Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ, ԴԵԲԻԼՈՒԹՅԱՆ, ԴԵՂՆԱԽՏԻ ՈՒ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

Հոկտեմբեր 20,1998 00:00
shizo

Մինչեւ վերջերս այն թյուր կարծիքն էր տարածված, թե վերոհիշյալ հիվանդությունների ախտորոշման հարցում վերջին խոսքը բժիշկներինն է։ Մեր պատգամավորների քրտնաջան ու հետեւողական ուսումնասիրությունները պարզեցին, որ դեղնախտն ու կարմրուկը նույնքան կապ ունեն մարդու տարիքային առանձնահատկությունների հետ, որքան շիզոֆրենիան ու դեբիլությունը՝ նրա նյարդահոգեբանական կառուցվածքի։ Պրոֆիլակտիկ հետազոտման արդյունքների համաձայն, այս հիվանդությունները բացառապես քաղաքական ծագում ունեն։ Ընդ որում, առաջին երկուսը բավականին խաբուսիկ, դժվար ախտորոշվող ու գրեթե անբուժելի հիվանդություններ են, սակայն, բարեբախտաբար՝ ոչ վարակիչ։ Վերջին երկուսը, որպես կանոն, գաղտնի (ինկուբացիոն) շրջանից շատ արագ անցնում են խրոնիկ վիճակի, որը պարզորոշ արտահայտվում է աչքերի մաղձադեղնավուն ու երեսի կարմրամոլեգին երանգներով եւ, ի տարբերություն նախորդ երկու հիվանդությունների, խիստ վարակիչ են։

Հետագա զննումների արդյունքում առանձնացվեցին այս չորս հիվանդություններից որեւէ մեկով տառապող պատգամավորական խմբեր ու խմբակցություններ, անհատ պատգամավորներ, նրանց հետ մշտական շփման մեջ գտնվող լրագրողներ, մի խոսնակ, մի դաշնակ եւ նույնիսկ մի կին՝ բուֆետչիկ։ Կատարվեց նաեւ լրագրողական հետազոտություն, որի արդյունքները հրապարակելուց առաջ հարկ ենք համարում մասնագիտական որոշ պարզաբանումներ անել։ Քաղաքական հողի վրա սաղմնավորվող այս հիվանդությունները զարգացման միտումներ են դրսեւորում հատկապես ոգելից խմիչքների շուրջ ծավալված խորհրդարանական քննարկումների, արհեստավարժ բառի գործածության, «երեք մատների կոմբինացիայի», Ստեփանակերտի հիշատակման, աջերի ու ձախերի, պատգամավորական թասիբի եւ ազատ խոսքի հակամարտության, կարճ ասած, պարզապես վաղահաս քարոզարշավների ժամանակ։

Առաջին երկու հիվանդությունների զուգորդման (շիզոդեբ) քաղաքական վերլուծությունը հատկապես լուրջ արդյունքներ գրանցեց «բոլորի օրոք նստած» Պարույր Հայրիկյանի եւ ընդամենը մեկ տարով «թռած» Արշակ Սադոյանի խորհրդարանական շփումների ժամանակ, որի ընթացքում փոխզիջման պրոֆիլակտիկ միջամտություն այդպես էլ չարձանագրվեց։ Նրանք, ովքեր ավելի մանրամասն են ուզում ծանոթանալ շիզոֆրենիա եւ դեբիլություն քաղաքական հիվանդությունների ծագումնաբանությանը, կարող են օգտվել խորհրդարանի արխիվից՝ թերթելով 8-րդ նստաշրջանի առաջին արտահերթ նիստի սղագրությունը։ Նրանց, ովքեր չեն կարող թերթել 8-րդ նստաշրջանի 3-րդ եռօրյայի արխիվային սղագրությունը, սակայն լրջորեն հետաքրքրվում են դեղնախտ եւ կարմրուկ հիվանդությունների քաղաքական ախտորոշմամբ, սիրով կտրամադրենք մեր սեփական սղագրությունը։

Չմոռանանք ասել, որ սուր-վարակիչ այս հիվանդությունների ախտորոշման, պրոֆիլակտիկ միջոցառումների մշակման եւ բուժման հարցում անուրանալի վաստակ ունի վարչապետ… (կներեք, լեզվի սայթաքում էր), նախկի՛ն վարչապետ, այժմ՝ պառլամենտի թիվ մեկ խոսնակ Խոսրով Հարությունյանը։ Չմոռանանք ավելացնել նաեւ, որ պառլամենտի իրավասություններն առաջին անգամ օրենքով կարգավորելու եւ «ՀՀ» օրաթերթի իրավասությունները վերջին անգամ առանց օրենքի կարգավորելու խնդրում եւս անգնահատելի են նրա ծառայությունները ժողովրդի եւ հայրենիքի առաջ։ Ահավասիկ եւ սղագրությունը. «…Ազատ մամուլը դեռ ոչինչ, բայց երբ պետական քարոզչական միջոցները առիթը ձեռքներից բաց չեն թողնում քաղաքական այս կարեւորագույն ինստիտուտը, իշխանության այս կարեւորագույն թեւը՝ պառլամենտը վարկաբեկելո՜՜ւ… …Ես ոչ մեկին մեղադրանք չեմ ուզում ուղղել, կարծում եմ, բոլորս էլ մանկության հիվանդությամբ ենք տառապում։ Բո՛-լո՛-րը՛ս։

Պետք է կամաց-կամաց կազդուրվենք այդ դեղնախտից, կարմրուկից։ …Ես համոզված եմ, որ կարեւորը ծեմածիկան է, մնացածը զուտ ծեխնիկայի խնդիր է» (14 հոկտեմբերի, ԱԺ նիստերի դահլիճ)։ Մենք էլ ենք համոզված, որ քաղաքական երկերեսանիության ծեմածիկան ու քաղաքական հաշվեհարդարի ծեխնիկան փառավորապես յուրացրած Խոսնակը անջնջելի հետք կթողնի քաղաքական այդ կարեւորագույն ինստիտուտի պատմության մեջ։ Դե, իսկ քանի որ քաղաքական հասուն ու մանկամիտ գործիչներից զատ դեղնախտով ու կարմրուկով մեկ-մեկ էլ մանուկներն են հիվանդանում, դրանց մասին առավել հանգամանալից տեղեկություններ կարող եք քաղել Վլադիմիր Ուլյանովի (ծածկանունը՝ Լենին) «Ձախության մանկական հիվանդությունը» առողջապահական բրոշյուրից (Հանրային գրադարանի արխիվ)։

ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031