Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀ, ՊԱՀ, ՊԱՀ ԿԱՄ ԵՐԵՔ ՊԱՀ

Հոկտեմբեր 17,1998 00:00
Cap

-Ձեզ չի՞ թվում արդյոք,

Որ արարում երրորդ կային շինծու տողեր,

Ինչ-որ անհարթ ոճեր… անհարթ տողեր

Ե. Չարենց,

«Աքիլլե՞ս, թե՞ Պյերո»

Անկեղծության պահ

Ցանկացած հեղափոխական (կամ հեղաշրջումային) իրավիճակում հասարակական կյանքն ակնհայտորեն անկեղծանում է։ Մի պահ նույնիսկ քաղաքական (կամ հեղափոխական) գործիչներն իրենք են հավատում, որ իրենք անկեղծ են։ Եվ այդ անկեղծ մոլորության մեջ յուրաքանչյուրն ստանձնում է այնքան պարտավորություն, որքան իր իսկ կարծիքով ի վիճակի է կրել։ Հետո կյանքն ինքն է «դասակարգում» կամ արժեքավորում յուրաքանչյուրին։ Հատկապես արագ արժեքավորվում են այն քաղաքական գործիչները, որոնք իրենց փորձում են դրսեւորել գործադիր իշխանության ոլորտում։ Իսկ մյուսները, որոնց չի հաջողվում հասնել իշխանության գործադիր լծակներին, հիմնականում շարունակում են կրել իրենց անկեղծ մոլորությունը՝ թե չգնահատվեցին։

Այս գիտակցությունը նրանց մղում է դառնալ ընդդիմություն։ Իսկ ընդդիմություն լինելով, շատ ավելի հեշտ է քաղաքական բարձր վարկանիշ ունենալը (կամ՝ պահելը)։ Բոլոր քաղաքական գործիչներն էլ այս բանը գիտեն։ Սակայն բոլորով ընդդիմության ճամբար չեն գցում իրենց՝ շատ ավելի պարզ պատճառով։ Կենցաղային պատճառներով իշխանավոր լինելը շատ ավելի շահավետ է։ Նաեւ դուրեկան՝ հասարակական դիրք, ծառայողական մեքենա եւ այլ լիքը հասկանալի բաներ։ Մեր իրականության մեջ հերթական անկեղծության պահն այս տարի գարնանը սկսվեց։ Այդպիսի հեղափոխական իրավիճակում միշտ էլ բազում աղախիններ կան, որոնք հավակնում են, ե՛ւ վստահ են, որ կարող են պետություն կառավարել։ Բազում նավաստիներ կան, որոնց կարծիքով իրենց կոչումը բանկ ղեկավարելն է։

Նման հավակնոտ պահերին պատմությունը միշտ էլ բավարարում է հավակնորդների մի մասի պահանջը, եւ նրանք դառնում են պետական պաշտոնատար դեմքեր։ Մեր իրականության առանձնահատկությունն այն էր, որ հավակնորդների դերում հանդես եկան ոչ թե անհայտ աղախինն ու նավաստին, այլ հին ու հայտնի քաղաքական գործիչներից ոմանք։ Մարդիկ, որոնք առնվազն 10 տարի քաղաքական դաշտում էին, եւ պետք է, որ գոնե իրենց համար հստակ պարզեին՝ հասարակական կյանքը խիստ բազմաշերտ երեւույթ է։ Ե՛վ պետք է, որ հստակ որոշած լինեին իրենց տեղն այդ բազմաշերտության մեջ։ Սակայն նորից սկսվեց «բանվորի տղուց պրոֆեսոր ձուլելու» անրջական գործընթացը։

Կոնկրետ պահ

Քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում կարող եմ ենթադրել, որ մի քանի տարի ընդդիմություն լինելը ձանձրացնում է քաղաքականությամբ զբաղվողներին։ Երեւի հենց այս պատճառով էլ նրանց մի մասը իշխանափոխությունից հետո ոգեւորությամբ ընդունեց իշխանություն տեղափոխվելու ցանկացած առաջարկ։ Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության պատասխանատուի պաշտոնն ստանձնեց Դավիթ Վարդանյանը։ Հին, հայտնի քաղաքական գործիչներից մեկը, որի հետ այս կամ այն չափով հասարակությունը հույսեր էր կապում։ Պաշտոնավարման ընթացքում, կարծում եմ, նա ինքն էլ հնարավորություն ունեցավ համոզվելու, որ իր հետ հույսեր են կապված։ «Առավոտ» օրաթերթին տված իր հարցազրույցում Դ. Վարդանյանն այսպես է խոսում նախագահի վերահսկողական ծառայություն բնակչության գրած դիմում-բողոքների մասին. «Մեծ մասամբ՝ այո, դիմումներն իմ անունով էին»։

