Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

SOS բանականության սահմանագծի հակառակ կողմից

Հոկտեմբեր 22,1998 00:00
hogebujaran

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց լրագրողների այցելություն Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոց, նեյրոհոգեկան տուն-ինտերնատ եւ ծերանոց /սրանք բոլորը նույն համալիրի մեջ են/:

Տեղում ծանոթանալով հիվանդների, ծերերի կենսակերպին եւ բազում հիմնախնդիրներին՝ ծագեց բուժական համալիրին աջակցելու նպատակով բարեգործական միջոցառում կազմակերպելու մտահղացումը: Այն աներեւակայելի թշվառությունն ու չքավորությունը, որին մենք ականատես եղանք Վարդենիսում, վկայում են մեզանում հոգեկան հիվանդների, միայնակ ծերերի եւ երեխաների նկատմամբ համատարած անտարբերության մասին: Վարդենիսի հոգեբուժարանը շուրջ 15 տարվա պատմություն ունի, եւ վերջին մի քանի տարիները, թերեւս, ամենադժվարն են նրա պատմության մեջ: Սոցիալ-տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաեւ այս հաստատությունը: Ֆինանսական դժվարություններն իրենց հետ բերեցին նաեւ բարոյական խնդիրներ, որոնց լուծումը ոչ միայն հոգեբուժարանի, այլեւ հասարակության խնդիրն է:

90-ականների սկզբից նախորդ տարիների համեմատությամբ շեշտակի աճեց հոգեկան հիվանդների թիվը. այսօր հոգեբուժարանում բուժվում են 185, տուն-ինտերնատում՝ 112 հիվանդներ, այդ թվում նաեւ 28 երեխա, իսկ ծերանոցում ապրում են 20 ծերեր /մեծ մասը փախստականներ են Ադրբեջանի տարբեր շրջաններից/: Թե հոգեբուժարանին, թե տուն-ինտերնատին, թե ծերանոցին արված պետական հատկացումները չնչին մասն են կազմում այն գումարների, որոնք անհրաժեշտ են հիվանդների եւ ծերերի պատշաճ խնամքը եւ բուժումը կազմակերպելու համար: Պետական գումարները չեն բավարարում հիվանդների հագուստի, կոշիկի եւ դեղամիջոցների հարցերը լուծելու համար: Պետությունն այս հիմնարկներին արդեն երկրորդ տարին է բյուջեից նախատեսված գումարները ամբողջությամբ չի հատկացնում: Պետության, հասարակության, մարդկանց կողմից մոռացված ու լքված անօգնական հիվանդների ճակատագրի մասին պատմելու, մանավանդ այստեղ ապրող մարդու ստեղծագործությունը ցուցադրելու հնարավորությունը եւս մի առիթ է՝ խոսելու այն ցավալի իրողություններից, որոնց մասին հասարակությունը չգիտի կամ գերադասում է չիմանալ:

Կազմակերպվող ցուցահանդեսում ձեզ կներկայացվի շուրջ տասը տարի նեյրոհոգեկան տուն-ինտերնատում ապրող Հասմիկի տիկնիկները, որոնք նա ստեղծում է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներից՝ հին փալասներից քանդած թելերից, ծածկոցների ու հնացած զգեստների կտորտանքներից: Հնոտիքից Հասմիկը ստեղծում է հրաշալի տիկնիկներ, եւ դուք կարող եք ձեռք բերել դրանք՝ մասնակցելով մեր ցուցահանդեսին: Այստեղ ցուցադրվելու են նաեւ հոգեբուժարանում, նեյրոհոգեկան տուն-ինտերնատում եւ ծերանոցում արված լուսանկարներ, ինչպես նաեւ՝ կցուցադրվի հոգեբուժարանի մասին տեսաֆիլմ: Հիվանդների կարիքների հոգալուն ու հիմնախնդիրների լուծմանը կարող է նպաստել ձեզանից յուրաքանչյուրը՝ իր բարի կամքով եւ ցանկացած բնույթի աջակցությամբ: Մասնակցեք մեր միջոցառմանը եւ հիշեցեք. դժվարություններն ու խնդիրները չեն դադարում գոյություն ունենալուց միայն այն պատճառով, որ մենք չենք ուզում նկատել դրանք:

Միջոցառմանը մասնակցելու եւ հոգեբուժարանին օգնելու հայտ են ներկայացրել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Հասարակական կազմակերպությունների ուսուցման եւ տեղեկատվական կենտրոնը, ՄԱԿ-ի ինտերնետի ծրագիրը, Ինտերնյուս-Արմենիան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպությունը, կանադացի մի խումբ ուսանողներ: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 17-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում /Մաշտոցի 7ա/: Միջոցառման ընթացքում հավաքված դրամը կտնօրինի «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը: Այդ նպատակով Միդլենդ Արմենիա բանկում բացվել է հաշիվ: Հաշվի համարը 001-061738102:

Միջոցառման մանրամասնություններին կարող եք ծանոթանալ Ինտերնետի հետեւյալ հասցեում. users. freenet. am /~german/

Նախաձեռնող խումբ՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆՈՒՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031