Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյանի մեղադրանքներն անհիմն են

Հոկտեմբեր 17,1998 00:00
Levon trevl

«Առավոտ» օրաթերթի 1998 թ. հոկտեմբերի 10-ի համարում լույս տեսած հոդվածներից մեկը, որը վերաբերում էր «Հայկական ավիաուղիներին», անկեղծ ասած, տարակուսանք առաջացրեց։ Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել քննարկել այն ամբողջությամբ, բայցեւայնպես, չեմ կարող զարմանքս չհայտնել ավիացիայի վարչության պետի նախկին պաշտոնակատար պարոն Շահեն Պետրոսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Կարպիս Թիթիզյանի տնօրինած՝ «Լեւոն Թրավըլի» եւ «Հայկական ավիաուղիների» միջեւ կնքված պայմանագրով, Թիթիզյանին 400 ԱՄՆ դոլարով տրված են Եվրոպայի երկկողմանի տոմսեր, որոնց ինքնարժեքն իրականում 500 ԱՄն դոլար է, իսկ Թիթիզյանը, իբրեւ թե դրանք վաճառում է կրկնակի արժեքով եւ ավիացիային պատկանող գումարները դնում իր գրպանը։

Նախեւառաջ, տոմսի ինքնարժեքը հաշվելն այնքան էլ հեշտ չէ, դրա համար հատուկ մասնագետներ կան։ Երկրորդ, տարօրինակ է, թե ինչպես կարող է տոմսի «ինքնարժեքը» լինել 500 ԱՄՆ դոլար, եթե այսօր ամբողջ ամրագրման կոմպյուտերային համակարգում գոյություն ունեն Եվրոպայի շատ ավելի ցածր արժեքներ։ Մի՞թե պարոն Պետրոսյանը կարծում է, որ այսօր «Հայկական ավիաուղիներում» աշխատում են այն աստիճան ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք հասարակ թվաբանություն չգիտեն։

Բայց «Լեւոն Թրավըլ»-ի ամերիկյան գրասենյակը «Հայկական ավիաուղիների» հետ առհասարակ պայմանագիր չունի։ Իսկ Երեւանյան մասնաճյուղի տնօրեն հանդիսանում եմ ես՝ Անահիտ Փափազյանս, ավելի քան վեց տարի, եւ կարող եմ վկայել կամ հարկ եղած դեպքում ապացուցել, որ «Հայկական ավիաուղիները» բոլոր գործակալների, այդ թվում նաեւ «Լեւոն Թրավըլ»-ի հետ կնքել են հավասար հիմունքներով պայմանագրեր, որեւէ մեկին չտալով ավել կամ պակաս արտոնություններ, չնայած միանգամայն տրամաբանական եւ արդարացի կլիներ, եթե որոշ գործակալներ ունենային արտոնյալ պայմաններ, ըստ իրենց կատարած աշխատանքի ծավալի։

Վերջերս անընդհատ խոսվում է ազատ շուկայական հարաբերությունների մասին եւ թվում է, թե դժվար չէ կռահել, որ այսօր շուկան է թելադրում ու կարգավորում արժեքները, եւ ոչ թե Թիթիզյանի քմահաճույքը, որ նա կարողանա կրկնակի արժեքով տոմսեր վաճառել, խաբեությամբ գումարներ յուրացնել եւ միաժամանակ այս գործում գոյատեւել 40 տարի, ստեղծել անուն, որով կարելի է հպարտանալ։ Այս արդյունքին մենք հասել ենք մեր ջանքերի, աշխատասիրության, սկզբունքայնության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ոչ թե հաճախ ընդունված զարտուղի ճանապարհներով։ Ակամայից մտածում ես, թե արդյոք հենց այդ պատճառով չէ՞, որ պարոն Պետրոսյանն այնքան է չարացած մեր հանդեպ, որ պատրաստ է բացարձակ անհիմն ու սուտ մեղադրանքներ ներկայացնել մեզ։

ԱՆԱՀԻՏ ՓԱՓԱԶՅԱՆ

«Լեւոն Թրավըլ» համատեղ ձեռնարկության երեւանյան գրասենյակի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031