Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբեր 17,1998 00:00
Aleqsan Harutyunyan

Սենսացիոն երկուշաբթի

Հայաստանի քաղաքական աշնան՝ աստիճանաբար սրվող զարգացումները նախընթաց փուլում մեկ շատ կարեւոր, ընդ որում աննախադեպ դրսեւորում ունեցան, ինչն արտահայտվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի՝ մի խումբ քաղաքական գործիչների առանձին-առանձին տրված ոչ ամենօրյա եւ ամենեւին էլ ոչ սովորական բնութագրումներով։«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանի արձագանքն, ասենք, չհապաղեց. նա անմիջապես դիմեց իրավասու մարմիններին, որպեսզի գործին ընթացք տրվի ու լուծում գտնեն իր արժանապատվությունն ու պատիվը կասկածի տակ դնող խնդրին։

Օրերս, պարզվում է, նույն հարցով հանրապետական դատախազություն է դիմել նաեւ պատգամավոր Վահագն Խաչատրյանը. «որպեսզի քրեական գործ հարուցվի Ալեքսան Հարությունյանի նկատմամբ՝ զրպարտելու համար»։ Երեւանի նախկին քաղաքապետն իր հայցի հիմքում դրել է «Առավոտ» օրաթերթում Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցում վերջինիս արտահայտած այն միտքը, որ «եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ աշխատանքից չազատեր, ապա ես քրեական պատասխանատվության կենթարկվեի։ Սա իր մեկնաբանությունն է»։

Vahagn Xachatryan

Վահագն Խաչատրյանը նախ հարկ համարեց ներկայացնել հարցի իրավական կողմը։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն աշխատանքից չի ազատել, որովհետեւ Սահմանադրությամբ այն ժամանակ նման իրավասություն չի ունեցել։ Ինքը՝ Վահագն Խաչատրյանն աշխատանքից ազատվել է Երեւանի քաղգործկոմի նախագահի լիազորություններն ավարտվելու հիմքով։ Այսինքն՝ ինչպես փաստում է պատգամավորը, ինքն աշխատանքից չի ազատվել, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվի, ինչպես նախագահի աշխատակազմի ղեկավարն է հայտարարել։ Ուստի դիմել է դատախազություն, որպեսզի, իր խոսքերով՝ «Ալեքսան Հարությունյանը քրեական պատասխանատվության ենթարկվի»։ Բայց, ինչպես սովորաբար է լինում, այս խնդրահարույց հարցում էլ կա մի թեական տարր։

Վահագն Խաչատրյանը պատմում է, որ դատախազություն կատարած իր այցի ընթացքում. «ինձ հիշեցրեցին, որ ժամանակին ինչ-որ քրեական գործ է եղել, որում ես սկզբից վկա եմ եղել, հետո՝ մեղադրվող։ Երբ ինձ այս պատմությունը հիշեցրեցին, ես էլ իմ կողմից ասացի՝ դրա վերջն այն է եղել, որ Հենրիկ Խաչատրյանը, հանրապետության գլխավոր դատախազը, 1998 թվականի ապրիլին, արդեն, երբ ես այլեւս պաշտոն չէի զբաղեցնում, անհիմն համարելով բոլոր այդ մեղադրանքները, հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճել է»։ Վահագն Խաչատրյանը խոստացավ հարցի բովանդակային կողմը, ընդ որում, մանրամասնորեն, ներկայացնել մոտ օրերս՝ ավելի հրապարակային ու ավելի մեծ լսարանի առջեւ։ Սակայն մինչ այդ, հարկ համարեց ասել նաեւ հետեւյալը. «Հասկանում եմ, թե ինչ է կատարվում. պատրաստվում է մի հետաքրքիր սցենար, որով փորձելու են իմ կողմից Ալիկ Հարությունյանին ներկայացրած մեղադրանքը հանել։ Այսինքն՝ ինձ կպատասխանեն, թե նա կարող էր նման բան ասել, որովհետեւ այսպիսի գործ է եղել»։

Այս հարցի շուրջ Երեւանի նախկին քաղաքապետն իր ասելիքը եզրափակեց հետեւյալ խոսքերով. «հարկավոր է ճիշտը ներկայացնել, մանավանդ որ իշխանության կողմից իմ հասցեին տարբեր ասեկոսեներ են տարածվում։ Որպեսզի այդ ամենը բացառվի, երկուշաբթի կամ երեքշաբթի տեղի ունենալիք մամլո ասուլիսով հասարակությանը տեղյակ կպահվի, թե որն է իրականությունը»։ Քանի որ խոսքն Ալեքսան Հարությունյանին է վերաբերում, Վահագն Խաչատրյանի հետ այս զրույցից հետո կապվեցի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։ Նա, ինչպես եւ սպասելի էր, ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանություն տալուց եւ ասաց միայն, թե հավատում է, որ գործի ընթացքն ամեն ինչ իր տեղը կդնի։

Այդուհանդերձ, հիշեցնենք, թե նա ինչ է ասել. «Վահագն Խաչատրյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատանքից ազատելով, իմ կարծիքով, փրկեց քրեական պատասխանատվությունից»։ Բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ առնվազն երկու նկատառում արտահայտված է. ա) Լեւոն Տեր-Պետրոսյանը Վահագն Խաչատրյանին ազատել է աշխատանքից, բ) Լեւոն Տեր-Պետրոսյանը Վահագն Խաչատրյանին փրկել է քրեական պատասխանատվությունից։ Մենք որեւէ մեկնաբանություն չունենք, սակայն, «Առավոտը» կտեղեկացնի գործի հետագա ընթացքին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031