Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱ՞ՆԸ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԿԱԽ

Հոկտեմբեր 22,1998 00:00
Hrant Xachatryan

Անգամ ՍԻՄ-ի նախագահության նիստերում է կարծիք հնչել, որ Քաղաքական խորհրդում, այն էլ՝ պատասխանատու դիրքում լինելը, դիտվում է որպես իշխանության մաս կազմելու ապացույց եւ բացասաբար գնահատվում։ «Նաեւ տեսակետ կար, որ ՔԽ-ը դանդաղում է իր գործունեության ուրվագծված նպատակներն իրագործելու մեջ»,- այս ամենն «Առավոտին» պատմեց նախագահին առընթեր քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար, ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը մեր զրույցի ավարտին նաեւ արձանագրեց. «ՔԽ-ին տրված վստահության վարկն արդեն սպառվում է»։

Արդեն իսկ քաղաքական շրջանակում լուրեր են տարածվել, թե ՔԽ գործադիր քարտուղարի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտից հետո այս պաշտոնում հայտնվելու է Աշոտ Մանուչարյանը, որ նախագահական ընտրություններում Քոչարյանի թեկնածության պաշտպանությունից հետո նախընտրում է լռել։ Այսօրինակ որոշ տեղեկություններ ճշտելու համար էլ դիմեցինք Հրանտ Խաչատրյանին։

«Նախագահի հրամանագրով հաստատված կանոնադրությամբ սահմանված է միայն այն հանգամանքը, որ ՔԽ գործադիր քարտուղարն ընտրվում է ձայների մեծամասնությամբ»,- պարզաբանեց պրն Խաչատրյանը։ Մնացածը հստակ չէ, եւ ՔԽ-ի վերջին նիստում ներքին կանոնակարգի նախագիծն ընդունվել է առանց այս հարցերին վերաբերող դրույթների։ ՔԽ-ի առաջին նիստում 12 կուսակցությունների ներկայացուցիչները պայմանավորվել էին, որ գործադիր քարտուղարը պետք է ընտրվի 3 ամիս ժամանակով, վերընտրվելու իրավունքով եւ ռոտացիայի սկզբունքի կիրառմամբ։

«Այս ձեւակերպումն իր մեջ բազմաթիվ անորոշություններ է պարունակում։ Պիտի ճշտվի, արդյոք գործադիր քարտուղարի փոփոխության դեպքում ռոտացիայի սկզբո՞ւնքն է կիրառվելու։ Ի դեպ, իմ կարծիքով, սա գործող պատասխանատուին փոխելու ավելի դժվարացված մեխանիզմ է, որը հավասարազոր է անվստահություն հայտնելուն։ Եթե ռոտացիա է կիրառվելու՝ պիտի կարգը ճշտվի, հայտնի լինի ցանկը, թե ով է հաջորդը եւ այլն։ Իսկ գուցե քվեարկության է դրվելու գործադիր քարտուղարի վերընտրության ժամկետը շարունակելո՞ւ հարցը։ Առաջարկ կա, որ ուղղակի նոր ընտրություն կատարվի»,- ասաց պրն Խաչատրյանը, որը մինչեւ եռամսյա ժամկետի լրանալը փորձում է ամենայն մանրամասնությամբ ճշտել այդ հարցերը։ -Ինքս եմ վարելու այդ նիստը եւ չեմ ցանկանա, որ նաեւ իմ անձին առնչվող հարցի ժամանակ որեւէ անորոշություն լինի, քանզի միշտ շահարկումներ են հնարավոր»։

Ի դեպ, հստակ չէ նաեւ, թե երբվանից պետք է հաշվարկվի Հրանտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը. նախագահի մասնակցությամբ առաջին նիստը զուտ կազմակերպական էր։ ՔԽ-ի ստեղծման հրամանագիրն ավելի վաղ թվագրություն ունի։ Իսկ խորհրդի առաջին ինքնուրույն նիստը միայն սեպտեմբերի առաջին տասնօրյակում կայացավ։ Վերոնշյալ հարցերը կճշտվեն ՔԽ-ի այսօրվա նիստում։ Հրանտ Խաչատրյանն արդեն իսկ հրապարակավ խոստացել է, որ այս ամիսը ՔԽ-ի համար «կոնֆլիկտային, վճռորոշ եւ կարեւոր» է լինելու։ Նաեւ հայտարարել է, թե լսում է արդյոք Քոչարյանն իր իսկ հրամանագրով ստեղծված ՔԽ-ին հարցի պատասխանը պարզ կլինի, երբ իրենց առաջին գրավոր առաջարկը կներկայացնեն, որը նախորդ տարիների քաղաքական գնահատականին է վերաբերում։ Այս խնդրի քննարկումներն էլ են նախատեսում այսօրվա նիստում սկսել։

