Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ՈՏՔԵՐԸ ՄԱԿ-Ի ՎԵՐՄԱԿԻ ՉԱՓՈՎ,

Հոկտեմբեր 17,1998 00:00
Mexak Gabrielyan

Մեր նախորդ համարներից մեկում տպագրված «Փախստականների կարծիքով էլ է «փուլ առ փուլը» սխալ» հոդվածում որոշ փախստականներ մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչության պետ Մեխակ Գաբրիելյանին։ Դրանք հերքելու կամ հաստատելու համար դիմեցինք իրեն՝ պրն Գաբրիելյանին։

– Ի՞նչ է նշանակում՝ մեծագույն չարիք եմ։ Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, բայց իմ աշխատած ժամանակամիջոցի ընթացքում փորձել եմ ինչքան որ հնարավորություն կա, ոչ միայն ընձեռված պետական հնարավորության սահմաններում, այլ նաեւ անձնական հնարավորության սահմաններում ամեն ինչով օգնել, աջակցել, խնդրին լուծում տալ։

– Ի՞նչ գումարներ է տնօրինում վարչությունը։

– Վարչությունը տնօրինում է միայն մեկ գումար՝ ՄԱԿ-ի կողմից ծանր վիճակում հայտնված կարիքավոր փախստականներին հրատապ օգնություն ցույց տալու համար՝ տարեկան 3900 դոլար։ Ընդամենը կարողանում ենք 1000, 2000, 5000 դրամով օգնել, երբ, ասենք, թաղում չեն կարողանում կազմակերպել, շատ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, հացի փող չունի եւ այլն։

– Իսկ պետակա՞ն միջոցներ։

– Մի քանի ձեւով է պետության միջոցով կատարվում օգնությունը՝ ժամանակավոր կացարաններում բնակվող արտոնություններ ունեցող մի խումբ փախստականների կոմունալ ծախսերի եւ էլեկտրաէներգայի դիմաց փոխհատուցումն է, իսկ մյուսը՝ սովորական նպաստներ, թոշակներ տալը։ Փոխհատուցումների վճարումը կատարվում է կենսաթոշակային հիմնադրամի միջոցով։

– Ձեզ մեղադրում են, որ վարչության համար գումարներ եք ստանում, բարձր աշխատավարձ։ Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է Ձեր աշխատավարձը։

– Պետության կողմից սահմանված աշխատավարձն է՝ 33 հազար դրամ։ Վարչությունում ամենաբարձրը իմն է, հետո տեղակալինը՝ կարծեմ 30 հազար, եւ այդպես նկազում է մյուսներինը։

– Հոդվածից մի տող էլ մեջբերեմ. «Զբաղվում է մեր խնդիրները թաքցնելով»։

– Գոնե լրագրողներդ իմ կողմից այդ խնդիրները ներկայացնելուն տեղյակ եք։ Ես միշտ ներկայացնում եմ ամբողջ պրոբլեմը. ինչ ծանր պայմաններ են եւ ինչքան է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար։ Ես միշտ շեշտում եմ՝ եկած օրվանից սկսած։ Հենց աշխատել եմ, երկու ամիս հետո շեշտել եմ. «Հայաստանում փախստականների պրոբլեմները լուծելու համար հաշվարկ անելուց հետո շեշտել եմ. անհրաժեշտ է 200 մլն դոլար»։

– Բացի ՄԱԿ-ից ուրիշ կազմակերպություններ կամ անհատ անձինք դրամական կամ այլ օգնություն փախստականներին ցույց տալի՞ս են։ Եթե այո, ապա ինչպե՞ս են դրանք կատարվում, դուք իրավունք ունե՞ք վերահսկելու այդ։

– Մի քանի ամիս առաջ փախստականների համար կատարվեց վերմակների բաշխում (այսպես կոչված, «Վերմակ- օպերացիա» – Ա. Գ.)։

– Դո՞ւք եք բաշխել։

– Այո։ Բաշխումը կատարվել է մեր կառույցի միջոցներով՝ ցուցակներով, ըստ բնակավայրերի։ Եվ այժմ սկսվում է նաեւ սննդի բաշխում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին՝ 10 թե 12 կգ ալյուր եւ 700 գրամ ձեթ։ Բաշխումը կատարվում է սոցծառայությունների միջոցով, բայց վերահսկողությունը մեզ վրա է, իսկ Երեւանում «Առաքելությունը՝ Հայաստանին» կազմակերպության միջոցով, էլի վերահսկողությունը մեզ վրա է։

– Իսկ դուք ինչ-որ մեկին հաշվետու լինո՞ւմ եք։

– Բնականաբար։ Այժմ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրին, վերմակների դեպքում՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակին։

– Որեւէ դժգոհություն ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակից հայտնվե՞լ է՝ թե բաշխումից, թե ձեր վերահսկումից։

– Չէ՛։ Օրինակ, վերմակների բաշխման ընթացքում փախստականների կողմից կային դժգոհություններ, որ անորակ են։

– Դուք իրավունք չունե՞ք այդ առիթով դժգոհություն հայտնել, թե՞ նվեր ձիու ատամները չեն հաշվում։

