Լրահոս
Օրվա լրահոսը

Կախվողի տանը պարանից չեն խոսում

Հոկտեմբեր 22,1998 00:00
Hovhannes Igityan

Իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ ավիատոմսերից ու դրանց արժեքից

Հոկտեմբերի 23-24-ը Վարշավայում կկայանա եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի, հյուսիսատլանտյան երկրների խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների կոնֆերանս։ Հայաստանից մասնակցելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ Հովհաննես Իգիթյանը։ Պարոն Իգիթյանը այս կոնֆերանսին մասնակցում է առանց հետեւանքների մասին մտածելու, քանի որ, իր իսկ ասելով, արդեն իմունիտետ ունի, պատվաստներ է ստացել։ Պատվիրակությունը բաղկացած է միայն պարոն Իգիթյանից, այնպես որ, մենք էլ ենք հանգիստ, որ վերադարձից հետո պրն Իգիթյանն ինքն իր խստություններից կամ ինքն իրեն խաբելուց չի բողոքի։ Պատվիրակը, սակայն, դժգոհ է, որովհետեւ Վարշավայում պետք է համատեղի նաեւ թարգմանչի եւ քարտուղարի պարտականությունները (երկուսն էլ՝ անվճար)։

-Որքա՞ն գումար է ձեզ հատկացվում եւ, ներեցեք, ի՞նչ արժե տոմսը։

-Շա՜տ մեծ գումար է. օրապահիկը Լեհաստանում 18 դոլար է, իսկ Մոսկվայում՝ 1,5 դոլար։ Տոմսի արժեքը (այնտեղ եւ հետ) 500 դոլար է։

-Որեւէ ասելիքո՞վ եք մասնակցելու կոնֆերանսին, թե՞, պարզապես, դիտորդի կարգավիճակով։

-Կոնֆերանսի ուղղվածությունը կոնֆլիկտների վերացումն է, դրանց խաղաղ լուծումը։

-Ղարաբաղի՞, թե…

-Ե՛վ աշխարհի, ե՛ւ Ղարաբաղի։ Եվ մենք մեր տեսակետը պետք է հայտնենք։

-Իսկ ո՞րն է ձեր տեսակետը։

-Ես առիթ ունեցել եմ ԵԱՀԿ նիստերի ժամանակ առաջարկներ անելու։ Դրանց մի մասն ընդունվել է, այն է՝ ցանկացած կոնֆլիկտ պետք է լուծվի՝ օգտագործելով չորս էտապ։ Նախ՝ ԵԱՀԿ-ն բոլոր միջոցները պետք է գործադրի, որ խաղաղություն հաստատվի։ Սա հնարավոր է։ Երկրորդ՝ պետք է հայտնաբերվեն կոնֆլիկտի հիմնական կողմերը, եւ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Երրորդ՝ ԵԱՀԿ-ն պետք է այդ քաղաքական համաձայնության դիտորդը լինի, եւ չորրորդ՝ ԵԱՀԿ-ն իր վրա պետք է վերցնի ստուգողի դերը այդ համաձայնագրում։ Այսինքն՝ հետեւի կողմերի՝ իրենց վրա վերցրած պարտականությունների կատարմանը։

Երեւի թե հաջորդ հարցս տակտով աչքի չէր ընկնում, բայց, այնուամենայնիվ.

-Պարոն Իգիթյան, ո՞վ է վճարելու ձեր այցելության գինը։

-Խոսրով Հարությունյանը՝ իր ֆոնդից։ Այո՛, այո՛, ֆոնդում ահագին փող կա։ Ահագին։ Չորս դպրոցի վերանորոգման փող։

-Պարարվեստի ուսումնարանն էլ,- վրա բերեց ներկա պատգամավորներից մեկը։

-Նաեւ՝ Մեծ թատրոնի,- արդեն երեւի թե կատակեց պրն Իգիթյանը։

Ամեն դեպքում, Հովհաննես Իգիթյանին բարի վերադարձ մաղթեցի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031