«Ավելի կը սիրեմ խոտ ուտել եւ ուղիղ մարդ մնալ, քան պնակ լիզել ու բարիք վայելել»։
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ
Այո՛, ճիշտ էր, քանզի կատակերգուներն ու խեղկատակները միշտ էլ մարդկության ուղեկիցներն են եղել, թաց ու ցավոտ աչքով խեղկատակները հետեւել են ներոններին ու արթուն պահել մարդկության բանականությունը. … Կատակել են, որ կատակի միջոցով փրկեն կյանքն ու մարդու ոչնչացումը, որ ի հայտ բերեն Աճպարարին։ Իսկ Աճպարարը չի՛ ներել նրան, քանզի հասկացել է՝ նա իրենից խելացի է, պարզապես «հիմար» է ձեւանում։ Ու Աճպարար-Ներոնը կախել է տխուր աչքերով խեղկատակին։ Ու ճոճվել են կախաղանների վրա կոմեդիանտները՝ հանց մարդկության բանականության հարատեւում։ Ու չեն հասկացել Աճպարարները, որ կախաղաններով նրանց չեն սպանի։ Ու չեն հասկացել աճպարարները, որ «կախաղանն» այլեւս իրե՛նց ներսում է, ու շատացրել են կախաղանները, զի միշտ գտնվել են ակտիվ սաներ, որ վազել են իրենց տերերի մոտ ու բացականչել.
– Գերաշնո՛րհ տեր, «ձեռ առնողների» ինստիտուտը ԱԺ ինստիտուտին ձեռ է առնում։
Կարդացեք նաև
Եվ «գերաշնորհ» տերերը, որպես «հասարակության» միտքը, խիղճը, պատիվը, ցածրացրել են մարդկային ինտելեկտը, ոչնչացրել հայելիները, որոնք իսկական արտացոլանքն են անդրադարձրել, ու կախել են կոմեդիանտներին… … Եվ հիմա՝ «ուրախ լեր», խորհրդարան, մենք այլեւս քեզ հետ հումոր չենք անելու։ Հումորը, «ձեռ առնելը» քեզ հակացուցված է։ Պարզվեց։ Դու դեռ այդքան չես հասունացել։ Պարզվեց։ Քեզ դեռեւս աճպարարներ են պետք։
Բա ամոթ չի՞
Շահեն Պետրոսյանը (Խոսրով Հարությունյանի նման) գիշերը քնում-առավոտը զարթնում՝ երազում էր. «Կարմենին (Լիզային) գործից հանեն»։
Շահեն Պետրոսյանը գիշերը քնում, առավոտը զարթնում, հայտնաբերում էր, որ իր «թշնամին» ես եմ։ Մի օր էլ Շահենը քնից զարթնեց ու իմացավ, որ ինձ գործից «հանել» են։ Բայց միեւնույն է, ես մինչ այդ հասցրել էի իրեն հարցնել.
– Շահեն, մեր պառլամենտում պարանոիզմի դրսեւորումներ կա՞ն։
– ԱԺ-ում պարանոիզմ կա-չկա՝ չգիտեմ, բայց որ ԱԺ-ն կլիմաքսի մեջ է, էդ մեկը հաստատ գիտեմ։
Շուռ գաս ասես՝ Շահե՜ն, բա չե՞ս ամաչում։ ԱԺ «ինստիտուտը» էդպես վարկաբեկում ես։
Կկուն կկանչի՞ (Անանուն ռեպորտաժ ԱԺ միջանցքից)
Զրուցում էին մի խումբ պատգամավորներ։ Ինձ տեսնելով թե.
– Տեսա՞ք Խոսրովը ձեր Լիզային ոնց հանեց։ Հանե՜ց՝ հետն էլ տելեվիզորով պար եկավ։
– Արա՛, լավ չես իմացել, էդ վարչապետ ա դառնում, դրա համար ա պար գալիս,- ասին։
– Արա՛, հըմի չհասկըցանք. հենց երգեց, ուրեմն՝ նախագահ ա՞ դառնում,- ասին։
– Չէ՜, որդի՞ց. երգել չգիտի, պարելն էլ էս վերջերս է սովորել, գնացել էր պարարվեստի ուսումնարան (կնիկն էնտեղ է աշխատում) ռեմոնտ աներ-էնտեղ սովորեց,- ասին։
Ի գիտություն (Ռեպորտաժ ԱԺ օրաթերթ «ՀՀ»-ից)
Այնտեղից մեզ հայտնեցին, որ կոլաժն, ուր պատկերված է շիշ՝ գլխի փոխարեն, «կարող է պատահի՜» Էդուարդ Սանդոյանի՜ գլուխն է… «կարող է պատահի՜»՝ Դավիթ Զադոյանինն է… «կարող է պատահի՜»՝ ԱԺ-ի գլուխն է…
Մի խոսքով՝ ով տեր կանգնեց՝ իրե՛նն է։