Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է տնօրինվելու երկու միլիարդը

Հոկտեմբեր 20,1998 00:00
tntesutyun

Վերջապես ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ ինչպե՞ս է լուծվելու 2,5-3 մլն աշխատունակ բնակչության զբաղվածության թնջուկը:

ԱՄՆ-ից ՀՀ վարչապետի վերադարձից հետո հայտարարվեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի տնտեսության զարգացման մեջ առաջիկայում 2 մլրդ դոլարի ներդրումներ են կատարելու։ Այս սուղ տեղեկատվությանը կհետեւե՞ն վարչապետի ու կառավարության կողմից անհրաժեշտ մանրամասն պարզաբանումները։ Ե՞րբ են սկսելու Հայաստանին նշված 2 մլրդ դոլարի հատկացումները, եւ տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացմանն են դրանք նպատակաուղղվելու։ Ընդհանրապես, այսօրվա դրությամբ ի՞նչ ասել է Հայաստանի տնտեսություն, դրա տակ ո՞ր ճյուղերն են նկատի առնվում, կառավարության կողմից ե՞րբ է հստակեցվելու հանրապետության համար հեռանկարային, ռազմավարական նշանակության տնտեսական ճյուղերի ցանկը, ընդհանրապես, Հայաստանում բնակվող աշխատունակ բնակչությանը ե՞րբ է երաշխավորվելու աշխատանքային անհրաժեշտ ընդգրկվողականությամբ ճակատ, եւ զբաղվածության ինչպիսի՞ բնագավառներ են գործելու հանրապետությունում։

Վերջին տարիներին այս եւ նմանօրինակ հարցերը եղել են Հայաստանի մամուլի եւ հասարակա-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, դարձել ներքին կյանքի գլխավոր կենսական հարցերը, քաղաքական պայքարի եւ ընտրարշավների հիմնական խաղաթղթերը։ Տնտեսություն ասելով մինչեւ այժմ հիմնականում շեշտադրումները կատարվել են արդյունաբերության ուղղությամբ։ Առ այսօր մենք չենք ձերբազատվել արդյունաբերական երկիր դառնալու համոզմունքից եւ ինչպես զբաղվածության, այնպես էլ երկրի զարգացման հետ կապված հարցերը կապում ենք տնտեսության այս ճյուղի վերականգնման հետ։ Եվ դա նախագահի թեկնածուների մակարդակով։ Թե՛ 1996, թե՛ 1998 թթ. նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուների՝ հարազատ ժողովրդին տրված գլխավոր, առանցքային խոստումը եղել է արդյունաբերության վերականգնումը։ Սակայն ի՞նչ մակարդակով։

Այս հարցում նախագահական երկու ընտրությունների ժամանակ էլ եւ ոչ մի թեկնածու ոչ մի կոնկրետացված ծրագիր չէր ներկայացրել, որը, չգիտես ինչու, վրիպեց հայ ընտրողի ուշադրությունից։ Ակնհայտ է, որ հանրապետության արդյունաբերության զարգացման համար թե՛ գործող կառավարությունների, թե՛ նախագահի թեկնածուների ծրագրում, նախ, պետք է նշվեին ռազմավարական նշանակության այն ճյուղերը, որոնք հեռանկարային են, զարգացման հնարավորություններ ունեն, կանխորոշելու են Հայաստանի ծանրակշիռ դերը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տնտեսական ինտեգրացվող համակարգերում։ Ըստ ռազմավարական ճյուղերի սահմանման, պետք է նաեւ նշվի յուրաքանչյուր ճյուղի գծով այն գործարանների ցանկը, որոնց հզորությունների վերականգնմանն էլ պետք է նպատակաուղղվեն պետական ու մասնավոր շրջանակների ջանքերը։

Անհրաժեշտ է, որ հստակեցվեն այն հարցերը, թե պահպանվող արդյունաբերական ճյուղերից յուրաքանչյուրը ինչ հզորությունների տեսքով պետք է գործեն՝ 1-2 հզոր գործարանների կողքին մի քանի միջին ու բազմաթիվ փոքր ձեռնարկություննե՞ր, միգուցե՞ հանրապետությունում ընդհանրապես առաջիկա տասնամյակում խոշոր արտադրական ձեռնարկությունների պահպանումը (վերականգնումը) անհնար է, նպատակահարմար չէ, եւ դրանց կրկին երեւան գալը պետք է թողնել հաջորդ տասնամյակների զարգացման հեռանկարներին։ Անպայմա՞ն է, որ բնակչության մեծամասնությունը զբաղված լինի արդյունաբերության մեջ։ ԱՄՆ-ի նման գերհզոր երկրի աշխատունակ բնակչության 43 տոկոսը զբաղված է սպասարկման ու առեւտրի ոլորտներում եւ դա այս երկրում ազգային աղետ չի համարվում։

Շատ լավ, այդ դեպքում որո՞նք են լինելու Հայաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության բնագավառները առաջիկա տասնամյակում։ Ե՞րբ ենք պետական ու քաղաքական այրերից ստանալու վերոհիշյալ հարցադրումների պատասխանների ուրվագծերը։

ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031