Որի անկյուններն են ԱԳՆ-ն, ԱԺ-ն եւ նախագահի նստավայրը
Երեւանի մամուլի ակումբի համար «ամենասխալ» թերթը, բնականաբար, «Առավոտն» է
Երեկ Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսների իր դիտարկումները զանգվածային լրատվամիջոցների շրջանում։ Իսկ դիտարկման բուն նպատակի մասին ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խուսափեց որեւէ մեկնաբանում տալ՝ կարծելով, որ այն կհնչի որպես խիստ պատասխանատու հայտարարություն։ Թե որքանով օգտակար կլինեն այս դիտարկումները, ակումբի կարծիքով, կախված է լրատվամիջոցների տերերից։
Հիշատակումներ՝ ըստ բալանսի
Կարդացեք նաև
Համեմատելով մայիս-հունիս ամիսների դիտարկումների հետ՝ քաղաքական գործիչների հիշատակումների մեջ նկատվել են հետեւյալ տարբերությունները։ Եթե նախորդ շրջանում այդ հիշատակումների բալանսը դրական էր, ապա այս շրջանում 0 է։ Բ. Նավասարդյանն ավելացրեց, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պաշտպանության նախարարն ունեն հիշատակումների բացասական բալանս, «ընդ որում՝ բավականին մեծ մինուսներ են»։
Եթե հիշատակումների բնույթը գնահատենք դրական-բացասականով, ապա թվային պատկերը հետեւյալն է (նշում ենք առավել հետաքրքիրները). Ռոբերտ Քոչարյան- 20 դրական, 32 բացասական, Արմեն Դարբինյան- 3 դրական, 11 բացասական, Խոսրով Հարությունյան- 2 դրական, 14 բացասական, Լեւոն Տեր-Պետրոսյան- 1 դրական, 60 բացասական, Պարույր Հայրիկյան- 0 դրական, 8 բացասական, Վահան Հովհաննիսյան- 0 դրական, 4 բացասական, Սուրեն Աբրահամյան- 1 դրական, 0 բացասական, Արամ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի մասին բոլոր հիշատակումները չեզոք են։
Սերժ Սարգսյան- 0 դրական, 2 բացասական, Գարեգին Առաջին- 1 դրական, 2 բացասական, Կարեն Դեմիրճյան- 2 դրական, 2 բացասական, Լեւոն Մկրտչյան- 1 դրական, 0 բացասական։ Ընդհանրապես բոլոր գործիչների մասին չեզոք կարծիքները շատ են, ինչը եւ ակումբը դրական է գնահատում։
Ճյուղ առ ճյուղ
Ներկայացնենք առանձին լրատվամիջոցներում նկատված առավել հետաքրքիր փաստերը՝ ըստ ակումբի անդամների մասնավոր եւ չեզոք կարծիքների։ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում շատ մեծ ծավալ են զբաղեցնում մշակույթն ու պատմությունը, թեպետեւ վերջին շրջանում գովազդը գերազանցել է դրան։ Ռուսական մամուլից հատկապես Ռուսաստանի ներքաղաքական կյանքի մասին նյութերն ամբողջական արտատպելը բնորոշ են «ՀՀ»-ին։ «Ազգ»-ը ջանում է պահպանել ոչ միայն Արարատյան դաշտավայրի բնակիչների, այլ նաեւ ողջ հայության համար հետաքրքիր թերթի տիպարը։ Այստեղ նաեւ շատ մեծ տեղ է զբաղեցնում միջազգային կյանքը (հատկապես՝ Թուրքիայի եւ Իրանի)։ «Առավոտին» հրապուրում են «լրագրողական սուր խորտիկները», մեծ է քաղաքական գործիչների խոսքին տրված մակերեսը, Պ. Հայրիկյանի եւ Վ. Հովհաննիսյանի պաշտոնների շատանալու հետ մեծացել է նաեւ նրանց մասին հիշատակումների ծավալը։ Բայց «Առավոտի» մասին՝ ավելի ուշ։
«Իրավունք»-ը գիտի մեծ տպաքանակ ունենալու գաղտնիքը (Հայաստանի չափանիշներով) եւ հաջողությամբ գովազդային գործունեություն է ծավալում։ «Հայոց աշխարհը» տարված է մարզական թեմայով։ Խմբագրի եւ աշխատակիցների անհատական հետաքրքրություններով է պայմանավորված հրատարակության բնույթը։ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը, հատկապես նկարները, հիշեցնում են խորհրդային շրջանը, իսկ երեխան ձեռքին Արմեն Դարբինյանը՝ Ստալինին։ «Այժմ» շաբաթաթերթը, օգոստոսին արձակուրդում լինելով, հիշեցնում էր ուղտի ականջում քնածի. բաց թողեց ՌԴ-ի տնտեսական ու քաղաքական ճգնաժամը, ՀՀ գլխավոր դատախազի սպանության փաստը (ի դեպ, ակումբը դժգոհ է ողջ մամուլում այս հարցի վերաբերյալ հետաքննությունների պակասից), վարչապետի՝ Բաքու գնալ- չգնալու հարցը։ (Ակումբը նշում է, որ այս հարցը «Առավոտը» հեգնանքով որակել էր որպես «20-րդ դարի հիմնահարցը. գնա՞լ, թե՞ չգնալ»)։
