Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի ընտրությունների շուրջ

Հոկտեմբեր 22,1998 00:00
arcax

Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան իշխանության տեղական մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում էին երկու քաղաքական ուժեր՝ պայմանականորեն իշխանության կուսակցությունը եւ ՀՅԴ-ն։ Ընտրություններում հիմնականում հաղթեցին իշխանության կուսակցության ներկայացուցիչները, իսկ ՀՅԴ-ն «ստացավ» մի քանի գյուղապետ։

Ընտրություններից հետո ՀՅԴ Արցախի կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որով ընտրությունները որակվում էին նորմալ եւ առաջընթաց քայլ ժողովրդավարության եւ պետականության կառուցման ճանապարհին։ Իսկապես, ընտրությունները ԼՂՀ-ում անցան առանց ավելորդ նյարդայնության եւ միջադեպերի, ինչը պատիվ է բերում երիտասարդ հանրապետությանը։ Միեւնույն ժամանակ, այդ ընտրությունները խորքում ունեին քաղաքական լուրջ երանգներ, որոնք ապագայում կարող են հետաքրքիր տեղաշարժերի պատճառ հանդիսանալ։ Այս առումով կարեւոր ենք համարում կանգ առնել դրանց վրա, մանավանդ որ հայաստանյան մամուլում այդ մասին գրեթե չգրվեց։ Ավելին, եղան մակերեսային անդրադարձներ «ՀՅԴ-ն Ղարաբաղում պարտվեց, որովհետեւ այնտեղ հեղինակություն չունի» բովանդակությամբ։ Այս դեպքում ակնհայտ է Հայաստանի եւ ԼՂՀ իրողությունների պարզ նույնացում կամ միտումնավոր նույնացում, ինչը բնորոշ է վերջին տարիների հայ քաղաքական մտքին։

Թե Հայաստանում ու Ղարաբաղում Դաշնակցության հեղինակությունը որքան է՝ առանձին քննարկման նյութ է։ Սկզբում Հայաստանում արգելված լինելով, այնուհետեւ վերաբացվելով՝ ՀՅԴ-ն մոտ է քաղաքական դեմքը կորցնելուն. այսպես են մտածում ոչ միայն «անկախ դիտորդները», այլեւ բազմաթիվ կուսակցականներ։ Հայաստանի նախագահական երկու ընտրություններին՝ 1996 եւ 1998 թվականներին, կուսակցությունը ոչ միայն հանդես չեկավ իր թեկնածուով, այլեւ մտնելով զանազան դաշինքների մեջ՝ հասարակության աչքին վերածվեց հերթական մանր-մունր կուսակցության։ Այս կոնտեքստում ԼՂՀ տեղական մարմինների ընտրությունները որոշ նրբերանգներ ունեն։ Նախ, կարեւոր է դրանց ՀՅԴ Արցախի կազմակերպության մասնակցության խնդիրը։ Հավաստի տեղեկություններով, կուսակցության բարձր ղեկավարությունը Աթենքում եւ Երեւանում դեմ է եղել մասնակցությանը։ Դա բացատրվում է նրանով, որ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում ՀՅԴ-ն պաշտպանում է իշխանություններին եւ մտադիր չէր «խառնվել» նրա գործերին։

Այս առումով Ղարաբաղի կազմակերպությունը ցուցաբերել է քաղաքական կամք եւ պատասխանատվություն։ Թե դա ինչ հետեւանքներ կունենա կուսակցության ապագայի հարցում՝ ցույց կտա ժամանակը։ Ղարաբաղի դաշնակցականները խոշոր դեր ունեն շարժման մեջ, ինքնապաշտպանության կազմակերպման գործում։ Հայաստանում սկիզբ առած ՀՀՇ-ՀՅԴ անզիջում պայքարի շորշոփները հասան նաեւ ԼՂՀ. տեղի ունեցավ այն նույնացումը, որի մասին խոսվեց վերեւում։ Դա պայքար է, որը ոչ մի առնչություն չուներ ԼՂՀ իրողությունների հետ եւ նպատակ ուներ երեւանյան մոդելը տարածել Ստեփանակերտում։ Ճիշտ է, Ղարաբաղում խոր թշնամություն չեղավ, քանի որ կար ընդհանուր գործ, սակայն դա չէր կարող չազդել ընդհանուր իրավիճակի վրա. կորսվեց թանկագին ժամանակ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից։ ԼՂՀ-ում ո՛չ ՀՀՇ-ին, ո՛չ էլ Աթենքի բյուրոյին քաղաքական գերիշխանություն հաստատել ի վերջո չհաջողվեց, քանի որ ղարաբաղցի գործիչներն ավելի պատասխանատու գտնվեցին, քան իրենց կուսակիցները Երեւանում ու Աթենքում։

Եվ դա հերթական անգամ հաստատվեց տեղական մարմինների ընտրություններում. պահպանվեցին այն նորմերն ու կանոնները, որոնք Երեւանում չեն կարողանում պահպանել թե՛ կուսակցությունները, թե՛ հասարակությունը։ Հատկապես այն դեպքում, երբ կեղծիքներ են լինում։ Ասվածը, իհարկե, միանշանակ չի նշանակում, թե Ղարաբաղի դաշնակցականները ոչ մի առնչություն չունեն ավանդական ՀՅԴ-ի հետ, եւ սակայն մեծագույն վտանգ ու մոլորություն է այն նույնացումը, որի մասին խոսվեց եւ որը լայնորեն կիրառվում է քաղաքականությունը ինտրիգների վերածած հետխորհրդային համակարգի կողմից։ Հայաստանում քաղաքական հիմնախնդիրները լուծվում են նեղ վերնախավային միջավայրում, իսկ լայն զանգվածներին վերապահված են ընտրության տափակ ծեսը եւ հեքիաթներն իր անցյալի ու ներկայի մասին։ Այսինքն, ամեն ինչ հանգում է նրան, որ, ինչպես ասում է հայկական ժամանակակից իմաստնությունը՝ ամեն տեղ լավ մարդ էլ կա, վատ էլ։

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031