Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔ ՉԻ ԵԿԵԼ ՄԵԶ ԽՐԱՏ ՏԱԼՈՒ, ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ»

Հոկտեմբեր 20,1998 00:00
xosqi azatutyun

Երեւի կանխարգելելու հույսով լրագրողների բողոքը, թե էլի արտասահմանցիները մեզ սովորեցնում են՝ ոնց ապրենք, երեկվա սեմինարը բացելով արդարացավ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Հարություն Կարապետյանը։ Նաեւ հավելեց, որ սեմինարի իմաստի իր ընկալմամբ՝ «սա փորձի, մտքերի փոխանակում է, որպեսզի կարողանանք կատարյալ օրենք ստեղծել Հայաստանի համար։ Ոչ մի երկրի օրենք, եթե մենք թարգմանենք, Հայաստանում չի աշխատի»։

Խոսքի ազատության լավն ու վատը

Պարոն Կարապետյանը նկատի ուներ ԶԼՄ-ներին առնչվող օրենք(ներ)ը, իսկ «ՀՀ տեղեկատվական ոլորտի օրենսդրական դաշտի բարելավումը» թեմայով երկօրյա սեմինարը, որ կազմակերպել են իր ղեկավարած վարչությունն ու ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալությունը (USIS), հուսով էր, թե կօգնի նման կարեւոր գործում։ Ու թե որքան էր կարեւորվել ՀՀ տեղեկատվական ոլորտի օրենսդրական դաշտի բարելավումը, կարելի էր եզրակացնել սեմինարի հրավիրյալների ցուցակից՝ ՀՀ եւ ԱԺ նախագահների համապատասխան խորհրդականներից սկսած, մինչեւ գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների (ողջ Հայաստանի) ղեկավարներ ու աշխատակիցներ։ Սակայն ցուցակի պարունակությունն ավելի ճո՜խ էր, քան սեմինարի սրահինը։ Քիչ թե շատ «հայտնի» դեմքը ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ Արամ Մկրտչյանն էր, որ ողջ սեմինարի ընթացքում խորամանկ ժպտում էր։

Մինչ խոսքը սեմինարի հիմնական զեկուցողին՝ Բոստոնի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաս Դանիլովին փոխանցելը՝ պարոն Կարապետյանը նախ նրա անունից հավաստիացրեց, թե «մի կարճ խոսք կասի, որից հետո սիրով կպատասխանի ձեր հարցերին», հետո էլ իր անունից խոսեց «մի բարդ պրոբլեմի մասին»։ Նրա պատկերացմամբ. «Բոլոր երկրներում հակասության մեջ են խոսքի ազատությունն ու պետության ներքին ստաբիլությունը։ Մի կողմից, կառուցում ենք ժողովրդավարական պետություն, մյուս կողմից ուզում ենք խոսքի, մամուլի ազատություն»։

Երեւի թե գոնե իր համար պարոն Կարապետյանը այդ «բարդ պրոբլեմը» լուծել էր, քանի որ հակառակում չընդունող տոնով հայտարարեց. «Խոսքի ազատությունը չպետք է խարխլի երկրի կայունությունը», ընդ որում՝ պնդելով, որ դա բոլորի կողմից է ընդունված. թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի երկրների, թե՛ սոցիալիզմից հրաժարվածներիս կողմից։ Սակայն ամերիկացի զեկուցողի բերած փաստերն ու պնդումները նրա այդ տեսակետին այնքան էլ համահունչ չէին։

