Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԾՐԱԳՐԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 20,1998 00:00
sd

Ես չգիտեմ, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւո՞ւմ է, թե իր դիմումը հայոց սահմանադիր դատարանում քննության առարկա դառնալով՝ ինչպես է ներկայացվում, «պաշտպանվում» իր լիազոր- ներկայացուցչի կողմից։ Հաստատ չի հետեւում։ Թե չէ այն վիճակը, որի մեջ հայտնվում է տվյալ պաշտոնատար անձը, հավանաբար, չի ստեղծվի։

Մեղմ ասած, նման անհարմար վիճակի մեջ շաբաթ օրը հայտնվեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՍԴ-ում, երբ քննության դրվեց տարած-հետբերած համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Մենք տեղեկացրել էինք, թե ինչու «ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ կառավարությանը ցուցաբերած օժանդակության եւ նրա հետ համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրն անցյալ շաբաթ հետ ուղարկվեց։ Այն, ինչպես հուշեց քննության ընթացքը, ենթակա էր մերժման, սակայն «հանուն» հայրենի կառավարությանը դրսից ֆինանսավորող «կազմակերպություն-հանրապետության» ոչ միայն չմերժվեց, այլ «համապատասխանեցվեց» մեր սահմանադրությանը։ Իսկ դա ընդամենը… պարտություն էր։

Փուլ առ… կուլ

ՍԴ ներկայացված «ամփոփ» տեղեկանքից էլ կարողացանք ճշտել, թե, մասնավորապես, ինչ ֆինանսական օժանդակություն է ստացել մեր կառավարությունը, միայն ՄԱԿ-ի «շրջանակներում» (նախորդ տարի)։

1) Ազգային տեղեկատվության համակարգ. կայուն զարգացման համար (բյուջե՝ 545 հազար դոլար)։

2) Գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ուսումնասիրություն (60 հազար դոլար)։

3) Օժանդակություն ԱԺ վերահսկիչ պալատին (243 հազար դոլար)։

4) ԱԳ նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում (658 հազար դոլար)։

5) Գյուղատնտեսական ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան (97 հազար դոլար)։

6) Բնապահպանության նախարարության կառավարման կառուցվածքի բարելավում (130 հազար դոլար)։

7) Ոչ ֆորմալ սեկտորի ուսումնասիրություն (95 հազար 850 դոլար)։

8) Գենդերային զարգացում Հայաստանում (175 հազար դոլար)։

9) Օժանդակություն կրթական համակարգի բարեփոխումներին (451 հազար դոլար)։

10) Փոքր ձեռնարկությունների զարգացում (596 հազար դոլար)։

11) Ազգային շրջակա միջավայրի առողջապահական գործողությունների ծրագիր (105 հազար դոլար)։

12) Արտահանման խթանում եւ զարգացում (621 հազար դոլար)։

13) Ինտեգրացված աջակցություն կայուն զարգացմանը (692 հազար դոլար)։

14) Ազգային զարգացման օրակարգ (84 հազար դոլար)։

Թիվ 15 ծրագիրը չհասցրինք սղագրել, չնայած որ, ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վ. Օսկանյանն ասաց, որ իրեն տրամադրված տեղեկանքում ծրագրերը 20-ն են. «որոշները կան, որ կիրառության մեջ չեն դրվել, ստորագրման գործընթացում են»։ Սակայն առավել տարօրինակ էր ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հայտնածը. «Հայերեն տեղեկանքը պատրաստ կլինի, հայտնել է Շահեն Կարամանուկյանը եւ կտրվի պրն Օսկանյանին երկուշաբթի օրը»։

Պրն Օսկանյանն ինքն էլ չթաքցրեց, որ անպատրաստ է եկել ՍԴ նիստին, քանի որ հանրապետությունից բացակայել է, իր գերատեսչության իրավաբանական վարչության պետն էլ քաղաքում չի գտնվում եւ որ, ինքը երկուշաբթի կուղարկի որոշ փաստաթղթեր։ Զեկուցողի՝ ՍԴ անդամ Ֆ. Թոխյանի կարծիքով սակայն «Երկուշաբթի ուղարկածը մեր համար նույն բանն է, ինչ ընդհանրապես չուղարկելը», քանի որ օրենքով սահմանված գործի քննության օրը շաբաթ էր… Ակնհայտ էր, որ մեր ԱԳ նախարարը եւ ոչ միայն նա, ընդհանրապես ծանոթ չեն «ՍԴ մասին» օրենքին, տվյալ դեպքում՝ իրենց վերապահված լիազորություններին, այլապես ունեին քայլ. խնդրել, դիմել ՀՀ նախագահին դիմումը հետ վերցնել… Նորից ենք կրկնում, դրա բոլոր հիմքերը կային։ Անգամ զեկուցողին տեղեկանքն իր բովանդակությամբ չէր բավարարում։

