Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԱՇՎԵ՞Լ, ԹԵ՞ ԱՌՆՉՎԵԼ

Հոկտեմբեր 17,1998 00:00
datavor

Մենք կարծում էինք, թե երեկ դեռ շարունակվող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի կազմակերպած երեւանյան երրորդ միջազգային սեմինարին կմասնակցեին ավելի շատ դատավորներ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, իրավաբաններ: Սխալվեցինք։

ԱԺ իրավաբանական ծառայության պատասխանատու, պրոֆեսոր Վլ. Նազարյանը, որը մասնակցում էր «եռօրյային», մասնավորապես այդ կապակցությամբ մեր «անհանգստությունը» փարատեց այսպես. «Այսպիսի միջոցառումներին չգալը ինձ ուղղակի ապշեցնում է, նույնիսկ հուսահատեցնում է։ Ինչո՞ւ մենք այստեղից գնում ենք ԱՄՆ, նույնիսկ ավելի վատ կազմակերպված միջոցառման՝ փորձ ձեռք բերելու նպատակով, սակայն անհասկանալի է… Մեզ սպասվում են ընտրություններ, գիտեք։ Այստեղ ընտրական վեճերի հարցն են քննում, էդ դատավորներն էլ պիտի բախվեն այդ վեճերին։ Ո՞ւր եք, արա, էկեք-նստեք, չե՞ք ուզում, հարցեր տվեք, պատասխաններ ստացեք»։

Իսկ քննարկվում էր եւ հետաքրքիր բանավեճերի առարկա դարձավ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի «Ընտրական վեճերը ՀՀ ՍԴ-ում» զեկուցումը, որի առանցքը կազմեցին մեր փառավոր անցյալի՝ 1996 թ. նախագահական ընտրությունների պայծառ էջերը։ Նա, մասնավորապես, նշեց մի քանի առանձնահատկություններ, հարցեր, որոնք ի հայտ էին եկել ընտրավեճերի ժամանակ։ Անհասկանալի էին քննության 30-օրյա ժամկետ սահմանելը, այն հարցը, թե ինչպես վարվել, եթե ընդհանուր իրավասության դատարանների ընդդատյա վեճերի քննությունն ավարտված չէ, իսկ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի։ Երրորդ. թե այդ ընտրավեճը ո՞ր դատարանի քննության հարցն է, ի՞նչ փաստեր կարող է քննել դատարանը (որպես օրինակ բերվեց նաեւ քրեական գործոնի առկայությունն ընտրություններում – Ռ. Մ.)։

Մեր ՍԴ անդամն «աշխարհով արեց», թե ինչպես իրենք ստիպված են եղել 184 ընտրական տեղամասի քվեաթերթիկները հաշվել, ուսումնասիրել, ինչը ներկաների թե՛ զարմանքը, թե՛ «նախանձը» շարժեց։ Ավելի «նախանձախնդիր» գտնվեց ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը ժամկետների հետ կապված հարցի նկատմամբ։ Նա տեղեկացրեց, որ իրենք հինգ օրվա ընթացքում մարզայիններից պիտի ստանան արդյունքները, իսկ 7-րդ օրն էլ հայտնեն արդյունքները։ Իսկ Տիրոջ հանգստյան ընդունված 7-րդ օրն էլ ԿԸՀ նախագահի պնդմամբ դարձել էր 6-րդ օրը, որի ժամանակ էլ նրանք պիտի ամփոփեն, նայեն բողոքները։ Այնուամենայնիվ, թեմայի հրատապությանը գումարվեց ամենամեծ հարցականը՝ Բուլղարիայի ՍԴ ներկայացուցչից հետո. սահմանադրականությո՞ւնն է կարեւոր, թե՞ իրավականությունը, քաղաքականությո՞ւնը, թե՞ ՍԴ չքաղաքականացված լինելը։

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը առաջարկեց տարբերիչ երկու մոտեցում. առնչվե՞լ քաղաքականության հետ եւ՝ ներքաշվե՞լ քաղաքականության մեջ։ «Ո՞ր դեպքում ՍԴ-ն զերծ կլինի, եթե հստակ լինեն ՍԴ լիազորություններն ու դատավարական ընթացակարգը»։ ՍԴ անդամ Ա. Գյուլումյանը նշեց, թե քաղաքականությունից միեւնույն է խուսափել չենք կարող, իսկ «Առավոտի» այս առթիվ բարձրացրած հարցին, ՍԴ նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «ՍԴ որոշումները պետք է լինեն ոչ թե քաղաքական, այլ զուտ իրավաբանական բնույթի։ ՍԴ-ն, բնականաբար, քաղաքական մարմին չի, բայց իր գործունեության ընթացքում կարող է առնչվել քաղաքականության հետ»։

Իսկ իրավ. գիտ. պրոֆեսոր Վլ. Նազարյանը մեր հարցին պատասխանեց այսպես. «Ես կարծում եմ, որ ՍԴ-ն, ինչպես ամեն մի դատարան, քաղաքականացված չպիտի լինի։ Բայց մենք որովհետեւ ամբողջատիրական կարգերից ենք եկել, չենք կարող պատկերացնել մեզ չքաղաքականացված վիճակում։ Ո՞նց թե, ասում է՝ ես էստեղ եմ ապրում, Նազարբաեւի ախպոր հետ ծանոթ եմ… Արեւմուտքում շատ հեշտ է պատկերացնել չքաղաքականացված դատական աշխատողի, ինչպես, ասենք, էդ դատախազն էր Քլինթոնի գործով։ Ընդհանրապես, դատարանը արդարություն որոնող մարմին է, իսկ արդարությանը չպետք է քաղաքականացված ձեւով մոտենալ։ ՍԴ-ի վրա կամայական շահերից թելադրված ոչ մեկը հույս պիտի չդնի»։ Աշխարհը կարծում է, որ միշտ քաղաքական շահարկումների դաշտն ավելի մեծ կլինի, եթե հստակ չէ իրավական դաշտը։ Իսկ մե՞նք…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031