Պարզ բան է՝ քաղաքականության մեջ անգամ ամենախարիզմատիկ գործիչները միայնակ չեն կերտում իրենց անունը (կամ հեղինակությունը), այլ խմբով կամ որ նույնն է՝ կուսակցությունով։ 1996-97 թթ. իր հեղինակության բարձրակետին հասած ԱԺՄ-ի ղեկավարներից մեկը, պատկառազդու եւ խրոխտ հնչող անունով, մի պաշտոն ստանձնեց։ Նույնքան պատկառազդու եւ խրոխտ հայտարարություններով սկսեց իր վերահսկիչ գործունեությունը։ Հույսերն առկա էին, բայց առկա էին նաեւ զգուշացումները, որ Դավիթ Վարդանյանը գործադիր իշխանության խիստ կոնկրետ պաշտոնում քաղաքական գործունեությամբ է զբաղվելու։ Նա, իհարկե, հրապարակավ ժխտում էր այս հայտարարությունները։ Բայց ժխտելուն զուգահեռ, իր վերահսկիչ կյանքի առնվազն երկու ամիսը նվիրեց ՀՀՇ վարչության անդամներ, թաղապետ Արարատ Զուրաբյանի եւ քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի գործունեությունը ստուգելուն։ Ստուգումներն սկսվեցին բարձր նոտայի ելույթներով։ Հետո արդեն մամուլին տրվող հարցազրույցներում տոնը մեղմ էր։

«Հասկացա, որ 25 օրը քիչ է»,- ասում (թե՞ արդարանում) է նա, բողոքում աշխատակազմի սակավությունից։ Մի բան բացահայտ չի ասվում, որ այս ամենը հայտնի էր գործը սկսելուց ու «խրոխտ» հայտարարություններից առաջ։ Չի խոսվում այն մասին, որ վերահսկիչ ծառայությունը քաղաքական աշխատանք չէ, այլ զուտ մասնագիտական։ Ամենասովորական մասնագիտական շարքային աշխատանք, որն իրականացնելու համար քաղաքական գործիչ լինել պետք չէ։ Այդ գործը գլուխ բերելու համար պետք էր լինել իրավաբան կամ տնտեսագետ։ Ոչ մի տնտեսագետ կամ իրավաբան մասնագետ չէր հայտարարի, որ ստուգումների համար 14 օր + 7 օր + 7 օր ժամանակը քիչ է։

Ստուգումների համար մասնագետը հո չէ՞ր կարող պահանջել, որ փակեն ստուգվող հիմնարկները։ Դրանք, ստուգվելուց բացի, կարելի է ենթադրել, որ ուրիշ ֆունկցիաներ էլ ունեն։ «Ինձ թիվը հավատ չի ներշնչում։ Կանգառը բարենորոգելու համար մոտ տասը հազար դոլար կծախսե՞ն»,- հարցազրույցներից մեկում ասում է Դավիթ Վարդանյանը։ Ճիշտն ասած, գոնե ես չեմ հիշում, որ «հավատ չի ներշնչում» արտահայտությունը լսած լինեմ որեւէ այլ վերահսկիչից։ Ցանկացած աուդիտ գործն ուսումնասիրելուց հետո միանշանակ եզրակացություն կգրեր՝ ծախսվել է, թե ոչ այդ 10 հազար դոլարը։ Կգրեր եւ կստորագրեր։ Համեմատության համար ունենք, չէ՞, ԱԺ-ի Վերահսկիչ պալատի աուդիտորական բազմաթիվ եզրակացություններ։

Լրջանալու պահ

Նախագահի աշխատակազմի Վերահսկիչ ծառայությունը հարկավ չի հրապարակի, թե որքան բյուջետային միջոցներ է ծախսում իր աուդիտորական կամ էլ վերահսկիչ գործունեությունն իրականացնելու համար։ Չի հաշվարկվի (հնարավոր չէ՛ հաշվարկել) վերաստուգվող հիմնարկությունների ծախսերը։ Նախագահի աշխատակազմը չի հրապարակի իր կարծիքը (անկեղծ կարծիքը) վերահսկիչ ծառայության աշխատանքի արդյունավետության մասին։ Որովհետեւ սա արդեն քաղաքական բնույթի գործ է։ Վերահսկիչ ծառայության պատասխանատուն շարքային մասնագետ չէ։ Այլ՝ ոչ այն է իշխանության մեջ ներգրավված, ոչ այն է՝ ընդդիմությունում գործող ԱԺՄ կուսակցության անդամ։ Սեփական կուսակցությունն էլ հրապարակավ չի կշտամբի կամ չի գնահատի իր լիդերներից մեկի աշխատանքը։ Մեր քաղաքական կյանքում դա ընդունված չէ։ Չի կշտամբի, այլ իր վարչության նիստերում ու համագումարներում բոլորովին այլ պատճառներ կբերի, թե ինչու 1998 թ. սեպտեմբերի 25-ի «դարակազմիկ» միտինգին մեկ-երկու հազար մարդ էր հավաքվել։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031