– Նվերին անուն չեն դնում։ ՄԱԿ-ի գրասենյակին էլ են նվիրել։

– Ի՞նչ կասեք ձեր աշխատակից Արմեն Պետրոսյանի հետ կապված դեպքի մասին։

– Ինչ որ գրված է, ինձ բացարձակապես չի վերաբերում։ Այդ փախստականը եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ինքը սխալվել է։ Այսինքն՝ որեւէ մեկը իրենից փող չի պահանջել, ինքը սխալվել է։

– Դա ի՞նչ է նշանակում։ Նա սկզբում մտածել է, որ իրենից փող են ուզում, հետո հանկարծ հասկացել, որ սխալվե՞լ է։

– Այսինքն՝ ինչ-որ մեկի դրդմամբ նման հայտարարություն է արել, այնուհետեւ սխալը ուղղել է։

– Այդ ինչ-որ մեկի անունը ձեզ չհետաքրքրե՞ց։

– Ինձ հետաքրքրեց այդ անձը։ Քանի որ այդ պատմությանը տեղյակ է նաեւ սոցապ նախարարը, լավ կլիներ դուք այդ մասին հարցնեիք իրեն։

– Դուք ձեր բաժինը պատմեք։

– Անջատեք՝ ասեմ (պրն Գաբրիելյանը նկատի ուներ ձայնագրիչը – Ա. Գ.)։

– Բայց մեղադրանքը ձեր հասցեին հրապարակային է հնչել։

– Հրապարակայնորեն ասեմ այն փախստականը եկել ինձ ասել է, որ իրենից Արմեն Պետրոսյանը փող չի պահանջել։

(Այսքանը ձայնագրիչով, իսկ առանց դրա Մեխակ Գաբրիելյանը բավական խճողված ու զարտուղի հայտնեց, որ իր կարծիքով այդ քայլերն ուղղված են իր դեմ. նախընտրական ժամանակաշրջանում կան մարդիկ, որոնք ուզում են իրեն հեռացնելով մշտապես թարմ ու չլուծվող պահել փախստականների խնդիրները եւ շահարկել դրանք։ Հիշեցնենք, որ ձայնագրիչն անջատված էր, եւ պրն Գաբրիելյանը հանգիստ կարող է մեզ մեղադրել կեղծիքի մեջ։ Հետո արդեն, չգիտես ինչու, պրն Գաբրիելյանը ուշադրություն չդարձրեց միացված ձայնագրիչին)։

– Իմ կարծիքն այն է, որ ինչ- որ խմբավորումներ, ինչ-որ մարդիկ այդ դժբախտ խավին՝ փախստականներին, օգտագործում են իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար։ Եվ ինչ ասեկոսեներ, ինչ այլանդակություններ (չեմ ուզում այդ բառն ասել) ասեք՝ դուրս են տալիս։ Չեն մտածում, որ նույնիսկ եթե այդ ամեն ինչը արվում է իմ դեմ, վաղը դա մեծանալու է՝ իրենց դեմ դուրս գա։ Եվ եթե այդ փախստականների հարցը մեկ-երկու տարում լուծվող չէ, պետք չէ այդ մարդկանց (առանց այդ էլ՝ դժբախտ են) խառնել իրար։

– Դուք այդպես մտածելու հիմքե՞ր ունեք, թե՞ դրանք ենթադրություններ են։

– Չէ, ոչ մի ենթադրություն չկա, իրական հիմքեր ունեմ։

– Անուններ չե՞ք ուզում տալ։

– Առայժմ չեմ ուզում, բայց եթե ժամանակը եկավ՝ կտամ։ Շատ մարդկանց դուր չի գալիս համակարգի կարգավորումը։

– Ես մի ժամից ավելի է՝ ներկա եմ փախստականների ընդունելությանը, նույնիսկ շատ մեծ աշխատավարձի դեպքում չեմ համաձայնի ձեր փոխարեն աշխատել։

– Ես ինքս էլ մեկ-մեկ ինձ այդ հարցը տալիս եմ։ Նախ, երբ եկա այստեղ, համաձայնեցի աշխատել մեկ պայմանով, որ համակարգ ստեղծվի՝ խնդիրը արագ լուծելու եւ ստեղծված համակարգը վերածելու միգրացիայի ծառայության։ Փախստականների խնդիրը շատ կարեւոր է, բայց դրան նաեւ գումարվում է միգրացիայի պրոբլեմը, որով Հայաստանում այսօր, բացի մեր մի քանի մարդուց, բացարձակապես զբաղվող չկա, որովհետեւ չկա այդպիսի կառույց։ Ես այդ պայմանով եմ համաձայնել այստեղ աշխատել։ Եվ մեկ տարվա ընթացքում որոշակի նախադրյալներ, հիմքեր ստեղծել եմ եւ առանց պետության ֆինանսական աջակցության։

– Բայց, փաստորեն, ձեր պայմանն ամբողջությամբ չի կատարված։

– Այո, բայց մտածելով, որ նախադրյալները կան, անընդհատ մտածել եմ մնամ՝ այսօր կլինի, վաղը կլինի։ Իհարկե, նաեւ սեփական անձնազոհության հաշվին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Իսկ սոցապ նախարարի կարծիքը Արմեն Պետրոսյանի հարցի մասին կկարդաք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031