Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՅԻՆԻ ԳՈՐԾԵՐԸ ՈՉ ՎԱՏ ԵՆ, ՈՉ ԼԱՎ»

Հոկտեմբեր 22,1998 00:00
Artashes Tumanyan

Պետական այրերի շուրթերից հնչող կատակները՝ լուրջ, իսկ լուրջ մտքերը հաճախ կատակի տպավորություն են թողնում։ Ուստի, ինձ իրավունք չեմ վերապահում ԱԺ միջանցքում ՀՀ հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանի «Ինչո՞ւ բոլորը կարող են խախտել օրենքը, իսկ կառավարությունը՝ ոչ» միտքը լուրջ կամ կատակ համարել։ Սակայն, առիթից օգտվելով, խնդրեցի նրան մի քանի հարցերիս պատասխանել։ Մասնավորապես՝ համակարգում նկատված որոշակի խստացումների եւ տեղաշարժերի մասին։

-Ակցիզային դրոշմանիշերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը քիչ ավելի խստացրել ենք։ Առանձնապես՝ դրոշմանիշերի կրկնակի օգտագործումը բացառելու համար. ե՛ւ ծխախոտի, ե՛ւ խմիչքի համար։ Մանավանդ որ, վերջերս օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ե՛ւ վարչական, ե՛ւ քրեական օրենսգրքերում այդ հատվածը խստացվել է։ Բազմաթիվ հայտնաբերված փաստեր կան։

-Կարելի՞ է ավելի կոնկրետ։

-Կա նաեւ քրեական գործ՝ ծխախոտի հետ կապված։ Հայտնաբերվել են հազարավոր տուփեր մեկ անհատ ձեռներեցի մոտ, եւ բոլոր դրոշմանիշերը երկու անգամ օգտագործված էին։

-Խոսքը ո՞ր ծխախոտի մասին է՝ տեղակա՞ն, թե արտասահմանյան։

-Թանկարժեք արտասահմանյան։ Սա նշանակում է, որ մաքսային սահմանով անցնում է չդրոշմավորված ծխախոտ, որը հետո փորձում են իրացնել այս ձեւով։ Այսինքն՝ թե հարկային տեսչությունը խնդիրներ ունի, թե մաքսային վարչությունը։

-Երրորդ եռամսյակի արդյունքները, կարծում եմ, կկարողանաք ներկայացնել։

-Երրորդ եռամսյակի արդյունքները, հատկապես ամենախոշոր հարկատեսակի՝ ավելացված արժեքի իմաստով, կամփոփվի ամսի 25-ից հետո։ Ուրիշ բան ասեմ, օրինակ՝ էս ամիսը, հոկտեմբերը, բյուջե մուտքերի առումով կլինի ռեկորդային՝ համեմատած տարվա մյուս ամիսների հետ։ Շուրջ յոթ միլիարդ։ 1998 թ. բոլոր եռամսյակներում, եթե նայենք համեմատական ցուցանիշները, ավելի արդյունավետ են, քան 1997 թ. արդյունքները։

-Ըստ ձեզ՝ հաջորդ տարի հարկայինի բեռը կավելանա՞։ Նկատի ունեմ բյուջե մտնող գումարների ծավալը։

-Կառավարության կողմից կան նկատառումներ՝ նախատեսել բավականին լուրջ աճ եկամտային մասում։ Դա նշանակում է՝ 1999 թվականն այդ իմաստով լարված տարի կլինի։ Իսկ բյուջեն զգալիորեն բավականին ավել կնախատեսի 1999-ին։

-Ի՞նչ հաշվարկներով է կառավարությունը ավելացնելու, այսպես ասած, հարկայինի «ճնշումը»։

-Դա կիմանանք բյուջեի քննարկումների ընթացքում։ Ձեզ էլ եմ առաջարկում այդ պրոցեսին ուշադիր հետեւել։ Չէ՞ որ, երբ կառավարությունը նոր թվեր բերի, որոնք սկզբունքորեն տարբերվում են նախորդ տարվանից, պետք է փորձի հիմնավորումներ բերել՝ ինչի՞ հաշվին։

