Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՄԻԳՐԱՆՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 20,1998 00:00
lurer

Ինչու մեկ է՞ջ։ Եվ ինչու «Առավոտի» 5-րդ էջո՞ւմ։ «ՀՀ»-ի հետագա ճակատագրով մտահոգ ընթերցող-ունկնդիր-հեռուստադիտողը գիտե արդեն։ Նրանց, ովքեր դեռ չեն հասցրել իմանալ՝ տեղեկացնում ենք։ Այսօրվանից «Հայաստանի Հանրապետութեան» գործադուլ հայտարարած լրագրողներն ամեն օր մեկ էջով հանդես կգան այն թերթերում, որոնք իրենց 4-8-16 էջերից մեկը պատրաստակամորեն ու մեծահոգաբար կտրամադրեն իրենց՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ 4-րդ իշխանությունը Հայաստանում, իրոք, կայացել է այսօր, եւ լրագրողական համերաշխությունն է, որ պիտի օրինակ ծառայի իշխանության մյուս թեւերին։

Իսկ որպեսզի 4 էջով տպագրվող «ՀՀ»-ի ոչ լեգիտիմ խմբագիրը թյուրիմացության մեջ չգցի մեր ընթերցողներին, հայտարարելով, թե 43 հոգիանոց աշխատակազմը հաշտ ու համերաշխ աշխատում՝ «թերթ է տալիս», ինչի մասին կերազեին այսօր մի քանի խռովարար (որոնցից ընդամենը «երկու-երեքն են լավ լրագրողներ»), դարձյալ տեղեկացնում ենք։ Երբ այդ մի քանի խռովարարները 8 ամիս շարունակ 8 էջանոց օրաթերթ էին հրատարակում, մեր ոչ լեգիտիմ տեղակալը ընդհատակ էր անցել եւ իր իներտ խառնվածքին անհարիր մոլեռանդությամբ պայքարում էր գլխավոր խմբագրի կնիքին տիրանալու համար։ Տիրացավ։ (Այս առիթով ամենահանճարեղը լեյտենանտ Շմիդտի ոչ լեգիտիմ որդիներից մեկն է ասել իր ժամանակին. «Իրականացավ ապուշիս երազանքը»)։

Բարով վայելի կնիքն էլ, ԱԺ բյուլետեն դառնալու տխուր ճակատագրին դատապարտված «օրաթերթի» գլխավոր սրբագրիչի անփառունակ համբավն էլ։ Մերը ուրիշ է։ Մերը մեր գրիչն է, հանգիստ խիղճն ու վաղվա առավոտի հանդեպ ոչ ռոմանտիկ լավատեսությունը։ Մի բան էլ։ Որպեսզի մեր ընթերցողը վերջնականապես ճշտի իր համար՝ ովքեր են այսօր գործադուլ անում, եւ քանի՛ լավ լրագրող կա նրանց մեջ, պարզապես թվարկում ենք։ Լիզա Ճաղարյան, Զավեն Բոյաջյան, Սեդա Մեսրոպյան, Հովհաննես Երանյան, Լիլի Մարտոյան, Գերման Ավագյան, Կարմեն Դավթյան, Անուշ Թրվանց, Նունե Ալեքսանյան, Գագիկ Մարտոյան, Կարինե Հարությունյան, Ծովինար Նազարյան, Արա Պողոսյան, Արամ Աբաջյան։

Ե՛վ, իհարկե, թիվ մեկ հիմնադիրներից՝ օրաթերթի տնօրեն Կարեն Գասպարյան։ Եվ, անկասկա՛ծ, Անժելա Մարտիրոսյան ու Վահան Մելիքսեթյան։ Բոլորն էլ շարունակելու են տպագրվել իրենց թերթի շպիգելով, իրենց գլխավոր խմբագրի ստորագրությամբ, սակայն այլ թերթերի էջերում։ Մինչեւ ե՞րբ։ «Մինչեւ ցամաք առուն ջուր գա»։

«ՀՀ» գործադուլային կոմիտե

Հ.Գ. Շնորհակալություն ենք հայտնում «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին՝ առանց հոնորարի ակնկալության։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ էջում տպագրված հրապարակումների համար վերջինս որեւէ պատասխանատվություն չի կրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031