Արդեն արտասահմանցի «մամուլագետների» խոսքին անցնելով՝ չենք կարող մի երկու «լավ» խոսք չասել թարգմանության մասին։ Չգիտեմ՝ հյուրերի առաջին դեմքով խոսքը երրորդ դեմքով մատուցելու թարգմանչի նախասիրությունն էր պատճառը, թե մի այլ բան, բայց ասվածի հայերեն տարբերակը երբեմն անհասկանալի, երբեմն էլ զավեշտական է լինում։ USIS-ի տնօրեն Մելիսա Քուպերը մի բոլ գովելով մամուլի ազատությունը ԱՄՆ-ում ու իրենց նախագահների խոսքերից մեջբերումներ անելով՝ ներկայացրեց իրենց մամուլի ոչ պակաս գովելի մասնագետին՝ Նիկոլաս Դանիլովին ու իմիջիայլոց տեղեկացրեց, որ վերջինիս հրավիրել են Ադրբեջանից հետո գալ Հայաստան։ Ինքը՝ զեկուցողը, այդ հրավերն իր համար զարմանալի որակեց՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում էր գտնվում նախագահական ընտրություններին հետեւելու դիտորդական առաքելությամբ։

Բնական էր, որ լրագրողներն այդ տեղեկատվությանը անտարբեր մնալ չէին կարող եւ մենք էլ, թեմայից շեղվելով, ներկայացնենք պարոն Դանիլովի կարծիքը Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ազատ, բայց՝ ոչ արդար Խիստ ծանոթ այս որակմամբ բնութագրվեցին այդ ընտրությունները։ Պարոն Դանիլովը նախապես ապահովագրեց իր կարծիքը, հայտնելով, որ կար չորս ազար ընտրատեղամաս եւ միայն 70 դիտորդական խումբ։ Բայց իր դիտարկումներով խախտումներ արձանագրվել են. ոստիկանը մասնակցել է քվեաթերթիկների հաշվման արարողությանը, իսկ արդյունքների մասին անմիջապես զանգահարել (պարոն Դանիլովի կարծիքով՝ Ներքին գործերի նախարարություն)։ Պարոն դիտորդը եզրակացրել է, որ այդպիսով Ալիեւը ցանկացել է ավելի վաղ իմանալ արդյունքները եւ եթե դրանք իրեն չբավարարեն, դիմի ինչ-որ քայլերի։

Ավելի քվեաթերթիկներ գցելու ավանդական խախտումի մասին էլ չենք խոսում։ Բայց ամենահետաքրքիրը դիտորդի համար այն էր, որ ադրբեջանական մամուլը հրապարակել է Եվրախորհրդի եզրակացության միայն առաջին մասը, որում ասվում է, որ ընտրություններն ավելի լավն էին, քան 1993 թվականինը, եւ շատ տեղամասերում ամեն ինչ տեղի ունեցավ օրենքով։ Իսկ այն մասը, որ նկատվել են մի շարք խախտումներ, եւ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, «մոռացել» են հրապարակել։ Դրան, բոլոր ժամանակների «իշխանամետ» Սաշիկ Իսկանդարյանը արձագանքեց՝ շատ էլ լավ են արել։

Աստված հեռո՞ւ պահի էդ ազատությունից

Մեզ հետ իր մտքերը կիսելու իրավունքն արդարացնելու ցանկությամբ պարոն Դանիլովը տեղեկացրեց, որ աշխատություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի մասին գրված՝ չնայած անկեղծորեն խոստովանեց, որ դրանք գնահատվել են «անարդար եւ քննադատական»։ Ընդ որում, ամենից շատ վիրավորվել էին վրացիները՝ չնայած նրանց մասին ոչինչ չկա գրված։ Այնուամենայնիվ, Նիկոլաս Դանիլովն ավետեց, որ այստեղ է «կոնստրուկտիվ ծրագրով եւ մտադիր է օգնել մեր օրենսդրական դաշտի կայացմանը»։ Նա իր խոսքը սկսեց նման մի հարցադրումով՝ արդյո՞ք հասարակությանն անհրաժեշտ է մամուլի մասին օրենք։ Ամերիկացիների փոխարեն հավաստիացրեց, որ այդ հարցին նրանք կպատասխանեին՝ ոչ, քանի որ կա Սահմանադրությունը։ Նրա մի կետը ներկայացվում է որպես մամուլի ազատության երաշխիք՝ չնայած այն այնքան կարճ է, որ բացատրությունների կարիք ունի, ինչով եւ անընդհատ զբաղվում են ԱՄՆ-ում։ Իսկ այդ կարճ կետի բովանդակությունն այն է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը չի ընդունի այնպիսի օրենք, որը հաշվի չի առնում կրոնի, խոսքի, մամուլի ազատությունը, ժողովների, հավաքույթների, կառավարությանը դիմելու եւ նրա նկատմամբ իր դիրքորոշումը հայտնելու իրավունքը։