«Հայքի» մասին գրեթե ոչինչ չի ասվում, բացի գովազդի առկայությունից։ «Երկիրը» շահեկանորեն մյուսներից տարբերվում է նրանով, որ քիչ թե շատ պարբերաբար է անդրադառնում մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Խոսելով էլեկտրոնային լրատվամիջոցների մասին՝ ակումբի անդամ Լաուրա Բաղդասարյանը, հիշելով այն ասացվածքը, թե՝ մահացածի հետեւից կամ լավ, կամ ոչինչ, այնուամենայնիվ, բողոքեց «Լրաբերի» ու «Լուրերի» երկարատեւ սյուժեներից ու հանրապետության ղեկավարների ուղիղ խոսքին հատկացված պաթոլոգիկ երկար ժամանակահատվածներից։ «Կիրակի» լրատվական ծրագրի մեջ Լ. Բաղդասարյանի կարծիքով խիստ ձանձրացնող է միշտ միեւնույն հաղորդավարի դեմքը տեսնելը։
Ազգային ռադիոյի «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակիցն իր դժգոհությունն արտահայտեց՝ «Լուրերի» հետ կապված դիտարկումը համարելով չիրականացված։ Ակումբը նշում է, որ ժամը 21-ին տրվող «Լուրերը» կազմված է ոչ սեփական նյութերից ու տեղեկատվությունից։ Սակայն «Լուրերի» թղթակիցը պարզաբանեց, որ ժամը 21-ի «Լուրերը» կրկնություն է եւ հիմնական հեղինակային նյութերը «Լուրերը» հեռարձակում է ժ. 17-ին եւ 23-ին։ Լ. Բաղդասարյանը, սակայն, ասաց, որ ինքն ի վիճակի չէ ժամը 23-ին լուրեր լսել։
Ի դեպ, ակումբը տեղեկացրեց, որ հիշյալ հաղորդման մեջ տրվող եղանակի տեսությունը, նախալուրերը, ինչպես նաեւ հաղորդավարի՝ «Եթերում «Լուրեր» լրատվական ծրագիրն է» նախադասությունը մտնում են «Գովազդ եւ հայտարարություններ» բաժնի մեջ։ Մուգ դեղին «Առավոտ» Առանց մեկնաբանությունների նշում եմ «Առավոտի» հասցեին հնչած որակումները.
Բորիս Նավասարդյան– «Միտումը («Առավոտի» դեղնելու միտումը- Հ. Բ.) շարունակվում է, ես չէի ասի, որ այն զարգանում է, որ ավելի է դեղնել այս 2 ամսվա մեջ։ Նույն դեղնության մակարդակի վրա է մնացել։ … Ինչի՞ վրա է թերթն ավելի շատ ուշադրություն դարձնում եւ ի՞նչն է ավելի շատ կարեւոր իր համար. ճշգրի՞տ ինֆորմացիա հասցնել ընթերցողին, թե՞ ընթերցողին զարմացնել։ Այդ առումով «Առավոտը» գերադասում է ընթերցողին զարմացնել։ Դա է թերթի նպատակը։ Ես էլի եմ ասում՝ դեղին մամուլը պետք է Հայաստանում, ինչպես եւ լուրջ մամուլը։ Ցավոք, մենք առայժմ ունենք միտում՝ դեղին մամուլի զարգացման եւ ոչ թե՝ լուրջ։ Իսկ «Առավոտի» «Դեղին էջերն» ավելի շատ հումորի, երգիծանքի ժանր էին պարունակում իրենց մեջ, քան դեղին մամուլին հատկանշական ինչ-որ նյութեր։ Եվ ես մնում եմ այն կարծիքին, որ «Առավոտի» մյուս էջերն ավելի դեղին էին, քան «Դեղին էջերը»։
Հետո Բ. Նավասարդյանը հիշեց, որ սեպտեմբերին Ծաղկաձորում կայացած մի սեմինարի ժամանակ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հարցրել են, թե արդյո՞ք որեւէ պաշտոնյայի մասին խմբագրություն եկած սուր փաստը ճշտվում է, եւ Ա. Աբրահամյանը պատասխանել է՝ «Ոչ, միեւնույն է, նա կասի՝ ոչ»։ «Ամեն մի փաստի շուրջ ինչքան հնարավոր է՝ շատ աղբյուրներից պետք է օգտվել՝ ճշտելու համար, բայց մնալ քո կարծիքին»,- ուսուցանեց պրն Նավասարդյանը եւ ավելացրեց. «Շատ հաճախ լրատվամիջոցները վախենում են ստուգել, որպեսզի գտած սուր փաստը չկորցնեն… Եվ դա հենց բուլվարային, դեղին մամուլի եւս մեկ հատկանիշ է»։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