Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունն իջավ ամբոխի մակարդակին

Հոկտեմբեր 21,1998 00:00
ambox

Վաղուց է հայտնի, որ տաղանդը գնահատելու համար նույնպես տաղանդ է հարկավոր, որովհետեւ մարդ դիմացինի մեջ նկատում է այն, ինչով ինքն է օժտված։ Երբ զուգահեռներ ես տանում այսօրվա իշխանությունների ծավալած հակաքարոզչության հետ, միանշանակորեն պարզ է դառնում, թե ինչ տիպի քաղաքական խավ է ղեկավարում երկիրը։ Հասարակության մեջ լինում է խավ, որը բոլոր խնդիրների շուրջ ժխտողական կեցվածք է ընդունում՝ անկախ նպատակից ու սկզբունքից, սակայն այդ լյումպենացված խավերի դերը իշխանությունների ձեւավորման մեջ շատ սահմանափակ է, քանի որ ոչինչ չգնահատողն ինքը շատ քիչ արժանիքներով է օժտված լինում եւ չի կարողանում դրսեւորվել որպես ընտրվող՝ սահմանափակվելով միայն ընտրողների իրավունքով։ Խոսքն առողջ, ժողովրդավար հասարակությունների մասին է։ Սակայն մեր հասարակության մեջ կարծես թե ամեն սկզբունք գլխիվայր է շրջվել նախեւառաջ ընտրությունների չկայացման պարզ պատճառով։

Փորձենք դուրս գալ այսօրվա քաղաքական եռուզեռից եւ գնահատել իրական ժողովրդավարության մակարդակը Հայաստանում։ Կամա թե ակամա աչք է ծակում երկու հանգամանք.

1. Չի կարող ժողովրդավար կոչվել այն պետությունը, որտեղ չկա իշխանության թեւերի տարանջատում եւ չի գործում վերահսկողության մեխանիզմը։

2. Ժողովրդավարության ամենացայտուն ցուցանիշներից մեկն ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու ունակությունն է։

Երկրորդն այսօր շատ անիրական է, սակայն խորհրդարանի վերջերս կայացած արտահերթ նստաշրջանում փորձ էր արվում իշխանության մի թեւը տարանջատել մյուսներից, որը «հակահարվածի» արժանացավ ժողովրդավարական քողի ներքո ներկայացող իշխանության մյուս թեւերի կողմից։ Եկեք հիշենք Վահան Հովհաննիսյանի վերջին ելույթը ազգային հեռուստատեսությամբ՝ «նախկին նախագահի գործելակերպի ճշտությունն են ուզում ապացուցել շահնազարյաններն ու սիրադեղյանները»։ Մեր կարծիքով, բավական լյումպենացված է պետք լինել՝ Շահնազարյանին Սիրադեղյանից չտարբերելու, Քոչարյանին Տեր-Պետրոսյանից տարբերելու, անցյալի հաջողությունների ու կորուստների հանդեպ բացարձակ ժխտողական կեցվածք ընդունելու համար, երբ նախորդ շրջանի ձեռքբերումներն այսօր վտանգի տակ են։ Իսկ հեռուստատեսային բանավեճից խուսափելու, ապա հետեւից վիրավորանքներ շպրտելու համար…

