Երեկ «ՀՀ» թերթի գործադուլավորները ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակը հանձնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի՝ նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժին։ Ընդունարանը լիքն էր լրագրողներով։ Բաժնի ոստիկաններն օպերատորներին արգելում էին նկարել «հանրապետության առաջին օբյեկտը»՝ առանց որեւէ պատճառաբանության։ Այնուամենայնիվ, ամենքն իր գործն արեց։ «ՀՀ»-ի կոլեկտիվն էլ նամակը հանձնեց, ու բոլորս սպասում էինք։ Հետո փորձեցին հեռախոսով կապվել նախագահի մամուլի խոսնակի՝ Կասյա Աբգարյանի հետ…
Հավաքված լրագրողների մեջ սպասումից շատացան հարցերը. «ինչո՞ւ է ԱԺ-ի թերթն ուզում գրել իր ուզածը եւ ոչ՝ ԱԺ-ի», «… չէ՞ որ ԱԺ-ն է նրանց ֆինանսավորում»։ Եվ հարցերը կդառնան բազմաբնույթ, քանի դեռ բողոքող խումբն իր ծրագիրը չի հրապարակում։ Իսկ ընդհանրապես «ՀՀ» խմբագրակազմի գործադուլային կոմիտեն՝ ի դեմս Կարմեն Դավթյանի, հերթական անգամ այսպես բնութագրեց իրավիճակը. «Տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ ազատ խոսքի ոտնահարում՝ մի մարդու կողմից, որի համար մի ամսվա ընթացքում երկու բողոք է գնում Եվրախորհուրդ։ Մենք այդ փաստը հաշվի ենք առնելու, որպեսզի այնտեղի ներկայացուցիչը, որը նոյեմբերի 3-ին պետք է գա «Հանրապետություն» խմբակցության մարդու իրավունքների ոտնահարման հանգամանքն ուսումնասիրելու, նաեւ համահիմնադրի մեր իրավունքներն ուսումնասիրի ու պատասխան տա։
Հանդես ենք գալու հայտարարությամբ՝ բոլոր կուսակցություններին եւ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ իրավիճակը նկարագրելու եւ գործուն միջամտություն պահանջելու իրենցից։ … Բոլոր հաշվարկներն արված են, շատ իրատես ենք նայում։ Մեզ համար կարեւորը ոչ թե բարոյական հաղթանակն է, այլ, ի վերջո, այս երկրում մամուլի նկատմամբ ունեցած վերաբերմունքի ճշգրտումը…»։
Իսկ ՀՀ նախագահին հղված նամակում մասնավորապես ասվում էր. «… «ՀՀ» գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանի պաշտոնանկությունը հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազատ խոսքի վրա բռնանալու խորհրդարանային նոր փուլի սկիզբն է դնում, որի ժամանակ ոտնահարվեցին նաեւ մի ողջ համահիմնադիր կոլեկտիվի շահեր։ Ակնկալում ենք ձեր գործուն միջամտությունն ու աջակցությունը՝ քաղաքական միապետ դառնալու նկրտումներ եւ հավակնություններ ունեցող օրենսդիր մարմնի ղեկավարի կամայական եւ հակաիրավական հրամանին պատշաճ գնահատական տալու հարցում…»։ Բողոքի ակցիայի ժամանակ ասվեց նաեւ, որ գործադուլային կոմիտեն կդիմի դատարան, Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովին։
Կարդացեք նաև
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Երեկոյան խմբագրություն զանգահարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Ամալյանը եւ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը «ՀՀ»-ի գործադուլ հայտարարած աշխատակիցներին կընդունի վաղը, ժամը 12-ին։