Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔՆ, ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Հոկտեմբեր 21,1998 00:00
Vahagn Khachatryan

Ինչպես եւ Վահագն Խաչատրյանը խոստացել էր, հոկտեմբերի 20-ին ներկայացավ մամլո ասուլիսի, սակայն մինչ այն սկսելը մի անակնկալ մատուցեց։ Պատգամավորը հայտարարեց, թե մինչեւ Ալեքսան Հարությունյանի հետ իր վեճին անդրադառնալը, որին էլի մեղադրում է զրպարտության մեջ, հարկ է համարում հայացք նետել ներհանրապետական տնտեսական զարգացումներին, որոնց վերաբերյալ կառավարության ներկայացրած տվյալներն իրականությանը չեն համապատասխանում։ Նույնիսկ նկատելի են խորհրդային ժամանակներին բնորոշ դրսեւորումներ՝ պլանային տնտեսություն եւ այլն։

Վահագն Խաչատրյանի կարծիքով, 1997 թվականից Հայաստանում օրենքն արհամարհելը գործելաոճ է դարձել։ Դա նկատելի է թե Կոնյակի գործարանի սեփականաշնորհման, թե բյուջեի կատարման, եւ թե բազմաթիվ այլ ոլորտներում։ Ժամանակին խոստացվել էր, թե 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվելու։ Եթե այդպես լիներ, անմիջապես կնկատվեր, սակայն լինելով պատգամավոր, ինքն անգամ 100 մլն դոլար ներդրումների մասին տեղեկատվություն ստանալ չի հաջողում։ Պատգամավորը եզրակացրեց, որ թե քաղաքական, թե տնտեսական առումով Հայաստանը մեկուսացվում է արտաքին աշխարհից։ Ազատ շուկայական հարաբերություններն էլ, իրենց հերթին, վաղուց արդեն ուղղորդվում են վարչարարությամբ։

Տնտեսական այս ներածականից հետո պատգամավորը հարկ համարեց անդրադառնալ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի «Առավոտ» թերթում իր մասին արտահայտած մտքերին։ Նախ խոսք եղավ այն նախադասության մասին, թե Ա. Հարությունյանն ամբողջապես համաձայն է Վահագն Խաչատրյանի վերաբերյալ Համբարձում Գալստյանի ունեցած տեսակետին։ Մամլո ասուլիս հրավիրած պատգամավորն ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ ինչ է ասել իր մասին Համբարձում Գալստյանը Ալիկ Հարությունյանին։ Սա մեկ, եւ երկրորդ՝ ըստ Վահագն Խաչատրյանի, հանրապետական դատախազությունում նախապատրաստվում է վիճակ, որը հնարավորություն կտա ասել, թե ճիշտ են Ա. Հարությունյանի այն պնդումները, որ Վահագն Խաչատրյանը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության։

Պատգամավորը ներկայացրեց հարցի ե՛ւ արտաքին, ե՛ւ բովանդակային կողմերը։ Պատմության ամբողջ իմաստն այն է, որ քաղաքապետ աշխատելիս Վահագն Խաչատրյանը Երվանդ Քոչար փողոցում գտնվող մի սրճարանի վերաբերյալ, որին կից հետագայում երկու ապօրինի կրպակ է կառուցվել, երեք վճիռ է ընդունել։ Դրանցից առաջինով հրահանգավորվել է քանդել ապօրինի կառույցները, երկրորդով՝ որոշ ժամանակ անց, պատժել հրամանը չկատարածներին եւ երրորդով չեղյալ է հայտարարվել երկրորդ փաստաթուղթը։ Ստացվում է, որ ուժի մեջ է մնացել առաջին փաստաթուղթը։

Ինչպես ներկայացրեց պատգամավորը, այս գործի առնչությամբ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որին ինքը տեղյակ չի եղել ընդհանրապես եւ դրա մասին իմացել է միայն 1998 թվականի փետրվարի 4-ին, երբ, իբրեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, հրավիրել է ՆԳՆ, որպեսզի իրեն հանձնված զենքի հետ կապված անհրաժեշտ ձեւակերպումները թարմացվեն։ Ըստ էության, սա է ամբողջ պատմությունը։ Բնականաբար, լրագրողները դրա ներկայացումից անմիջապես հետո բազմաթիվ հարցեր տվեցին պատգամավորին, եւ նա ի պատասխան հայտարարեց, որ Հայաստանում որեւէ դատարանի օբյեկտիվության վրա հույս չի դնում, Ալիկ Հարությունյանից ավելի լուրջ վարքագիծ էր ակնկալում, վերջինիս հասցրած վնասն իրեն, իր ամեն ինչով, ընդամենը մեկ լումա է գնահատում եւ այսպիսի բաներ։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031