Որոշակի ձեւակերպված առաջարկ, ըստ ամենայնի, կներկայացվի նոյեմբերի առաջին կեսին. «Դեռեւս չի երեւում այն հեռանկարը, որ այս ընթացքում օբյեկտիվ, բոլորի կողմից ընդունելի մի գնահատական կունենանք»,- կանխորոշեց Հրանտ Խաչատրյանը։ Նաեւ իր իղձը հայտնեց. «Ես ուզում եմ, որպեսզի շատ բնական դիտվի, որ ՔԽ-ը սուր հարցերը շատ հանգիստ ու նորմալ է քննարկում, այլ ոչ քաղաքական հնչեղության կամ իշխանափոխության առիթի, միավորներ հավաքելու համար»։ Այնուամենայնիվ նաեւ նշեց, որ նախորդ իշխանությունների վերաբերյալ այդ քաղաքական գնահատականը երեւի «մոտ կլինի այն տեսակետներին, որոնք հայտնի են, բայց կտարբերվի մերձենալու միտումով»։ Տվյալ գլուխկոտրուկը երեւի իր համար լուծելի էր, քանզի արդյունքներն էլ կանխատեսեց. «Այս գնահատականը կազդի ՔԽ-ի կազմի վրա՝ նվազելու կամ ավելանալու առումով։ Գիտեք, թե ինչ նկատի ունեմ»։

Հրապարակավ նաեւ նշվել է, թե ՍԻՄ-ը ՔԽ-ի քննարկման է ներկայացրել Բաքվում վարչապետ Արմեն Դարբինյանի առանց վերապահումների ստորագրած համաձայնագրին վերաբերող մի նախագիծ։ Կուսակցությունն արդեն իսկ այս առնչությամբ դատապարտող հայտարարություն է ընդունել՝ այս փաստը անպատասխանատվություն եւ իշխանազանցություն որակելով։

Հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանն իր վրա էր վերցրել վարչապետի այս քայլի պատասխանատվությունը։ Ուստի ՔԽ-ի հնարավոր հայտարարությունն արդեն իսկ նախագահի դե՞մ պիտի ուղղված լինի, մեր այս սադրիչ հարցին Հրանտ Խաչատրյանը խուսափողական պատասխան տվեց. «Սա մի դետալ է ընդամենը, քաղաքական բնույթի առաջին գրավոր առաջարկներից մեկը։ Չէի ասի, որ դա այսօր քաղաքականության մեջ ամենասուր հարցերից մեկն է։ ՍԻՄ-ը սա ընդգծեց զուտ այն պատճառով, որ ավանդաբար միշտ արձագանքել ենք Արցախի կարգավիճակին առնչվող ցանկացած իրավական թյուրիմացություններին։ Ուղղակի եթե այդ հայտարարությունը չանեինք՝ կգնահատվեր, որ ՍԻՄ-ը շեղվել է իր ուղուց։ Համապատասխան նախագիծ ենք ներկայացրել, որ ՔԽ-ն էլ նույնատիպ եզրակացության հանգի։ Այդ հարցն արդեն քննարկվել է, Արամ Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովին առաջարկել ենք եւ ՔԽ-ի ներքին քաղաքական խնդիրների հանձնախմբին (որի պատասխանատուն ես եմ) հանձնարարել այդ հարցի վերաբերյալ եզրակացություն տալ»։

Մի նոր նախաձեռնության մասին պրն Խաչատրյանն առաջինն «Առավոտին» հայտնեց։ Ազգային համաձայնության հռչակագրի նախագիծ է պատրաստվում. «Մինչեւ տարեվերջ այն պատրաստ կլինի, եւ երեւի թե նախագահը հանձն առնի առաջարկել կուսակցություններին, որ ստորագրեն այն»։ Հրանտ Խաչատրյանը նախընտրում էր, որ այս հռչակագիրն անմիջապես չզուգահեռվի Ռուսաստանում ստորագրված համանման փաստաթղթի հետ։ Իսկ մեր այն հարցին, թե արդյոք այս նախագիծը ներկայացվելու է բոլոր կուսակցություններին անխտիր՝ անկախ նախագահ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքից, պատասխանեց. «Հենց այնպես մամուլին ոչինչ չեմ ասում։ Ես արդեն այդ առաջարկը բոլորին անում եմ՝ ոչ միայն կուսակցության առաջնորդներին, այլեւ հասարակությանն էլ եմ մտածելու նյութ տալիս»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031