Ի գիտություն ժանրի սիրահարների 73 տարի առաջ, երբ դեռ չկար «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» բազմաչարչար օրենքը, հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարն իր «Դատարանի պատրաստություն» ստեղծագործության մեջ գրում է. «Քրեական բաժին կմտնեմ եւ կուզեմ գիտենալ՝ ո՞վ է գանգատ տվեր ու ինչի՞ մեջ կմեղադրեն զիս… «Գործին» մեջ ոմն «փաստաբան Կոլյա» կպատմե «ընկեր դատավորին» թե Լեռ Կամսար անունով մարդ մը ֆելիետոն մըն է գրեր, ուր ըսեր է, թե Կոլյան Կոտայք է գացեր իրավաբանական օգնություն ցույց տալու գյուղացոց եւ փոխարենն ստացեր է շոռ, պանիր, կարագ եւ այլն։ «Այսու» կհայտնե, թե ինքը Կոտայք չի գացեր, գյուղացիներեն շոռ, պանիր, կարագ (եւ այլն զզվելի բաներ) չի առեր։ Վերջեն կխնդրե, որ ատ (անշուշտ, անպիտան) Լեռ Կամսարին պատժե 175-րդ հոդվածով…»։
Առավել հետաքրքիր է Կամսարի «խնդրանքը» ընկեր դատավորին «երթամ անկողինս բերեմ ու դատարանի դռանը պառկիմ, որ զուր տեղ չերթամ-գամ, ինչու որ վաղը լսելով ամբողջ 1200 անունները դատ պիտի բանան վրաս հոդվածներու հիման վրա»։
Մեր շատ լրագրողներ Կամսարի օրին են, ավելացրած «ԶԼՄ» օրենք-մահակը… Սակայն, մինչ պատասխանատվության նրանց ենթարկելու մեխանիզմները թվարկելը, սկսենք փոքր-ինչ լուսաբանել օրենքը։
«Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքը, որի անվանումն ամենաշատն է իմպրովիզացիայի ենթարկվում, ընդունվել է 1991 թ. հոկտեմբերի 8-ին։ Լավ-վատ այն գործում է մինչեւ օրս, խեղաթյուրվելով, որոշ հոդվածներ իրեն հավելագրելով, պակասեցնելով, ինչը հուշում է մեզ այն մասին, որ օրենքը շատ քչերին է ծանոթ։ Իսկ այդ քչերի մեջ են իրավագետներ, օրենսդիրներ, մտավորական իրենց ներկայացնողներ, քաղաքական գործիչներ, նախընտրական չմշկավազքի չեմպիոններ, նախագահական պալատի բասկետբոլիստներ… Այլապես, եթե փաստաբանը տեղյակ լիներ սույն օրենքին, հանուն իր վճարովի պաշտպանական գործելակերպի «առանց քաղաքացու համաձայնության չէր հրապարակի որդեգրման գաղտնիքը», պետպաշտոնյան չէր հրաժարվի լրատվություն տրամադրել լրագրողին, եթե ծանոթ լիներ մասնավորապես հոդված 4-ին, որով սահմանված է, որ «Մամուլը եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներն իրավունք ունեն ցանկացած պետական մարմիններից, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, դրանց ղեկավարներից ստանալու տեղեկություններ…» եւ կամ «ՀՀ-ում մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների որեւէ տեսակի մենաշնորհ չի թույլատրվում»…
Կարդացեք նաև
Օրենքը սահմանել է, թե որոնք են Մ եւ ԶԼՄՄ-ները, նրանց ազատությունը, գործունեության սկզբունքները, հիմնադրման իրավունքն ու գրանցումը, որոնց իրականացման մեղքի բաժինը իրականացնողների վրա է, անշուշտ։ Առավել թյուր են պատկերացումները զանգվածա-լրատվամիջոցներից մեկին պատասխանատվության ենթարկելու մասին։ Իներցիան ենթադրում է պատասխանատվության երկու ձեւ՝ բանավոր եւ գրավոր։ Ընդ որում, «մերոնք» բանավորը պատկերացնում են այսպես։
1) Զանգահարել խմբագրություն, բջջայինախառն խոսափողի միջից սպառնալ, թե «իրեն չի հետաքրքրում փաստը» եւ, որ «մռութդ ջարդվելու է»։
2) Գալ խմբագրություն, «ճշտելու», թե տվյալ հոդվածի համար «ինչքան են վճարել»…
3) Հրավիրել ասուլիս եւ ի լուր «հանրության» սպառնալ դատի տալու իրենց մտադրության մասին եւ ամիսներով… հայց չներկայացնել դատարան։
Գրավոր «ժանրը» ենթադրում է.
