Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽՈՐԴԸ ՁԱԽՈՂՎԵՑ։ ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՆՈՐ ԽՈՍՆԱԿԸ

Հոկտեմբեր 21,1998 00:00
Kasya Abgaryan

«Այն պարտականությունները, որոնք զուգահեռաբար դրված էին իմ վրա՝ հաճույքով փոխանցում եմ մեր նոր խոսնակ Վահե Գաբրիելյանին»,- իր խոսքն այսպես ավարտեց Կասյա Աբգարյանը։ Իսկ նախագահի նոր մամուլի քարտուղարն իր խոսքն այսպես սկսեց. «Շնորհակալություն, Կասյա»։ Խոսնակների խաղաղ իշխանափոխությունն, այսպիսով, կայացավ։

Ցտեսություն, տիկին Աբգարյան

Միայն վերջերս պարզ դարձավ, որ տիկին Կասյան «զուգահեռաբար» էր մամլո քարտուղար։ Իր առաջին ճեպազրույցում նա լիովին խառնել էր խաղաթղթերը՝ միաժամանակ հայտարարելով, որ ինքը նշանակվել է խոսնակ, ու նաեւ, որ այդ պարտականությունները դրվել են իր վրա։ Ինչ վերաբերում է «հաճույքով փոխանցելուն»՝ զարմանալի զուգադիպությամբ հենց իր վերջին ասուլիսում էր տիկին Կասյան մի հայտարարություն արել, որը մեջբերեցին գրեթե բոլոր թերթերը. «Իմ նշանակումիցս շատ գոհ եմ հիմա։ Չեմ պատրաստվում դուրս գալ»։ Ընդհանրապես չարժե հեռացողի հետեւից չարախնդալ (չնայած տիկին Կասյայի պաշտոնավարման օրոք էլ պետական լրատվամիջոցներից բացի որեւէ մեկը խոսնակի հանդեպ գոնե չեզոք վերաբերմունք չդրսեւորեց. թերթերը նրան բացառապես քննադատում էին), սակայն նրան փառք ու պատվով ճանապարհեցին, խոստացան, թե շարունակելու է համակարգել այս ոլորտի աշխատանքները, ուղղակի այլեւս ժամանակ չունի կատարել նաեւ խոսնակի պարտականությունները։

Ինչպես Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ այցելության օրերին ժամանակ չէր գտել հանդիպել պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ

Համենայնդեպս, տիկին Կասյան այդպես էր հայտարարել։ Այդ նույն վերջին ճեպազրույցում տիկին Կասյան Քոչարյանի՝ ԱՄՆ այցելության նպատակն այսպես էր բնորոշել. «Շատ կարեւոր էր, որ սփյուռքահայերն ուղղակի իրա բերնից լսեին իրա քաղաքականությունը»։ «Ամեն լծակ պետք է օգտագործել, որպեսզի… միջազգային բեմի վրա ընդունվի հայ ցեղասպանությունը» ասելով. «լծակ բառի «լ»-ն գրեթե անլսելի էր արտասանել, որ լրագրողներին անկեղծ զվարճության եւ բազմաթիվ բառախաղերի առիթ տվեց։

Եվ ամենակարեւորը. տիկին Կասյան դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթում պարունակվող ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հայտարարությունը պահանջատիրությունը պետական քաղաքականություն հռչակելու առաջին քա՞յլն է։ Հետո էլ նախագահի խորհրդականի գրասենյակի աշխատակիցները հերթով խմբագրություններ էին զանգահարում եւ խնդրում չհրապարակել այս պատասխանը։

Ի դեպ, նկատի առնելով խնդրի կարեւորությունը՝ «Առավոտն» այդպես էլ վարվեց։ Սակայն չլռեցին այլ թերթեր։ Միայն վերջին ասուլիսից այսքան մեջբերումներ կատարելուց հետո նշենք, որ Կասյա Աբգարյանը երեկ խոստացավ. «Որպես նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ հետադարձ կապի գծով խորհրդական՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը ձեզ հետ։ Ուզում եմ շեշտել, որ հատուկ ուշադրություն եմ դարձնելու միջազգային տեղեկատվության վրա»։

