ առ այսօր գամված է անկողնուն։ «Դանոսը», ինչպես ասացի, գրվել էր իմ տեղակալի կողմից եւ հայտնաբերվել նրա սեյֆում, այն բանից հետո, երբ նա հեռացվեց ստուդիայից։ Ավելի քան 20 տարի այս թղթերը դրված էին իմ թղթապանակում։ Եվ այսօր, կարծում եմ, եկել է մատնության հեղինակին բացահայտելու ժամանակը։ Դա Ազգային ֆիլհարմոնիայի ներկայիս տնօրեն ԼԱԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է։ Հուսով եմ, իմ հրապարակումից հետո նրան այլեւս ոչ ոք ձեռք չի մեկնի։

ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031