Իսկ կառավարությունում դա լուրջ չեն ընդունում
ԱԺ երեկվա արտահերթ նիստի օրակարգը թեեւ հարուստ էր, սակայն ներկայացված օրենքների նախագծերը՝ իրենց լրացումներով եւ առաջարկություններով, այդպես էլ քվեարկության չհասան։ «Հաստատագրված վճարի մասին» օրենքի նախագիծը թեեւ ուներ բոլոր հնարավորություններն՝ անցնելու 1-ին ընթերցմամբ, սակայն քվորում չլինելու պատճառով հետաձգվեց։ Իսկ «Պետական գույքի մասնավորեցման» օրենքում «Հայրենիք» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանի լրացումներն ու առաջարկությունները հաճելի արձագանքներ չունեցան։ Դրանց, ըստ էության, դեմ էր ե՛ւ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Ավետ Գրիգորյանը (նա գտնում էր, որ սեփականաշնորհումը բյուջե լցնելու նպատակ չպետք է ունենա), ե՛ւ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։
Ճիշտն ասած, ակնհայտ սրված ԱԺ-կառավարություն անհանդուրժողականության մթնոլորտն էր իշխում դահլիճում։ ԱԺ պատգամավորները համերաշխորեն պաշտպանում էին «ժողովրդի քրտինք» Կոնյակի գործարանի, «Անի» եւ «Արմենիա» հյուրանոցների, «Հայկական ավիաուղիներ»-ի «թասիբը»։ Կառավարության ներկայացուցիչները բոլոր հնարավոր արդարացումներն էին բերում վերոնշյալ օբյեկտների տեղին եւ արդար սեփականաշնորհման վերաբերյալ։ Ավետ Գրիգորյանն առջարկեց համազգային արժեք ներկայացնող օբյեկտներն առանձին օրենքներով սեփականաշնորհել (օբյեկտների անվանումները պրն Գրիգորյանը որոշել էր խիստ գաղտնի պահել)։4
Ինչպես միշտ, «հարգելի ռադիոլսողներին» ուղղված իր կոչում Արշակ Սադոյանը կառավարությանը մեղադրեց ալան-թալանի, շվեյցարական բանկում հաշիվներ բացելու մեջ։ Պավել Ղալթախչյանին համարեց այդ թալանից փոքր բաժին ունեցող։ Կառավարության անդամներն այս ելույթին արձագանքում էին ուրախ բացականչություններով եւ, որքան հասկացա, շատ ազդված չէին։
Կարդացեք նաև
Մկրտիչ Գիմիշյանը, թեեւ իրեն թույլ չտվեց «իջնել կառավարության մակարդակին», սակայն փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը ինքն էլ որոշեց չիջնել Գիմիշյանի մակարդակին եւ պատասխանել նրա վիրավորանքին։ Մակարդակների նման տատանումները չխանգարեցին պատգամավոր Լեոնիդ Հակոբյանին՝ հիշեցնել բոլորիս, որ ժողովրդի կորած ավանդները կարող են վերադարձնել միայն կոմունիստները։ Եվ որ հեռու չէ այն ժամանակը, երբ կծառանա մեծ գործարանների ազգայնացման հարցը (այս միտքն էլ որոշակի աշխուժություն առաջացրեց խորհրդարանում)։
Պրն Հակոբյանը մի քանի հետաքրքիր թվեր բերեց, որոնք կներկայացնենք վաղվա համարում։ «Պետական գույքի մասնավորեցման» օրենքի նախագծի քննարկումներն ամբողջացնելու եւ լրացնելու նպատակով որոշվեց այն քվեարկել առաջիկա եռօրյաներից մեկում։ Նիստի օրակարգում էր նաեւ միջազգային մրցույթով իրականացած Երեւանի կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների եւ «Հայկական ավիաուղիներ»-ի ֆինանսատնտեսական վիճակը ստուգող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության հարցը, որը ներկայացրեց Վահագն Խաչատրյանը։
Տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց կառավարության տեսակետը։ Այն խրախուսական չէր։ Ինչպես ամեն լավ բան, այս նիստն էլ ուներ իր վերջը։ Այն բանից հետո, երբ Դավիթ Շահնազարյանի առաջարկությամբ, մինչեւ օրակարգի չսպառվելը՝ աշխատանքը շարունակելու վճիռ ընդունվեց, քվեարկության հարցի կարգավորումը գրեթե անհնար դարձավ։
Պարզվեց, որ մեկ ժամ հետո դահլիճում ներկա է ընդամենը 70-75 պատգամավոր, իսկ քվորումն ապահովվում է 96 դեպուտատով։ Չընդունվեց նույնիսկ Արշակ Սադոյանի առաջարկը, որի համար հարկավոր էր 61 կողմ ձայն՝ այն է, հաջորդ երեքշաբթի հրավիրել արտահերթ, 5 րոպեանոց նիստ՝ սոսկ քվեարկություն անցկացնելու համար։ Ի վերջո, Վահագն Խաչատրյանը մինչեւ 15 օր ժամկետով հետաձգել տվեց քվեարկությունը, սակայն Խոսրով Հարությունյանը հանձն չառավ, թե արտահերթ նիստի հնարավորություն կլինի։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