Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԾԵՍ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

Հոկտեմբեր 22,1998 00:00
Liza Chaxaryan

«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի շուրջ աղմուկը չի դադարում։ Հին ու նոր խմբագիրների կողմնակիցները փոխադարձաբար մեղադրանքներ են ներկայացնում։ «ՀՀ»-ում մասնավորապես բազում մեղադրանքներ են հնչում Լիզա Ճաղարյանի հասցեին։ Իսկ նա, բացառությամբ «Օրակարգից», դեռ հրապարակային ոչ մի ելույթ չի ունեցել։ Լիզա Ճաղարյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին եւ ասաց, որ հիմա ոչ մի անուն չի տալիս։ Բայց եթե իրենց դեմ շարունակեն «ստոր» պայքարը, ինքն այլեւս չի լռի։

-Ձեզ՝ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի գլխավոր խմբագիր նշանակողն ու ազատողը նույն մարդն է։ Ձեզ մեղադրում են, որ առաջին դեպքում չեք բողոքել, երկրորդ դեպքում՝ համաձայն չեք որոշման հետ։

-Նախ, ինձ համար շատ դժվար է խոսել այն մարդկանց դեմ, ովքեր իմ դեմ պայքարում են ստոր միջոցներով։ Ես ընդհանրապես ստորության առաջ անզոր եմ։ Առնվազն պիտի իջնեմ իրենց մակարդակին՝ որ ինձ համար շատ դժվար է, կամ էլ պիտի լռեմ՝ ինչն արել եմ մինչեւ այսօր։ Բայց երեւի լռելը սխալ է։ Իրենք խեղաթյուրել են ամեն ինչ։ Եթե խմբագրությունը միաձայն համաձայն լիներ, որ ես հեռանամ, բնականաբար, ծիծաղելի կլիներ, եթե ես չհեռանայի։ Թերթի լրագրողների լավագույն խումբը, որոնք այս թերթի դեմքն են որոշել տարիներ շարունակ, համաձայն չեն այդ որոշման հետ։ Եվ հետո, կա մի այսպիսի պահ. ես ոչ թե իմ դիմումի համաձայն եմ ազատվել, ինչպես նախկին խմբագիրները, այլ ինձ հեռացրել են աշխատանքից։ Հեռացրել են մի խմբագրի, որի տպած թերթը լայն արձագանք ուներ ընթերցողների շրջանում։

Պրն Խոսրով Հարությունյանի հրամանում եղած որակումների հետ ես համաձայն չեմ։ Ես այդ առումով եմ իմ անհամաձայնությունը հայտնում։ Անչափ անբարոյական կլինի իմ կողմից, եթե ինձ սատարող լրագրողներին ես մենակ թողնեմ։ Երբ ես խմբագրություն բերեցի իմ ազատման հրամանը, եւ ժամը 4-ին կոլեկտիվը հավաքվեց ժողովի, այն ժամանակ մենք ընդամենը շշուկներ էինք լսել, որ Աշոտ Աղաբաբյանին են ուզում նշանակել։ Այսինքն՝ այդ ժողովը ոչ թե Ա. Աղաբաբյանի դեմ էր, այլ՝ ԱԺ-ի որոշման։ Կոլեկտիվը հավաքվել էր՝ որոշելու հրաժարվել համահիմնադրից։ Ինձ համար անհասկանալի է, որ Աշոտ Աղաբաբյանը եթերով հայտարարում է, որ իրենից 17 հոգի ներողություն է խնդրել։ Ինձ համար հանելուկ է, թե ինչու են Աշոտ Աղաբաբյանից ներողություն խնդրել։ Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ այդ 17 հոգին գնային ԱԺ-ի՞ց ներողություն խնդրեին։

-Ի՞նչ կասեք առանձնասենյակի պատերին մեխված լուսանկարների մասին։

-Երբ պատրաստվում էի սենյակը հանձնել Աշոտ Աղաբաբյանին, ըստ արժանվույն ձեւավորել եմ այն։ Իմանալով, որ ինքը շատ է սիրում պատգամավորներին, ես պարզապես նրանց լուսանկարները կախել եմ պատերին, որ ինքը ոգեշնչված աշխատի։ Այնտեղ մի խզբզված նկար կա, թող իրենք պարզեն, թե ով է։ Լավ եմ արել՝ խզբզել եմ, պարտավոր չեմ Աշոտ Աղաբաբյանին պատասխանել։ Խմբագրության բոլոր այն տղամարդիկ, որոնք իմ դեմ են դուրս եկել, ութ ամիս շարունակ իրենց պահել են, կներեք, ամենացածր շուկայական «կնկա» պես։ Խնդրում եմ՝ այս տողերն անպայման գրվեն։ Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ նրանք բոլորը փահլեւաններ են։ Նրանցից եւ ոչ մեկը չի համարձակվել այդ ութ ամսվա մեջ մտնել իմ սենյակ ու ասել՝ գիտես, այս բանը սխալ ես անում, ես քեզ հետ համաձայն չեմ։