Ո՞վ է պատվիրում երաժշտությունը

Ձեռնպահ մնալով ՍԴ նիստն ամբողջությամբ ներկայացնելուց, տեղեկացնեմ միայն, որ վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 1995 թ. մարտի 8-ին «ՀՀ տնտեսության զարգացման առավել կարեւոր խնդիրների լուծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով»։ Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրած «օժանդակության ձեւերը», որոնք եւ են՝ «խորհրդատվական փորձագետների եւ խորհրդատուների, փորձագետների եւ այլ ծառայությունների (կարելի է այլ-ի տակ շատ բան հասկանալ – Ռ. Մ.) մատուցում, սեմինարների եւ վերապատրաստման ծրագրերի անցկացում, փորձագետների աշխատանքային խմբերի ձեւավորում»։ Ավելի զավեշտական է կառավարության պատասխանատվության ստանձնումը. «ՀՀ կառավարությունը պատասխանատու է ՄԱԿ-ի զարգացման նախագծերի եւ դրանց նպատակների իրականացման համար»։

Մենք, անկասկած, կհասկանայինք պատասխանատվության «կիսմանը», եթե ծրագրերի նախաձեռնողը, «զարգացող» ոլորտների ճշտողը, թելադրողը հայրենի կառավարությունը լիներ։ Սակայն դա որքան էլ «տխրեցնող» է, այդպես չէ։ Այլապես քանդվող-փոշիացած արդյունաբերությունը զարգացնելու փոխարեն նրանք նախապատվությունը չէին տա սեմինարների անցկացմանը, անհասկանալի ձեւակերպմամբ «ոչ ֆորմալ սեկտորի ուսումնասիրությանը», արտահանման խթանմանն ու զարգացմանը, երբ անհայտ է, թե ինչ ենք արտահանում կամ խթանում։ Մեր ՍԴ անդամների պահվածքն էլ նման է հայոց Արշակ արքայի պահվածքին։ ՍԴ հողի վրա այլ բան ասել, խորհրդակցական սենյակում՝ այլ։ Ափսոս միայն, որ ՍԴ օրենքը թույլ չի տալիս նրանց «հատուկ կարծիքները» իմանալ, որովհետեւ «ՍԴ անդամը պարտավոր է պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների եւ քվեարկությունների գաղտնիությունը» (հոդված 38, 3 կետ)։ Եվ, քանի որ, նիստի ժամանակ պատասխան չտրվեց հետեւյալ հարցերին, որը ենթադրում է… սահմանադրականության անհամապատասխանություն, ուստի, ներկայացնենք հարցաշարը.

1) Ինչո՞ւ այս համաձայնագիրը մինչ այդ չի վավերացվել։

2) Կառավարությունը որպես առաջնահերթություն այդ ծրագրերը քննարկե՞լ է։

3) Ծրագրային քաղաքականության թելադրողը եղել ենք մե՞նք, դրսի՞ց, ինչո՞ւ…

4) Ինչպես է կառավարությունը պատասխանատու դառնում այն գործում, որի նախաձեռնողը, իրականացնողը ինքը չէ։

5) Մինչեւ պայմանագրի վավերացումը, ցանկացած միջազգային կազմակերպության կողմից ՀՀ-ում ցանկացած գործողություն ապօրինի չէ՞։

6) Եթե ընդունենք, որ այն հակասում է ՀՀ գործող Սահմանադրությանը, ինչպիսի՞ իրավաբանական հետեւանքներ կարող են առաջանալ մեր հանրապետության համար։

7) Համաձայնագրի սահմաններում օժանդակության հետեւանքով որեւէ հայտնագործության արտոնագրային, հեղինակային իրավունքները ո՞ւմ են պատկանում. օժանդակողի՞ն, օժանդակությունն օգտագործողի՞ն…

8) Պարտադի՞ր պայման էր այս համաձայնագրի կնքումը, երբ նախարարություններն առանձին-առանձին պայմանագրեր էին կնքել…

9) Իսկապես ճի՞շտ է ՍԴ նախագահը, երբ ասում է. «Այն, ինչ իրականացվել է, իրականացվել է այդ կազմակերպության կողմից, բայց ոչ այս համաձայնագրի շրջանակներում»։

10) Որտե՞ղ է երաշխիքը, թե մեկ այլ դրսեկ կազմակերպության ծրագիր զուգահեռաբար չի իրականացվում այստեղ։

Այնուհանդերձ, ՍԴ նախագահը կարողացավ այսքանից հետո գոնե «կոմպլիմենտ» անել արհեստավարժներին, թե «շա՜տ հետաքրքիր կառավարություն է»։ Իսկ ես մինչեւ հիմա չեմ կարողանում գնահատական տալ արտգործնախարարի հետեւյալ խոստովանությանը. «Արտաքին գործերի նախարարությանը տրամադրված գումարների օգտագործման համար մենք ամեն անգամ դիմում ենք ներկայացնում, նույնիսկ ամենանվազագույն գումարի համար, 1000, 2000, 3000 (հասկանալի է դոլար – Ռ. Մ.), ըստ կարիքի, որը միայն Նյու Յորքից հավանություն ստանալուց հետո այդ փողը տրամադրվում է մեզ»։

Վաղը Նյու Յորքը երաժշտություն չի պատվիրելո՞ւ…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031