Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների թե՛ միջ-, թե՛ ներքաղաքական իրավիճակներում ինչ-ինչ անհարթություններ փնտրողներն իրենց չարաչար սխալված ու խաբված կհամարեին, եթե երեկ ներկա լինեին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ճեպազրույցին։ Որպես վառ ապացույց՝ ասեմ հետեւյալը. պրն Ղուկասյանը Հայաստան է եկել 3 օրով (հակառակ դեպքում՝ կարող էր, չէ՞ մեկ օրով գալ), ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցեց ոչ թե մեկ, այլ երկու ժամ։ Եվ, ամենակարեւորը, ճեպազրույցից հետո դարձյալ վերադարձավ ՀՀ նախագահի նստավայր (կարող էր, չէ… կամ կարող էին, չէ՞…)։
Լրագրողներիս երկար սպասումներից հետո վերջապես երեւաց պրն Ղուկասյանը։ Տրամադրությունն, ամեն դեպքում, աչքի չէր ընկնում բարձրությամբ։ Ավելի շուտ՝ հոգնած էր։ Նախագահ Քոչարյանի բացակայությունն աչք չծակեց, քանի որ պրն Ղուկասյանը հարցերին պատասխանում էր քոչարյանական համառոտությամբ (ու մի քիչ էլ առոգանությամբ)։ Հավաստելով, որ մեր երկու (ՀՀ, ԼՂՀ) պետությունների միջեւ որեւէ լուրջ հակամարտություն չկա, պրն Ղուկասյանն անդրադարձավ Ալիեւի վերընտրության եւ դրա հետ կապված ռազմական հնարավոր գործողություններին. «Ես չեմ գտնում, որ բանը կարող է ռազմական կոնֆլիկտի հասնի։ Չկա էսօր ոչ մի հիմք. ո՛չ ռազմական, ոչ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական»։
«Առավոտի» այն հարցին, թե այս այցը ում նախաձեռնությունն էր եւ ինչ հարցեր քննարկվեցին, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Դե, սովորաբար եթե ես գալիս եմ Երեւան, մենք անպայման հանդիպում ենք»։ Իսկ մյուս հարցին, թե Քոչարյանի հետ չքննարկվե՞ց Ղարաբաղի ներքաղաքական վիճակը, ասաց. «Ղարաբաղի ներքաղաքական վիճակը կարիք չկա քննարկել Քոչարյանի հետ, քանի որ ԼՂՀ ներքաղաքական վիճակը նորմալ է»։ – Այդ դեպքում՝ ի՞նչ էիք անում այս երկու ժամվա ընթացքում։ – Գիտեք, շա՜տ հարցեր կային՝ տնտեսական, քաղաքական, Հայաստանի ներքաղաքական, չենք հասցրել Ղարաբաղի մասին խոսել, ժամանակը քիչ էր։ Նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում կայանալիք խորհրդաժողովին Ղարաբաղը կներկայացնի պրն Ղուկասյանը, քանի որ հրավերն իր անունով է։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ԼՂՀ նախագահը կշնորհավորի՞ Ալիեւին, պրն Ղուկասյանն ասաց. «Երեւի իմաստ կունենար շնորհավորելը, բայց քանի որ Ալիեւն ինձ չի շնորհավորել, ես էլ իրեն չեմ շնորհավորի»։
Հարցերին պատասխանելիս պրն Ղուկասյանը կարմիր թելի պես այն միտքն էր տանում, թե Արցախի ներքաղաքական վիճակը միայն վարչապետի ընտրության ընթացքում է լարվել, այժմ առավել քան լավ է։ Ադրբեջանի այն պնդմանը, թե Ստրասբուրգի հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, նախագահն ի՛ր տեսակետն ուներ. «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը կարող է մասնակցի Ադրբեջանի պատվիրակության կազմում։ Դա իրանց պրոբլեմն է»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական վիճակների՝ ԼՂՀ-ի վրա ունեցած ազդեցությանը, ըստ պրն Ղուկասյանի՝ «Այս ռեգիոնը, եւ ընդհանրապես, աշխարհը, պետություններն այնքան են կապված իրար հետ, որ անհնար է որեւէ երկրում ծավալված իրադարձություններն ազդեցություն չունենան մյուս երկրի վրա։ Բայց չեմ գտնում, որ դա կլինի անմիջապես եւ լուրջ ազդեցություն»։
Կարդացեք նաև
Երկու հանրապետությունների նախագահների հանդիպման մանրամասները շատ անմիջական ու անորոշ ներկայացրեց Արկադի Ղուկասյանը. «Գիտեք, սովորաբար, ես պատմում եմ մեր պրոբլեմների մասին, պրն Քոչարյանն ինձ ներկայացնում է Հայաստանի պրոբլեմները։ Ինֆորմացիայի փոխանակում էր. լուրջ քննարկումներ չեն եղել»։ Իսկ, առհասարակ, պրն Ղուկասյանը (ճիշտ Քոչարյանի պես) ծանոթ խնդիրներ է բարձրացնում. գործարաններ, աշխատատեղեր, գյուղատնտեսություն, բյուջե. «Կան լուրջ սպասելիքներ սփյուռքից եւ Հայաստանից»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ. Մինչ սպասում էինք ԼՂՀ նախագահի «գալստյանը», ՀՀ նախագահի մոտ ընդունելության էին սպասում «ՇԱՐՄ»-ի «տղաները»՝ բոլորն էլ արտգործնախարարի կեցվածքով։ Եկավ ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանը՝ ընտիր «կաստում-շալվարով»։ Քիչ հեռվում անորոշ քայլում էր Դավիթ Վարդանյանը։ Ամենը լավ է, բայց ո՞րտեղ («թարգմանությունը» նրանց համար է, ովքեր դեռ այնքան էլ լավ չեն տիրապետում Ղարաբաղի բարբառին)։