Վստահորեն պնդելով, թե ոչ մի դեպքում գրաքննություն չպետք է լինի, պարոն Դանիլովը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ում հենց այդպես է՝ բերելով երկար-բարակ պատմություններ ամերիկյան մամուլի փառավոր հաղթանակներից։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը պաշտպանել է «Նյու Յորք Թայմսին» ոչ միայն հասարակ մահկանացուներից, այլ հենց ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնից՝ Վիետնամի պատերազմին առնչվող հրապարակումների հարցում։ Արձագանքելով այն նկատողությանը, թե օրինակները շատ հնաբույր էին, զեկուցողը հավաստիացրեց, որ այսօր էլ է այդպես։ Ոչ ոք իրավունք չունի մամուլի որեւէ միջոցի արգելել, որ չհրապարակի իր ձեռք բերած տեղեկությունը, եւ մինչ հրապարակումը պատժելու, պատասխանատվության կանչելու տարբերակը բացառվում է։ Դրանից ենթադրելի է, որ հրապարակումից հետո նման բան հնարավոր է։

Գրաքննության բացակայության արժանիքները թվելիս զեկուցողը զգուշացրեց, որ կզարմացնի ու հայտարարեց, որ ԱՄՆ-ում մամուլը կարող է սովորեցնել, ինչպես բռնի ուժով հեռացնել կառավարությանը կամ ռասայական խտրականություն քարոզել, որը մինչեւ սպանությունների կարող է հասնել։ ԱՄՆ-ում կարող են գրավոր եւ բանավոր վիրավորել պրեզիդենտին, վառել դրոշը՝ իբրեւ բողոքի ցույց։ Այսքանից հետո զեկուցողը հարցրեց՝ «Ուզում ե՞ք նման ազատություն Հայաստանի համար», ինչին սեմինարի մի տարեց մասնակից արձագանքեց. «Աստված հեռու պահի էդ ազատությունից»։ Վերոնշյալ ազատությունների սահմանափակումները մի օրենքներով ԱՄՆ-ի ներկայացուցիչը բացասական որակեց՝ պնդելով, որ նման հարցերը պիտի քրեական օրենսգրքով կարգավորեն։

Ցանկացած տեղեկություն հրապարակելու՝ ամերիկացի մեր գործընկերների իրավունքից հիացածներիս անմիջապես սթափեցրեց պարոն Դանիլովի այն ճշտումը, որ տեղեկություն ձեռք բերելու հարցում ամերիկացի լրագրողները նույնպես դժվարություններ ունեն։ Եվ ամենալավ լրագրողներ համարվում են հենց նրանք, ովքեր ձեռք են բերում տեղեկություններ՝ անկախ այդ խոչընդոտներից։ Չնայած կոնգրեսն օրենք է ընդունել ազատ տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող, սակայն որոշ հարցերում աշխատում են ինֆորմացիան գաղտնի պահել, եւ նման միտում հատկապես վերջին շրջանում է նկատվում։ Իսկ պարոն Դանիլովի այն մեղադրանքին, որ մամուլի խոսնակներն ավելի շատ խանգարում են, քան օգնում տեղեկատվության հարցում, ի պատասխան արդարացավ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչը, պնդելով, որ իրենց գերատեսչությունից «ինֆորմացիա կորզելու խնդիր լրագրողները չունեն»։

Պարոն Դանիլովը հակառակվեց, թե շատ լրագրողներ իրեն հակառակն են ասել, բայց, այնուամենայնիվ, մի հանպատրաստի քվեարկություն անցկացրեց։ Եվ բարձրացված ձեռքերը տեսնելով՝ շնորհավորեց ԱԳՆ-ին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031