Փաստացի պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները ժխտողական գաղափարախոսության քարոզարշավ են տանում, սպեկուլյատիվ եզրակացություններ ներարկելով ժողովրդին՝ նախկինների կատարածի եւ չկատարածի մասին, ձեռնպահ մնալով պաշտոնական գնահատական տալուց նախկին գործելակերպին։ Նպատակն ուրվագծվում է. հնարավորին չափ երկար մնալ իրենց զավթած աթոռներին, գրպանները մաքսիմալ չափով լայնացնելու համար։ Եվ թքած, թե ժողովուրդը հավատ է կորցնում եւ անընդունակ դառնում որոշումներ կայացնելու եւ հետեւողականություն ցուցաբերելու։ Հավատի հետ կորցնում ենք նաեւ ժողովրդին։ Ահա այստեղ է կարեւոր, թե ում կողմից է իշխանությունն ընտրված. եթե ժողովրդի կողմից, ապա հենվելով իր ընտրողների վրա, կարող է պայքարել նոմենկլատուրային եւ քրեամետ խավերի ճնշման դեմ, եթե ժողովրդի կողմից ընտրված չէ, այդ դեպքում ժողովրդի հետ երկխոսությունը եւ նրա անունից գործողությունները զուտ սպեկուլյատիվ բնույթ են կրում։ «Ինձ համար, որպես քաղաքացու եւ ՀՅԴ-ի համար որպես կուսակցության այս խորհրդարանն անօրինական է»,- ասում է ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը։

Կարելի է առարկել, որ եղած իշխանության թեւերի մեջ համեմատաբար օրինականը խորհրդարանն է, որը շատ մերժելի էր 1995 թվի Հայաստանի համար, իսկ այժմյան իրականությունում կարելի է թերեւս ձեռքբերում համարել, ու հույս կա, որ այն կարող է իր գործունեության գոնե վերջին տարում պետականությանը նպաստող քայլեր անել։ Իսկ խորհրդարանն ու Սահմանադրությունը հաշվի չառնելու կոչերով շատ պարզ են դառնում, թե ինչի է ձգտում այսօրվա իշխանությունը։ Տրամաբանական հետեւանքը համատարած անօրինականությունն է, որից ելքը միապետական բռնապետությունն ու տեռորն է։ Տպավորություն է ստեղծվում, թե ներկայիս ապօրինի իշխանությունները չեն հասկանում, թե ինչու չի կարելի բռնապետություն հաստատել, թե ինչի համար է իշխանության թեւերի տարանջատումը, թե ինչի համար են պետք ընդհանրապես ընդդիմադիր կուսակցություններն ու մամուլը։ Չէ՞ որ առանց դրանց էլ կյանքն ուրախ է։

Նման իրավիճակ է ստեղծվում, երբ սահմանափակ մտավոր պոտենցիալով մարդիկ ժառանգում կամ ձեռք են բերում իշխանություն՝ հանուն իշխանության, որից բացարձակապես գլուխ չեն հանում, երբ տեղյակ չեն պատմության փորձին եւ չեն ընկալում ու գնահատում արժեքներն ու ավանդույթները։ Սկզբում հարգանքով են լցվում այն արժեքների հանդեպ, որոնք չեն հասկանում, ապա սեփական փորձով ժողովրդավարությունը յուրովի ընկալելուց հետո, հակադրվում են դրան՝ չհամաձայնելով այն ամենին, ինչը հակառակ է իրենց էությանը։ Դիլետանտությունից ելնելով սեփական ցանկությունները սկսում են ներկայացնել որպես իրողություն, եւ զարմանում, թե ինչու դրանք միանշանակորեն չեն ընդունվում հասարակության կողմից։ Ու քանի որ համակարգն այնպես չի կառուցված, որ անձերի դերը նշանակություն չունենա, սկսում են իշխանությունը ծառայեցնել մասնավոր շահերին։

Քաղաքական դաշտը նեղանում ու որակափոխվում է այնքանով, որ առողջ տրամաբանությանն ու պրագմատիզմին փոխարինելու է գալիս էմոցիոնալ ու «բարոյական» դաշտը, ինչը կատարվեց վերջին նախագահական «ընտրությունների» ժամանակ եւ շարունակվում է առ այսօր։ Փոխանակ ժողովուրդը բարձրանար քաղաքականապես գրագետ ու որոշումներ կայացնելու ընդունակ քաղաքացիական հասարակության մակարդակին, քաղաքականությունն իջավ ամբոխներին բնորոշ մակարդակին եւ նույնիսկ մի քիչ ավելի ցածր։

Ռ. ՓԻԼՈՅԱՆ

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031