Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ, սպիտակ, մոխրագույն…

Հոկտեմբեր 22,1998 00:00
sev

Իկրա: Լրաբերականների զորակոչը բանակ

Երազ տեսա… Կարծում եք՝ Սայաթ- Նովա՞ն մոտս եկավ սազը ձեռին… Ես հո ցնդած Չարենցը չեմ… Իմ երազները իրատեսական են, ու թե կուզեք՝ արհեստավարժ… Չէ՞ որ ես քաղաքացին եմ մի երկրի, որի իշխանության յուրաքանչյուր անդամ պարտավոր է լինել արհեստավարժ՝ երազում թե՝ արթմնի… Պա՞րզ է… Ու թեեւ ես չորրորդ, բայց, միեւնույն է, իշխանությա՛ն ներկայացուցիչ եմ։ Եվ, ուրեմն, կրկնում եմ՝ երազներս էլ արհեստավա՜րժ են… Երազիս մեջ… ո՛չ, ոչ հորս տեսա, ոչ մորս տեսա (ես հիմա նրանց մոտ եմ), երազիս մեջ հանձնաժողո՜վ տեսա, որ ծանր ու մեծ նստած՝ քննությո՜ւն էր անում… Ահա եւ հերթը հասնում է ինձ, ու քննում են հաստուբարակ (մանի՛ր, մանի՛ր իմ ճախարակ), ծանրութեթեւ անում, տալիս-առնում (զգո՜ւյշ եղեք, ազգի միտքն է այստեղ շարժվում), ու կարծես դժգոհ չեն… Բայց ահա հանձնաժողովի նախագահը, որ ոչ ավելի, ոչ պակաս՝ Արմեն Դարբինյանն է, ակնոցների տակից նենգորեն ժպտալով՝ տալիս է վերջին, ճակատագրական հարցը.

– Մանկությանդ տարիներին իկրա տեսած կա՞ս,- ու չսպասելով պատասխանի՝ շարունակում է,- ի՞նչ գույն ունի…

Ես, որ հարցերի տարափից արդեն շշմել եմ, եւ ուղեղիս մեջ քաոսի անկարգությունն է, մանկություն բառը լսելով՝ հանկարծ մտաբերում եմ… «Մայրը կանչում է. – Սագե՛ր, սագե՛ր, տո՛ւն եկեք։ – Ինչի՞ համար։ – Գայլը սարի հետեւն է։ – Մեզ ի՞նչ կանի։ – Ձեզ կուտի։ – Ի՞նչ գույնի է»։ Հիշողությանս թելը բռնած՝ ես անգիտակից հրճվանքով ճչում եմ՝ սեւ, սպիտակ, մոխրագույն… եւ հանկարծ որոտում է.

– Դե շուտ վազիր դեպի տուն…

Այս ձայնից, ասես սառը ցնցուղից, ես միանգամայն սթափվում եմ ու փշաքաղվում (սա սագերին տուն կանչող մայրիկի ձայնը չէ), ուժային նախարար Վազգեն Սարգսյանն է, որի ահազդու կերպարանքն այս անգամ ցնցվում է պոռթկացող քրքիջից։ Ես ապշահար նայում եմ նախարարին՝ դո՞ւ էլ գիտես այդ խաղը, բայց դեմքը, դեմքն, ասես, ծանոթ է. միասի՞ն ենք խաղացել… Ու հիշողությանս բարակ թելը լարախաղացի պես ինձ տանում է… Ահա մեր զառիվեր, ծուռումուռ փողոցը… Բա՜րձր, բարձր ընկուզենու տակ հավաքված ենք աղջիկներով (սագեր)։

Հեռվում, թեք ճանապարհի բլրանման վերջավորության վրա, կանգնած են թաղի չար ու երես առած տղաները (գայլեր), որոնցից մի քանիսին ես, այնուամենայնիվ, ժամանակին դնգստել եմ, ու ինձնից մի քիչ զգուշանում են… Ես հագել եմ կարմի՜ր-կարմի՜ր նոր շրջազգեստ ու աշխարհի ամենասիրունիկ աղջիկն եմ (պապաս է ասում, բայց ես էլ գիտեմ) ու դուրս եմ եկել ոչ այնքան խաղալու (ես չեմ ուզում սագ լինել, իսկ գայլեր մենակ տղաներն են լինում, եւ միայն դրա համար ես նրանց նախանձում եմ), որքան իմ նոր շորն ու ինձ ցույց տալու, ու աչքի պոչով հետեւում եմ աղջիկ-սագերին, որոնք թաքուն ու նախանձոտ հայացքներ են գցում ինձ… Ուրիշ տեսակ են նայում հեռվում կանգնած գայլերը… Ու մինչ ես քննում եմ այս ամենը, երեւակայելով ինձ, գայլերը հարձակվում են ու բոլորն իմ ուղղությամբ… Նրանցից մեկն ահա, բռնում է իմ շեկլիկ, մետաքսե մազերից, երկրորդը քաշում է շրջազգեստիս փեշերից, մյուսները հրում են ինձ, որ տանեն իրենց թագավորի մոտ, որ ինձ ուտի… Ես երկու թաթիկներով, փոքրիկ բռունցքներումս ինչքան որ ուժ կա, հարվածում եմ, բայց անօգուտ… Ու հանկարծ գայլերի թագավորը բղավում է.