Ես չեմ հասկանում, այդ խմբագրությունում ո՞վ իրավունք ուներ հոնորարների ցուցակը քրքրեր եւ ճշտեր, ում ինչքան հոնորար եմ տվել։ Ինձ գլխավոր խմբագիր են նշանակել, ուրեմն իմ իրավունքն է գնահատել ու որոշել, թե ում ինչքան հոնորար տամ։ Եթե նրանք կոլաժն ու լուսանկարն իրարից չեն տարբերում, դա նրանց պրոբլեմն է։ Եթե որեւէ մեկը դժգոհ էր իրեն տրված հոնորարից, թող տղամարդ գտնվեր ու ինձ հայտներ իր դժգոհության մասին։ Ամիսներ շարունակ, 13-րդ հարկի սենյակներում նրանք զբաղված են եղել, մեղմ ասած, ինձնից բամբասելով եւ անհամբեր սպասել են, թե ինձ երբ են հանելու։ Ինձ համար շատ տհաճ է խոսել այս մասին։ Ընդհուպ մինչեւ այնտեղ է հասել բանը, որ ասում են, թե ես «տղա եմ բերել» խմբագրություն։ Այս խմբագրության պատմության մեջ, երբ անհրաժեշտ է եղել «տղա բերել», բոլոր այդ տղամարդիկ ինձ են հիշել։ Ես եմ եղել «էդ տղեն», ոչ թե իրենք։

-Ասում են, որ Դուք Ձեր առանձնասենյակը չեք հանձնել նոր խմբագրին։

-Խմբագրությունից իմ դուրս գալու հաջորդ օրը 14-րդ հարկի փականը փոխել են։ Այդ հարկ չեն կարողացել մտնել ո՛չ լրագրողները, ո՛չ ես։ Բնականաբար, ես չէի կարող իմ սենյակը հանձնել, որովհետեւ իմ առջեւ դուռը փակ էր։ Փակ է նաեւ համակարգիչների սենյակի դուռը, աշխատողները դուրս չեն գալիս այնտեղից, բանտարկյալներ են։ Եթե դա իրենց բավարարում է՝ թող այդպես ստորացված վիճակում մնան։ Նրանց ես շատ եմ սիրել ու ցավում եմ, որ համաձայն են ապրել ու աշխատել այդ ողորմելի վիճակում։ Ես մի անգամ եկել եմ, կես ժամ բանակցություններից հետո է միայն դուռը բացվել։ Կնիքը հանձնել եմ հաշվապահին, դասավորել եմ բոլոր հոդվածները, որոնք, գտնում եմ, պարտավոր եմ հանձնել նոր խմբագրին։ Բացառությամբ այն հոդվածների, որոնց հեղինակները եկել ու ասել են, որ չեն ուզում իրենց հոդվածները այդ թերթում տպագրել եւ խնդրել են նոր խմբագրին չտալ դրանք։ Մյուսները պատրաստ եմ եղել տալ, ասել եմ, որ գան տանեն ինձնից, բայց այդպես էլ չեն եկել։ Ե՛ս չէի խնդրելու, որ գային ինձնից վերցնեին։

-Ձեզ մեղադրում են, որ դուրս եք եկել ձեր «ստնտուի»՝ ԱԺ-ի դեմ։

-Ես բազմիցս հայտարարել եմ, որ ԱԺ-ն երբեք մեզ համար ստնտու չի եղել։ Ութ տարվա ընթացքում մի դեր է կատարել՝ «ՀՀ» թերթի համար խմբագիր է ազատել եւ նշանակել։ Երբ այս նոր թերթը տպագրվի, շատ լավ կերեւա, թե ում են օգտագործում։ Ներկա խմբագիրը շատ է դժգոհ, որ ես մարզպետներին չեմ գովաբանել։ Ես հիմա էլ եմ գտնում, որ Պավլիկ Ասատրյանը մարզպետ չէ։ Եվ բոլորովին չեմ ամաչում, որ գրել ենք այդ մասին։ Ես չեմ ամաչում, որ ժողովրդի շահերն եմ պաշտպանել եւ ոչ թե կերած-խմած մարզպետների։ Եթե իրենք ամաչում են, թող այդ սխալներն ուղղեն։ Ես մարզպետներին գովերգող բազմաթիվ մերժված հոդվածներ ունեմ։ Եվ չեմ կասկածում, որ դրանք շուտով կհայտնվեն այդ թերթում։ Այսօր թերթում ստորագրում են լրագրողներ, որոնց ես միջակից էլ ցածր եմ համարում։ Ես ձեր թերթի միջոցով դիմում եմ Աշոտ Աղաբաբյանին՝ «Քեզ չի հաջողվի Լիզա Ճաղարյանի կենսագրությունը կեղտոտել»։ Իսկ եթե ես ուզենամ, ես կարող եմ ապացուցել…

-Ի՞նչ։

-Շատ բաներ։ Ինչ վերաբերում է այն բանին, որ Աշոտ Աղաբաբյանն ասում է, թե ինձ թույլ կտա իր մոտ բաժնի վարիչ աշխատեմ, ես խոստանում եմ, որ երբ որեւէ թերթում գլխավոր խմբագիր աշխատեմ (իսկ դա անհնար չեմ համարում) եւ երբ Աշոտ Աղաբաբյանին աշխատանքից հանեն, իրեն որպես սովորական ցրիչ էլ չեմ ընդունի, որովհետեւ ձգտում եմ բարոյական մարդկանց հետ աշխատել։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031