1) Մի անկապ նամակ, վրան գրված «Պահանջում եմ շտապ հերքել» (Նամակը, որպես կանոն, «տեղ է հասնում» 1,5 ամիս հետո), իհարկե, լրագրողի գլխատման պահանջով… (օրենքն էլ թարսի պես «լրագրողի գլխատման մասին» հոդված չունի, «անկատա՜ր» է)։ Մինչդեռ, հերքումը եւ պատասխանն այն տեղեկությունների համար են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հերքումը տրվում է զանգվածային լրատվության նույն միջոցով, «նույնկերպ՝ ինչ հերքվող լրատվությունը»։ (Նյութը տպագրվում է «Առավոտում», «հերքվում»՝ ասենք, «Գյուղական հորիզոններ» կամ «Բանվորի կանչ»… թերթերում)։
«Նույնկերպը» ոչ ոքի չի հետաքրքրում, քո երկու տողի դիմաց կառաջարկվի երկու թերթ, ֆելիետոնի դիմաց՝ քառյակ, հոդվածի դիմաց՝ հատկապես դիմանկար, մի խոսքով, ժանրային նախապատվություններն անսահման են եւ «ցենզուրայի» չեն ենթարկվում… Ուշադրություն կարելի է, այնուամենայնիվ, դարձնել. հրապարակվող հերքման ծավալը «չպետք է գերազանցի հերքվող լրատվության ծավալի կրկնակի չափին»։
Ընդսմին, սահմանված է նաեւ ժամկետը, որը չգիտես ինչու՝ ամենաշատն է խախտվում, հերքումը եւ պատասխանը հրապարակվում է այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ ԶԼՄՄ հերթական թողարկման մեջ։ Հիմա էլ հետեւում է արդարացման այս ձեւը. թերթը «ինձ ուշ հասավ», ամսագրի առաջին համարը մայիսին տպվեց… Փառք Աստծո. կան խմբագրություններ էլ, որոնք ունեն «հերքումնաշարեր» անցյալ դարաշրջանից մնացած, «պահուստային ֆոնդում» խնամքով թաքցրած… Մինչդեռ, ո՞ւմ ասես. ժամկետների սահմանումը ոչ մեկի պետքը չէ։
Ընտրարշավի ժամանակվա համար էլ (ԱԺ, տեղական ինքնակառավարման, նախագահական) «հրապարակված լրատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում կամ հերքումը ստանալուն պես»։ Շատ դեպքերում, չդիմելով խմբագրությանը, չստանալով «հերքումը չտպագրելու մասին» պատասխանը, հաշվի չառնելով լրագրողին, նրա օգտագործած փաստերի ստույգությունը, «պատասխանատվությունից ազատվելու դեպքերը», վազ են տալիս ոչ ավել, ոչ պակաս դատարան, խումհարից դուրս գալուց հետո… (դատարանն էլ զանգում է լրագրողին, ոչ միայն հրավիրում, այլ խնդրում ձեռքի հետ բերել ԶԼՄՄ օրենքը)։
Հատկապես, ուզում եմ հիշեցնել 31 հոդվածի առաջին կետը (ձեռնտու է մոռանալու համար). «Զ.Լ. թողարկողները պատասխանատվություն չեն կրում, եթե այդ տեղեկություններն առկա են պետական իշխանության, կառավարման, իրավապահ մարմինների, հասարակական, հ/ք կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում եւ հաղորդագրություններում»։ Թե չէ, վերջերս իրավապահ մարմնի մի աշխատակից սպառնում էր, թե ձայնագրությունն իր համար չափանիշ չէ, քանի որ հանգիստ կարող է ապացուցել, որ ձայնն իրենը չէ։ Հանրապետությունում էլ, գիտեք, պարոդիստներն ու կրկնօրինակողները այնքան շատ են եւ կրկնօրինակում են անգամ թիվ 1,2,3… տղամարդկանց ձայները։ Մեկ էլ տեսար, «պարզվի», որ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում «նման բան չի հրապարակել…»։ Բայց սա էլ դեռ էական չէ, այլ այն, որ «լսողական, լսադիտողական լրատվության միջոցներ թողարկողը հրապարակման օրվանից պարտավոր է պահպանել տպագրված եւ հրապարակված նյութերի բնագրերը մեկ շաբաթ ժամկետով, իսկ հայցի առկայության դեպքում, մեկ ամսով պարտավոր է պահպանել տեսագրություններն ու ձայնագրությունները»։
Մեկ ամսով…
Եթե հաշվի առնենք այսօրվա խմբագրությունների, մասնավորապես լրագրողների նյութատեխնիկական «բազան», տեսագրությունների եւ ձայնագրությունների պահպանման հնարավորությունները (ուզում եք ճշտեք, թե մեկ լրագրողն, օրինակ, որքան ձայներիզ ունի, որ օգտագործում է եւ կարող է պահպանել անգամ), ապա հերքում ժանրի գիտակներին ու սիրահարներին հարկավոր է շտապեցնել, թե չէ լրագրողը հարգելի պատճառով կարող է չպահպանել, «ջնջել» դարակազմիկ նշանակության նրանց տված փաստերն ու վկայությունները։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