Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀ»-ՎԱՐՉԱՊԵՏ

Հոկտեմբեր 20,1998 00:00
Smbat Ayvazyan

Ազգային ժողովում հոկտեմբերի 19-ին կեսօրին մոտ ակտիվ շարժ էր սկսվել։ Ակտիվ ելումուտի մեջ էին առավելապես «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացուցիչները, որոնք նախապատրաստվում էին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ հանդիպմանը։

Հանդիպումը սկսվեց ժամը 12.30-ին եւ տեւեց մինչեւ ժամը 15.00-ը։ Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետ այդ օրն ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց ժամը 14.30-ին, սակայն դա ինքնին երկրապահների վրա որեւէ ազդեցություն չունեցավ։ Նրանք շարունակեցին Արմեն Դարբինյանի հետ քննարկումները, որի ավարտին վերջինս մամուլից պարզապես պոկվեց՝ խուսափողական պատասխաններ տալով։

– Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, օգտակար աշխատանքային խորհրդակցություն էր։

Ըստ երեւույթին, վարչապետն իր «ախրանային» հրահանգել է լրագրողներին մոտ չթողնել, մոտ թողնելիս էլ իմանալ, թե ում են մոտ թողնում, ուստի, մինչ Արմեն Դարբինյանը քայլելուն զուգահեռ պատասխանում էր հարցին, նրա «ախրանան» մտավ «Առավոտի» եւ վարչապետի արանքը։ Իսկ, ա՜յ, Շահեն Կարամանուկյանին լրագրողներից չմեկուսացրին։ Վերջինս էլ տեղեկացրեց, որ ընդամենը սովորական աշխատանքային քննարկում տեղի ունեցավ արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ. «ճշտորոշվեցին «Երկրապահ» պատգամավորական խմբի եւ կառավարության դիրքորոշումները՝ քննարկվելիք հարցերի կապակցությամբ»։

– Իսկ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։

-Չգիտեք, որ ինձնից խոսք քաշելն անհնար բան է,- եզրափակեց Շահեն Կարամանուկյանը։

Եթե կառավարության անդամները սակավախոս էին, ինչը դժվարացնում է նրանց աշխատանքը մամուլի հետ, նույնը չես ասի պատգամավորների վերաբերյալ։ Բնական է, որ այս հանդիպումից հետո մեր զրուցակիցը «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն էր։

– Այս անգամ երկրապահները հանդիպեցին ոչ միայն վարչապետի, այլեւ կառավարության մի խումբ անդամների, նախարարների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր «Երկրապահը». մենք դիմել էինք վարչապետին, որպեսզի արտահերթ այս նիստի օրակարգի կապակցությամբ որոշակի պարզաբանումներ տրվեն։ Այդ բացատրությունների արդյունքում էլ պետք է ձեւավորվի մեր դիրքորոշումը։ Քննարկումը, ինչպես նկատեցիք, բավականին երկար տեւեց, այն աստիճան, որ, այսպես ասած, մենք մի փոքր կարգն էլ խախտեցինք՝ ուշանալով ԱԺ նիստից։ Շուրջ 30 րոպե մենք ուշացանք։ Բայց պետք է միաժամանակ փաստենք, որ, իրոք, անհրաժեշտություն կար շարունակել քննարկումները, պատասխան ստանալ բոլոր հարցերին, որպեսզի խումբը հնարավորություն ունենա վերջնական ու ամբողջական դիրքորոշում ձեւավորել։

– Պարոն Այվազյան, Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողներն օրակարգ են մտցրել նաեւ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիներ» ձեռնարկության սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը։ Այս խնդրի շուրջ քննարկումներն ի՞նչ բնույթ էին կրում։

