Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ ՀԵՔԻԱԹԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 21,1998 00:00
orenq

Օրենսդիրն էլի իրար է անցել։ Հարայ-հավարով, հերթական ու անհերթ նիստերով փորձում է հարցեր լուծել։ Հարցեր, որ մեր ու մեր տնտեսության գլխին պրոբլեմ են դարձել իրենց թեթեւ ձեռքով։ Ազգային ժողովը հիշել է, որ ինքը գործադիր իշխանության վերադասն է կամ էլ հակակշիռը։ Հիշել ու սկսել է ակտիվ աշխատել։ Մեր խորհրդարանում Ժիրինովսկու նման հյութեղ կերպարի բացակայությունն անգամ, պակաս դիտարժան չի դարձնում օրենսդիրների աշխատանքը։ Պատգամավորների (գոնե մեծ մասի) հիմնական աշխատանքն, ինչպես հայտնի է, օրենք ընդունելն է։ Նրանք ժամանակ առ ժամանակ այդ գործով են զբաղված։ Իսկ երբ դրանով չեն զբաղված, հակառակն են անում՝ պայքարում են իրենց ընդունած օրենքների դեմ։

Վերջին ամիսներին խիստ մասսայականություն է վայելում սեփականաշնորհման մասին օրենքների դեմ պայքարը։ ՀՀ օրենքը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» մի տարեկան էլ չկա։ ԱԺ-ի կողմից այն ընդունվել է 1997 թ. դեկտեմբերի 17-ին։ Մինչ այդ մեր ընտրյալները (իմա՝ պատգամավորները) պետական ունեցվածքի մասնավորեցման մասին մեծ փորձ էին կուտակել։ Հողը 91-ին էր սեփականաշնորհվել, իսկ մնացած ունեցվածքի գործը 94-ից էր սկսված։ Կարելի է համարձակ ենթադրել, որ միայն մեր պատգամավորները իրենց հարուստ կենսափորձով կարող էին նման օրենք ընդունել։ Հիմա ամենահրատապ (կամ ամենամոդայիկ) թեման միջազգային մրցույթով անցկացվող սեփականաշնորհումից բողոքելն է։ Այն կարգավորվում է վերոհիշյալ օրենքի 16-րդ հոդվածով։ Այս հոդվածի բոլոր պարբերությունները իրավական մտքի գոհարներ են։

Օրենքը ենթադրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախաորակավորմամբ»։ Տեսնո՞ւմ եք, գործողության ինչ ազատություն է տրված գործադիրին. կցանկանա՝ կիրականացնի, չի ցանկանա՝ չի իրականացնի այդ նախաորակավորումը։ Կամ «ՀՀ կառավարության որոշմամբ, մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետեւյալ պայմանները»։ Օրենքում, իհարկե, շարադրված են այդ հետեւյալ պայմանները, բայց չարժե դրանք թվարկել։ Չարժե, որովհետեւ նույն օրենքն ասում է, որ դրանք կարող են առաջադրվել, այսինքն՝ կարող են նաեւ չառաջադրվել։ Միայն այս օրենքը կարդացած մարդու մոտ հաստատ տպավորություն կստեղծվի, որ մեր օրենքները միանշանակ դատողություններ չեն անում։

Պատգամավորները կառավարության հետ վիճում են կոնյակի գործարանի սեփականաշնորհման մասին։ Փորձում են պարզել, երբ է մրցույթի հայտարարությունը եղել՝ հաշվի չառնելով, որ օրենքում գրված է. «Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակորեն՝ դրա սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե ՀՀ կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված»։ Ի՜նչ բազմախորհուրդ իրավաբանական տերմին է՝ նախատեսված այլ բան։ Մասնավորեցման գործող օրենքը համարյա կատարյալ ազատություն է տալիս գործադիր իշխանությանը։ Գործադիրը, բնականաբար, օգտվում է օրենքով տրված հնարավորությունից։ Անհասկանալի է մնում միայն, թե ինչու են պատգամավորները հետո փորձում շտկել իրենց սխալները։ Նման հեքիաթային օրենք ստանալով՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ են վարակվում հեքիաթ պատմելու ախտով։ Օրենքը չի պարտավորեցնում հեքիաթ չպատմել։ Իշխանավորն էլ օգտվում է ու պատգամավորներին պատմում, որ էժան գնով հյուրանոց գնողները պարտավորվել են 22 մլն դոլարի ներդրում կատարել։

Պատգամավորներից ոչ ոք չի խնդրում հրապարակավ ներկայացնել, թե ինչպես է ծախսվելու այդ գումարը։ 22 մլն դոլար ծախսելու ունակ մեկը պետք է, որ գոնե մի քանի թերթի վրա գրեր, թե ինչի վրա է ծախսելու։ Իշխանավորին ու պատգամավորին պետք է որ հետաքրքրեր, թե այդ գումարի որքան մասն է հանրապետությունում ծախսվելու, մասնավորեցման պայմանագրում ինչպես է «տնօրինված» մնացած գումարը։ Սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Կարեւորը կոնկրետ պայմանագիրը չէ։ Կարեւորը հակադրման իմիտացիա անելն է։ Խորհրդարանական ապագա ընտրություններին մեկ տարուց շատ պակաս ժամանակ է մնացել։ Հետեւաբար, պետք է ձեւացնես, որ արժանի ես նորից քվե ստանալու։ Միշտ էլ ավելի հեշտ է ուրիշին քննադատելը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031