Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի հարկատուի փողերը արդար բաժանելու պահանջ

Հոկտեմբեր 21,1998 00:00
grant

Հայաստանում դրամաշնորհների (գրանտների) մասին օրենք չկա։ Գրանտ ստանալու ցանկությունը մեծ է, եւ չստացողները, բնականաբար, իրենք իրենց հարց են տալիս, թե ինչու իրենք չստացան, այլ ստացավ մյուսը։ Եվ գտնում են պատասխաններ, որոնք այնքան էլ հեռու չեն տրամաբանությունից։ Գրանտատու կազմակերպություններից ամենաշատ դժգոհությունը թերեւս առկա է Եվրասիա հիմնադրամի նկատմամբ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, Եվրասիայի նկատմամբ առկա դժգոհությունը մի քանի անգամ հայտնվել է հայկական մամուլում, սակայն որեւէ արձագանք եւ հետեւանք չի ունեցել։

Ընդհակառակը, հիմնադրամի Անդրկովկասյան մասնաճյուղի ղեկավար Լորենս Այվազյանը, որպես միջազգային դիտորդ, մասնակցել է 1996 եւ 1998 թթ. նախագահական ընտրություններին, եւ արձանագրել է, որ դրանք համապատասխանում են ամերիկյան եւ եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։ Եվրասիա հիմնադրամի եւ նրա տարածաշրջանային ղեկավար Լորենս Այվազյանի նկատմամբ, հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում, իր դժգոհությունը հայտնեց նաեւ «Սնարք» լրատվական գործակալության տնօրեն Էմանուել Մկրտչյանը՝ հայտարարելով, որ պրն Այվազյանը գրանտներ շնորհելիս առաջնորդվում է անձնական եւ խմբակային շահերով։ Ասուլիսի ավարտից հետո պրն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնեց մեր թերթի միջոցով ավելի մանրամասն բացատրություններ տալ իր հայտարարության վերաբերյալ։

Սկսենք «Սնարք»- Եվրասիա կոնֆլիկտի նախապատմությունից։ 1995-ին «Սնարքը» հիմնադրամին ներկայացնում է «Հայաստանում ֆինանսական շուկայի ձեւավորումը» անվանումը կրող մի նախագիծ։ Հիմնադրամի կողմից ստացվում է դրական պատասխան, որն էլ պատճառ է հանդիսանում «Սնարք» գործակալությունում առաջացող կոնֆլիկտին։ Գրանտի նախագծի ղեկավարը, նկատի ունենալով, որ դրամ է բերելու գործակալություն, սկսում է իր կամքը թելադրել։ Նախկին տնօրենը իր «հաջողակ» աշխատակցին հեռացնում է գործակալությունից եւ դիմում Լորենս Այվազյանին՝ խնդրելով, չեղյալ հայտարարել գրանտի նախագիծը։ Սրանից հետո «Սնարքը» եւս երեք անգամ դիմում է Եվրասիա հիմնադրամին եւ երեք անգամ էլ մերժվում։ Հակառակը, «Սնարքից» հեռացված աշխատակիցը դառնում է «Առկա» գործակալության («Սնարքի» մրցակից) փոխտնօրեն, երկու տարվա ընթացքում հաջողացնում է ստանալ 3 գրանտ՝ 60 հազար ընդհանուր գումարով։

«Սնարքը» ստեղծվել է դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք՝ 1991-ին։ 1994-ի մարտից մենք սկսեցինք տպագրել «Անդրկովկասի բիզնես-բյուլետենը»։ 1996-ին մենք «Եվրասիա» հիմնադրամին ներկայացրինք «Բիզնես-բյուլետենի զարգացման» ծրագիր, որը հիմնադրամի կողմից մերժվեց։ Դրա փոխարեն, ըստ էության, Եվրասիայի դրամով ստեղծվեց «Առկա» գործակալությունը, որը զբաղվում էր նույնպիսի գործունեությամբ, ինչպիսին «Սնարքը»։ Նրանք սկսեցին տպագրել նույնատիպ բիզնես բյուլետեն եւ 6 ամիս անվճար բաժանել բանկերին։ «Սնարքը», այդ բյուլետենը վաճառելով, ինքնաֆինանսավորվում էր, իսկ Եվրասիա հիմնադրամը, որը ստեղծված է շուկայական տնտեսության եւ ազատ մրցակցության գաղափարները քարոզելու նպատակով, ստեղծեց անառողջ մրցակցության մթնոլորտ,- պատմում է Էմանուել Մկրտչյանը, ապա վրդովված հարցնում,- եթե դու բանկիր լինես, կգնե՞ս «Սնարքի» 40 դոլարանոց բյուլետենը, թե՞ նվեր կընդունես «Առկա»-ինը, որը էն գլխից այդ գումարը ստացել է Եվրասիայից»։

Այնուհետեւ 1997-ին «Սնարքը» Եվրասիային է ներկայացնում պլաստիկ քարտերի գաղափարը գովազդող նախագիծ, իսկ 1998-ին «Ինտերնետում» էլեկտրոնային թերթ անելու նախագիծ, որոնք երկուսն էլ մերժվում են։ Էմանուել Մկրտչյանը ցույց է տալիս նաեւ գրանտ ստացած կազմակերպությունների ցուցակը։ Ցուցակում մի քանի կազմակերպությունների անուններ էին, օրինակ՝ Հայաստանի բանկերի ասոցիացիան, «Նոյան տապանը», Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Առկա» գործակալությունը, Երեւանի մամուլի ակումբը գրանտներ են ստացել մի քանի անգամ եւ այդ գումարները հաճախ անցնում են 100 հազար դոլարից։

«Եթե մի կազմակերպությանը մի քանի անգամ անընդհատ մերժում են, իսկ մյուսներին անընդհատ տալիս, ապա ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ կա գրանտ ստացողների որոշակի ցուցակ, որոնք ֆոնդի ղեկավարի վստահելիներն են։ Պարզ է, որ այս շրջանակը ձեւավորվել է ոչ հենց այնպես,- ասում է Էմանուել Մկրտչյանը, ապա ավելացնում,- այստեղ նշված է «Թիմ» մամուլի կենտրոնը, որը երկու անգամ գրանտ է ստացել՝ մոտ 100 հազար դոլար։ Որեւէ լրագրող չի կարող ասել, թե իրեն այդպիսի մամուլի կենտրոն է հայտնի։ Պարզ է, որ հատուկ նպատակների համար կազմակերպված «փուչիկ» կազմակերպություն է»։

-Իսկ ի՞նչ արդյունք է տվել գրանտները արդարաբար բաժանելու քո պայքարը։

-Այն, որ ամերիկյան դոլարները գտնվում են Լորենս Այվազյանի անձնական հաշվում, դեռ չի նշանակում, որ դրանք իրենն են։ Այդ գումարներն ամերիկացի հարկատուինն են եւ Ամերիկայի կառավարությանը, որոնք նպատակահարմար են գտել այդ գումարներն ուղղել մեր երկրում ժողովրդավարության, ազատ շուկայի, քաղաքացիական հասարակության արեւմտյան չափանիշների արմատավորման համար։ Այլ խնդիր է, որ այդ գումարները ծախսվում են ոչ ըստ նպատակի։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031