Ողջույն, պարոն Գաբրիելյան

Vahe Gabrielyan

Իր բավական ներկայանալի արտաքինի շնորհիվ նախկին խոսնակն, այնուամենայնիվ, տղամարդ լրագրողների համակրանքն էր վայելում։ Մի հեռուստալրագրող իր ռեպորտաժներն անգամ այսպես էր սկսում. «Ինչպես եւ նախորդ ասուլիսին, տիկին Աբգարյանը նույնքան գեղեցիկ էր, նույնքան սլացիկ եւ արեւմտյան թեթեւ առոգանությամբ»։ Կանայք առավել բարդույթավորված են եւ որեւէ մեկը չի գրի, թե Վահե Գաբրիելյանը բարետես է (չնայած դա է իրականությունը) եւ որ առավել հաճելի է՝ առանց որեւէ առոգանության է խոսում, գրական հայերենով։ Կին լրագրողների փոխարեն Վահե Գաբրիելյանի կենսագրության մասին ամեն ինչ իմանալու գործառույթը ստանձնեց «Իրավունքի» թղթակիցը։ Նրա մի հարցի շնորհիվ պարզեցինք, որ նախագահի 33-ամյա խոսնակը, չնայած իր դիվանագիտական փորձառությանը, կարմրելու հատկությունը չի կորցրել։ Այսպես, Հովհաննես Գալաջյանը համընդհանուր քրքիջից բնավ չազդվելով հետաքրքրվեց. «Ոգելից խմիչքի ո՞ր տեսակն եք նախընտրում։ Ինչպե՞ս եք գեղեցիկ սեռի հետ։ Ծխո՞ղ եք, թե՞ ծխող չեք»։

«Սա ինչ-որ ակումբի անդամագրվելու հա՞յտ է, թե՞ ուղղակի հարց»,- հակադարձեց պրն Գաբրիելյանը։ Սակայն «Իրավունքին», այսպես ասած, մերկ ձեռքերով չես վերցնի. «Քանի որ Դուք պաշտոնատար անձ եք՝ բնականաբար, անձնական հարցեր լինել չեն կարող»։ Խոսնակը համակերպված պատասխանեց. «Շատ բարի։ Չեմ ծխում, չեմ ծխել, չեմ էլ ծխելու։ Կանանց վերաբերյալ այդպիսի կատեգորիկ հայտարարություն անել չեմ կարող։ Իսկ խմիչքի վերաբերյալ, կարելի է ասել՝ համարյա չեմ օգտագործում՝ տարվա մեջ մի քանի բաժակ»։ «Բայց ի՞նչ կոնկրետ»,- գործը հաղթական ավարտին հասցրեց պրն Գալաջյանը («եւ ի՞նչ բաժակ»,- տեղից լրացրին նրան)։ «Բոլոր խմիչքները հավասարապես բանի պետք չեն»,- քննությունը հաջող հանձնածի անվրդովությամբ պատասխանեց Վահե Գաբրիելյանը։

«Առավոտի» հարցն էլ էր ճանաչողական։ Նախ հետաքրքրում էր, թե արդյոք նոր խոսնակը հետեւո՞ւմ է մամուլին։ Պատասխանը դրական էր։ Նաեւ հետաքրքրում էր, թե արդյոք ԱԳՆ նախկին աշխատակիցը ներքաղաքական իրողություններին լավատեղյա՞կ է եւ ծանո՞թ է այդ խնդիրների վերաբերյալ նախագահի դիրքորոշումներին։ «Իմ կարծիքով, ծանոթ եմ ներքաղաքական իրավիճակին։ Գուցե ոչ այնքան, ինչքան ամենահաս լրագրողները։ Կաշխատեմ հասնել ձեզ եւ անցնել»,- մասնավորապես պատասխանեց Վահե Գաբրիելյանը։

Չնայած այս ճեպազրույցում էլ նախագահի շաբաթվա ծրագիրը ներկայացվեց, Վրաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ մեկ-երկու հարց հնչեց, սակայն ընդհանուր առմամբ սա ավելի շուտ մերձեցման հավաքույթ էր։ Լրագրողները դեռ տնտղում էին նոր խոսնակին, փորձում նրա ոճը զգալ ու պարզել, թե արդյոք չի խուսափում որոշակի պատասխաններից։ Սակայն գնահատականների համար դեռ խիստ վաղաժամ է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031