«Հայրենիք» խմբի անդամներն այսպես բնորոշեցին 34 պատգամավորների եւ Արշակ Սադոյանի օրենսդրական նախաձեռնության ազդեցությունը։ Այս օրինագծով նախատեսվում է շուրջ 20 փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգում, որոնք եթե արտահերթ նիստում ընդունվեն՝ նախագահի եւ կառավարության պաշտոնանկությանը հասնելը օրենքներն ընդունելուց առավել կհեշտանա։ Երեկ ողջ օրն արտահերթ նիստում միայն այս օրինագիծը թեր եւ դեմ կողմերով ներկայացվեց, հերթագրված 14 պատգամավորներից մի երկուսն էլ հասցրին վերջում ելույթ ունենալ։ Առաջարկվող փոփոխություններից արժանահիշատակ է նախ հետեւյալը. «Յուրաքանչյուր նստաշրջանի համար ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով եւ պատգամավորների հարցերի պատասխանների վերահսկման ժամանակավոր հանձնաժողով»։
Այս առնչությամբ Պետրոս Մակեյանը հիմնավորեց, թե այլապես հարցուպատասխանը փոխադարձաբար բավական անլուրջ է ստացվում՝ նախարարները պատասխանում են միայն պատասխանելու համար։ Սակայն կառավարությունը բացասաբար է արձագանքել այս առաջարկին (ի դեպ, ողջ օրինագիծն է անընդունելի համարվել), հիշեցնելով, որ Սահմանադրությամբ «սպառիչ սահմանված» են նման հանձնաժողովներ ստեղծելու նպատակները՝ առանձին օրինագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին ԱԺ-ին եզրակացություններ ու տեղեկանքներ ներկայացնելու համար։ Կանոնակարգի փոփոխման «պայթուցիկ» առաջարկներից մեկը սա է. «Բյուջեն չհաստատվելու դեպքում խմբակցության կամ խմբի պահանջով առանց քվեարկության օրակարգ է մտնում եւ անմիջապես սկսում քննարկվել կառավարության անվստահության հարցը»։
Արամ Մկրտչյանն այս առնչությամբ ասաց, թե այսպիսով բացառվում է կառավարության հետ քաղաքական երկխոսության հնարավորությունը։ Իսկ Էռնեստ Սողոմոնյանը Ֆրանսիայի օրինակը բերեց, որտեղ Դը Գոլի ժամանակներում «կայֆի համար կառավարության հրաժարականն էին պահանջում, եւ դրանից տնտեսությունը խարխլվեց»։ Նրան պատասխանելով Մկրտիչ Գիմիշյանն էլ հասավ Իտալիա, որտեղ «երբ կառավարություն չկա՝ տնտեսության աճ է նկատվում, իսկ երբ կառավարությունը ձեւավորվում է՝ վիճակը ծանրանում է»։ Զուգահեռ տարվեց մեր իրականության հետ. «Կարող է Հայաստանում (տա Աստված, այդպես չլինի) ավելի լավ լիներ, եթե կառավարություն չունենայինք»։ Տեսնել էր պետք, թե այս խոսքերը լսելով ինչպե՜ս էր ժպտում Ալբերտ Բազեյանը։ Սակայն գլխավոր «ականը» նախագահի պաշտոնազրկմանը վերաբերող փոփոխություններն են։ Ասենք, առաջարկվում է կանոնակարգից հանել այն դրույթը, ըստ որի ՍԴ-ի բացասական եզրակացության դեպքում ԱԺ-ն պաշտոնազրկման հարցը պիտի քննարկումից հանի։
Վարչապետի ստորագրած փաստաթղթի մեջ այս մասին գրված էր. «Եթե ՍԴ-ն տալիս է եզրակացություն նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին (արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ նման հիմքեր են համարվում պետական դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն կատարած լինելը- Ա. Ի.), ապա ԱԺ-ն իրավունք չունի որոշում կայացնել նախագահին պաշտոնանկ անելու մասին»։ Ի դեպ, ե՛ւ նախագահին, ե՛ւ կառավարությանը պաշտոնանկ անելու համար առաջարկվում է ընտրել քվեաթերթիկներով գաղտնի քվեարկության ձեւը։ Եվ եթե վարչապետը սա էլ է անընդունելի համարել՝ հիմնավորելով քաղաքական տարբեր շահարկումների հնարավորությունը, ապա Խոսրով Հարությունյանը մի տեղին հարցադրում ներկայացրեց, թե գաղտնի քվեարկության պարագայում քաղաքական ո՞ր ուժն է ընտրողների առջեւ հստակ ստանձնելու նախագահի պաշտոնազրկման պատասխանատվությունը։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