– Մեր տեսակետն այն է, որ զուտ այս հարցերի շուրջ քննարկումներն այլեւս այն էությունը չունեն, որով անվանակոչվում են։ Դրանք այլեւս քաղաքական բովանդակություն են ձեռք բերել։ Հենց դրանից էլ ելնելով, մտադիր չենք գնալ այն բանին, որ քաղաքական շահարկումների հնարավորությունը պահպանվի։ Մենք կողմ ենք խնդիրն իր բովանդակության մեջ քննարկելուն, ինչին մասնակցել ենք արդեն ու բազմաթիվ տեսակետներ արտահայտել։ Սրա կողքին, սակայն, մենք դեմ ենք հարցի քաղաքականացմանը։

– Ներող եղեք, պարոն Այվազյան, բայց այս հարցը չեմ կարող չտալ։ Այս պահին ձեր դեմքին ակնհայտ է վրդովմունքը։ Ինչի՞ց եք ջղայնացել։

– Նորից ուզում եմ հիշեցնել անցյալ եռօրյայում արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ունեցած իմ ելույթի բովանդակությունը, երբ ասացի, որ օրակարգին դեմ չլինելով, դեմ ենք նիստ գումարելուն, որովհետեւ խախտվում է Ազգային ժողովի աշխատանքային ռիթմը։ Իսկ խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովող լավ մեխանիզմ է մշակված. ամեն երկու շաբաթը մեկ գումարել նիստեր, որպեսզի հնարավորություն լինի ե՛ւ փաստաթղթերը ենթարկել բովանդակային մշակման, ե՛ւ ընդունվելիք օրենքների ու որոշումների որակական աստիճանը պահել պատշաճ մակարդակում։ Ամեն շաբաթ աշխատելը, մանավանդ ԱԺ-ում անընդհատ այսպիսի քաղաքականացված ու լարված մթնոլորտ պահելը, իմ գնահատմամբ, խաթարում է խորհրդարանի աշխատանքը։ Բնականոն աշխատանքի համար մեզ ժամանակ է պետք լինում, իսկ այս արտահերթ նիստին վերաբերող փաստաթղթերը մենք ընդամենն այսօր ենք ստացել, այն էլ՝ սեփական նախաձեռնությամբ։ Բնականաբար, մենք տեսակետներ լսելու կարիք ունենք. միանգամից չէ, որ որոշումները պետք է կայացվեն։ Իսկ ներկայացված հարցերը բավականին խոր ուսումնասիրություն են պահանջում։ Դրսեւորված հապշտապությունը, իմ տպավորությամբ, խանգարելու է պետության զարգացման նորմալ ընթացքին։ Իսկ Ազգային ժողովն, առաջին հերթին, հենց դրան է կոչված։

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ կան չասված բաներ, որոնք «Առավոտը» պարզելու հնարավորություն ունեցավ։ Կառավարությունը հիմնական մասով հրաժարվել է տեսակետ արտահայտել ԱԺ կանոնակարգում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ։ Պատճառաբանությունը եղել է այն, որ դա Ազգային ժողովի գործն է։ Հարկային փոփոխությունների հարցում, կարծես, ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետեւ հարկային ստուգումները որեւէ տնտեսավարող սուբյեկտում պետք է իրականացվեն բացառապես հարկային տեսչության պետի գիտությամբ, նրա ստորագրությամբ վավերացված փաստաթղթի հիման վրա։ Այդպիսով կկանխվեն բազմաթիվ անհարկի ստուգումները։ Եվ վերջինը՝ վերապահ վերաբերմունք է եղել արտահերթ նիստը նախաձեռնողների այն առաջարկության նկատմամբ, թե 500 հազար դոլարից թանկ արժեցող օբյեկտների սեփականաշնորհումը վերահսկվի ԱԺ-ի կողմից։ Բացասական դիրքորոշումը ձեւավորվել է այն հիմքով, թե Ազգային ժողովը կարող է պարզապես վիժեցնել ցանկացած գործարք՝ իր համաձայնությունը չտալով սեփականաշնորհվող այս կամ այն օբյեկտի՝ նոր տիրոջը հանձնելուն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031