– Բա՛ց թողեք… Ես ձեր… բա՛ց թողեք…

Գայլերը վայրկենապես հետ են քաշվում, ես ազատվում եմ, բայց լացս գալիս է, կոկորդս՝ սեղմվում… Իմ առաջ կանգնած է մեր թաղի ամենաչար, ամենախուժան, բոլորի մաման լացացնող Սաքոն ու նայում է ինձ ուրի՜շ-ուրիշ տեսակ, ու չգիտեմ ինչից վախենալով՝ ես արցունքներիս միջից ճչում եմ՝ «Ինձ ըտենց չնայես, արա՛»… Սաքոն լուռ է, խեղճացած… Ու հանկարծ նրա կերպարանքը փոխվում է, դառնում ուժային նախարար.

– Էդ կարմիր շորդ լավն ա, բանակին դրոշակի կտոր ա պետք, կտա՞ս…

Ես սթափվում եմ հանձնաժողովի անդամների քրքիջից, բայց պահ չանցած՝ քրքիջը փոխվում է պիոներական շեփոր-թմբուկի, որի առջեւից Արմեն Դարբինյան է՝ արդուկած վզկապով, փայլուն, օսլայած վերնաշապիկով։ Ջոկատի կատարած աշխատանքների հաշվետվությունը ձեռքին՝ նա ուղղություն է վերցնում դեպի հավասարության կենտրոն. «Պատանի հետախույզների խումբը հայտնաբերել է, որ ջոկատի անդամներ Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Վազգենը եւ Սերժիկը եւ էլի ուրիշներ մանկության տարիներին ոչ կերել, ոչ էլ տեսել են իկրա, բայց խաբում են, թե կերել են… Այդ նույն պատճառով ջոկատից վտարվել են Պետրոսյան Լեւոնը, Սիրադեղյան Վանոն, Արարքցյան Բաբկենը եւ էլի շատեր»…

Այս խոսքերից ջոկատում կանգնած Սարգսյան Վազգենը, որ լավ ֆուտբոլիստ էր ու առանց գնդակի նույնիսկ շարք չէր կանգնում, այնպես դիպուկ է հարվածում հաշվետվություն տվողի… որ սա գնդակը գրկած՝ գետնին է տապալվում… Ես արթնանում եմ դարձյալ նախարարի համառ խոսքերից.

– Շորդ կտաս, ես էլ կասեմ, որ իկրան կարա ամեն գույն էլ ըլնի՝ կանաչ էլ, կապույտ էլ, տո ամեն գույն էլ…

Բայց նախարարը, որ ուշի-ուշով հետեւում էր անդամների ամեն խոսք ու շարժումին, հակաճառում է.

– Չի լինում, Վազգեն, կանաչ-կապույտ իկրա չի լինում։ Ես ոչ պապայիս տանն եմ կերել, ոչ էլ ասպիրանտուրայում եմ լսել…

– Չի լինում, հա՞, չկա, հա՞… Արա՛, դու Մոսկվայում ինչ գիտեիր՝ էդ թվերին էստեղ ինչ գույն իկրա էինք ուտում կամ դու ես որոշո՞ւմ՝ իկրան ինչ գույն ա ըլնում…,- ու դանդաղ, բայց սարսափելի առաջացավ դեպի Արմեն Դարբինյանը…

Այդ պահին միայն կայծակնային արագությամբ ես ըմբռնեցի, որ փրկությունը կլինի միայն իմ հրաժարականը առաջին, երկրորդ եւ երրորդ իշխանություններից։ Թող լինի չորրորդ իշխանություն, միայն ուժային նախարարը չխեղդի սովի, մթի, պատերազմի տարիներին իկրայի տեսակները լավ տարբերակած վարչապետին (ես մենակ ջան եմ, էրթամ-կորսվիմ, քանց մեր Հայաստան աշխարհ ավերվի, էն հազար-հազար հոգիք կորուսանին)։ Թող թշնամու մերը չուրախանա…

– Ես լրագրող եմ ուզում դառնալ, ես իրավունք ունեմ իկրայի համը տեսած չլինելու,- վրա եմ տալիս ես՝ պաշտպանելով իմ լրագրողական իրավունքները։

Հանձնաժողովը թեթեւացած շունչ է քաշում…

– Թե տեսել ես, լրագրող չես դառնա,- մարգարեանում է դարձյալ Արմեն Դարբինյանը։

ԴԺգոհ է միայն Վազգեն Սարգսյանը.

– Լավ, արի՛ բանակ, մեզ զինվոր ա պետք… Քեզ շոր կտանք, քո շորից էլ դրոշակ կկարենք… Զինվորներին էնքան էփած ցորեն ենք տալիս, իկրայի մասին էլ կմոռանաս ու բրնձի էլ։ Կարեւորը՝ գրել կսովորես,- փրկության ձեռք է մեկնում նա։

Ու մինչ ես հոգնած ու ջախջախված մտածում եմ, գնամ թե չգնամ բանակ, արթնացա… քրտինքի մեջ լողում էի… Մի կերպ ուշքս գլուխս բերի, ու ինձ բռնեց անզուսպ մի ծիծաղ…

«Լրաբերից» հարկադիր մեկամսյա արձակուրդ էին ուղարկել։ Իմ ուղեգիրը ծննդավայրս էր… Առայժմ լիաթոք վայելում էի Աստծո պարգեւած դրախտային օդն ու ջուրը, արեւի բույրն ու փթթող կանաչի կախարդանքը… Եվ պարապ ժամերին մտմտում էի՝ արձակուրդից հետո կլինի ավելի մեծ արձակուրդ… Ո՞ւր գնա Թամարը, այս տարվա աշնանը… Իսկ, գուցե, աշնանային զորակոչին ես էլ մեկնե՞մ բանակ…

ԹԱՄԱՐԱ ՂԱԼԵՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031