-Վերջերս տարածքային հարկային տեսչությունների որոշ պետերի տեղափոխություն եղավ։ Եթե որեւէ մեկն իրեն չի արդարացնում, առավել նպատակահարմար չէ՞ նրան պարզապես ազատել աշխատանքից։

-Է՜, տեսչության պետերից մեկին (Շենգավիթի տեսչության պետին) աշխատանքից ազատել եմ։ Եվ ոչ միայն՝ պետերի մակարդակով։ Ընդհանրապես՝ ե՛ւ առաջին դեմքեր, ե՛ւ մասնագետներ. պետք է փորձեմ ինչ-ինչ փոփոխություններ անել։ Թեեւ պետք է ասեմ, որ հատկապես առաջին դեմքերի հարցում դժվարություններ ունեմ։

-Բայց իմ ասած տեղափոխություններն այլ կերպ են ընկալվում։

-Գիտեք, կարող էր գայթակղություն լինել բոլորին երիտասարդ կադրերով փոխելու։ Այսպես կոչված՝ ավելի մաքուր միջավայրից բերելու։ Բայց դա նաեւ հղի կլիներ բյուջեի ապահովման… մի խոսքով, տեմպերի թուլացմամբ։ Այստեղ պետք է ե՛ւ փորձ, ե՛ւ կամք, ե՛ւ ռիսկ։ Էնպես չի, որ մի հատ համալսարանից գերազանց ավարտած տղա կդնեք ու տարածքի բյուջեն կկատարվի։ Այս հարցում ավելի կոնսերվատիվ ու զգույշ եմ։

Հարկային համակարգի բյուջեի մուտքերը ավելացնելու անհրաժեշտության նպատակահարմարության եւ ձեւերի մասին հարցս ուղղեցի ՀՀ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանին՝ չսպասելով բյուջեի քննարկումներին։

Edvard Sandoyan

-Առաջիկայում բյուջեի նախագիծը կբերենք ԱԺ՝ քննարկման, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք։ Արդեն այս տարի (նաեւ անցած տարի) սկսել է իրականացվել ֆիսկալ այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է կրճատել ստվերային տնտեսության ծավալները։

-Ի՞նչ կերպ։

-Հարկային վարչարարության եղանակով, եւ դրա հաշվին համալրել այն մուտքերը, որոնք պայմանավորված են հարկերի ճիշտ եւ ժամանակին վճարման քաղաքականության իրականացմամբ։ Այս տեսանկյունից կան խնդիրներ։ Առաջինը՝ հարկային օրենսդրության կատարելագործումն այնքանով, որքանով անհրաժեշտ է փափկացնել հարկային գործիքները, մյուս կողմից՝ ընդլայնել հարկատուների շրջանակները։ Եթե տարիներ շարունակ մեր երկրում մի քանի զանգվածային ճյուղեր կամ սուբյեկտներ հարկման դաշտից ընդհանրապես դուրս են եղել, չեն վճարել հարկերը։ Այս տեսակետից ունենք լուրջ խնդիրներ։ Եթե հաջողվի այս պետության մեջ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին դարձնել հարկատու, ապա կկարողանանք լուծել բոլոր սոցիալական խնդիրները։ …Այո, կարող եմ ասել, որ տեղի է ունենալու հարկային եկամուտների աննախադեպ աճ։ Այս ընթացքում մեր կողքով (պրն Թումանյանը նախընտրել էր հարցազրույցի՝ ճեմելով ձեւը -Լ.Ա.) անցնում էր Շահեն Կարամանուկյանը, որը հերթապահ ժպիտով հավաստիացրեց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դե՛, եթե Կարամանուկյանն է ասում, ուրեմն մի բան գիտի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031