Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԵԿԱՆ 1,5 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՇԵՆՔ ԵՆՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ»

Հոկտեմբեր 16,1998 00:00
dadasyan

Ասաց ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի Գերմանիա եւ Վրաստան կատարած հյուրախաղերն առիթ հանդիսացան եւս մեկ անգամ անդրադառնալու այդ թատրոնին եւ առհասարակ, թատրոնի խնդիրներին։ Գերմանիա մեկնեցին հայկական մշակութային օրերին, ինչպես նաեւ «Բոննյան ամառ» միջազգային փառատոնին մասնակցելու։ Վերադառնալով Գերմանիայից՝ Երեւանում անմիջապես բացեցին աշնանային խաղաշրջանը եւ մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 23-ից 27-ը մեկնեցին Վրաստան՝ մասնակցելու միջազգային թատերական, Թումանաշվիլու անվան «Նվեր» («Gift») փառատոնին։ Գերմանիայում նույնիսկ եղան մի քանի առաջարկներ Գերմանիայի «Ագռավներ» թատրոնի հետ՝ համատեղ ծրագրեր պատրաստելու եւ Լեհաստանի մշակույթի նախարարության կողմից։ Գերմանիայում մեր մնջախաղի թատրոնը հանդես եկավ երկու՝ Ժ. Դադասյանի «Խաղ» եւ Յ. Կոստանյանի «Արթմնի երազ» ներկայացումներով։

Գերմանիայում ներկայացումները դրսում էին խաղում

«Սպիլենֆելդում խաղում էինք դրսում, շատ հետաքրքիր վայր էր,- ասում էր Ժ. Դադասյանը։ -Դրսում խաղալն էլ իր որոշակի համը կամ աղը ուներ։ Նման փորձեր շատ հազվադեպ են արվել, իսկ եթե արվել են, ապա դրանք շատ ավելի ակցիայի սկզբունքով են մատուցվել, իսկ մենք, ինչպես գիտեք, մնջախաղն ընդունում ենք որպես թատերական ժանր եւ մեզ հիմնականում մնջախաղը հետաքրքրում է որպես թատրոն»։ Նման մի փորձ անցյալ տարի մնջախաղի թատրոնն արել էր «Առագաստ» սրճարանի բաց տարածքում։ Վրաստանում խաղացին երեք ներկայացում Փառատոնի կազմակերպիչը Էդուարդ Շեւարդնաձեն էր, որ ծրագրի իրականացման համար տրամադրել էր 120.000 դոլար։ Մեր մնջախաղի թատրոնին հրավիրել էր գլխավոր տնօրեն Կետի Դոլիդձեն։ «Շատ ընդգրկուն, շատ բարձր մակարդակի, նախանձելի փառատոն էր»,- ասում էր Ժ. Դադասյանը։ Այս անգամ մնջախաղի թատրոնը, ի տարբերություն Գերմանիայի, հանդես էր եկել 3 ներկայացումներով (նաեւ՝ «Թռիչք» ներկայացումը)։ «Կետի Դոլիդձեն այնքան տպավորված էր, որ վերջին օրն ինքն անձամբ եկավ նայելու մեր ներկայացումները եւ շնորհավորեց մեզ» (Ժ. Դ.)։

Վրաստանի մնջախաղի թատրոնն իր սեփական շենքն ունի

Այն գտնվում է Ռուսթավելի փողոցում, ունի հիանալի հնարավորություններ աշխատելու եւ ստեղծագործելու համար։ «Մենք նույնիսկ շատ նախանձեցինք, քանի որ, ինչպես գիտեք, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքը վարձակալում ենք» (Ժ. Դ.)։ Մշակույթի նախարարությունը կրթության եւ գիտության նախարարությունից որոշակի ժամանակով վարձակալում է։ Այն վարձակալում են 1,5 միլիոն դրամով (տարեկան)։

Մեր թատրոնի տոմսերը գնահատվեցին 7 լարի

Մոտավորապես 3000 դրամ։ Իսկ վրացական թատրոնի տոմսերի գինն արժեր ընդամենը 3 լարի։ Մեր թատրոնն իր ներկայացումները սկսում էր երեկոյան ժամը 21.00-ին եւ 20.00-ին, իսկ իրենց ներկայացումները բեմադրվում էին ցերեկվա ժամը 15.00-ին։ Ժ. Դադասյանին հանդիսատեսի բացակայություն ունենալու մտավախությամբ մոտեցել էր վրացական թատրոնի ղեկավար Շալիկաշվիլին եւ սիրտ էր տվել՝ «Ոչինչ, մենք ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի, ոչինչ, որ հանդիսատես չգա, այդ ժամին Վրաստանում հանդիսատես չի կարող գալ եւ այլն» խոսքերով։ Սակայն ահավոր զարմացած էին, երբ հանդիսատեսով լեփ-լեցուն տեսան դահլիճը, նույնիսկ լրացուցիչ աթոռներ էին բերվել։

Մշակույթի նախարարը խոստացել է

– Կարծում եմ մնջախաղի թատրոն ունենալը պետության համար պետական պատվախնդրության հարց չէ միայն,- գրեթե այսպես արտահայտվեց Ժ. Դադասյանը։ – Մնջախաղի թատրոնն այսօր ապացուցում է, որ մնջախաղի թատրոն ունենալը պետության համար գործնական նշանակություն ունի։ Ցավ է, որ մնջախաղ ժանրն իր ներսում ունենալով այդ բոլոր հնարավորությունները, կարող է այսօր իր իսկ հանրապետությունում որբի դերում լինել։

Դու՝ ինձ, ես՝ քեզ

Անմիջապես Վրաստանում մեր մնջախաղացների մեջ միտք ծագեց հրավիրելու վրացական մնջախաղի թատրոնին Երեւան։ Նոյեմբերի սկզբներին Վրաստանի մնջախաղի թատրոնը հանդես կգա նաեւ Երեւանի մնջախաղի թատրոնի բեմում։ Հանդիպումներ ունեցան նաեւ Վրաստանի, Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի ղեկավարի եւ դերասանների հետ։ Նայեցին նրանց ներկայացումները, նրանք էլ գրեթե ամբողջ խմբով իրենց «մեծ աջակցությունը ցուցաբերեցին եւ եղան մեր բոլոր ներկայացումներին» (Ժ. Դ.)։ Կա նաեւ մեկ այլ առաջարկ, որն արեց Թբիլիսիի հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը։ Մեկ ներկայացում մեր դերասանական խմբի հետ բեմադրելու իրավունքով Շալիկաշվիլին կգա Երեւան, եւ գարնանը նույն ծրագիրն արդեն մերոնք կիրականացնեն այնտեղ։

Մշակույթի նախարարը խոստացավ պարգեւատրել խմբին

Երբ Էդուարդ Շեւարդնաձեն մտել է Ռուսթավելու անվան թատրոն, այնտեղ թողել է 1 մլն դոլար եւ դուրս է եկել։ Հաջորդ օրը մտել է Մարջանիշվիլու անվան թատրոն՝ թողնելով այնտեղ 200.000 դոլար, մյուս օրն անցնելով Պ. Ադամյանի անվան թատրոնը, այնտեղ թողել է 30.000 դոլար։ Իսկ հետո արդեն 120.000 դոլար է տրամադրել այս փառատոնի կազմակերպման համար։ Ասուլիսում մեր լրագրողներից մեկը, գուցե, սրամտելով միանգամից այս պատմությունից հետո, հարցրեց՝ «Ձեր մնջախաղի թատրոն ոչ ոք չի մտնո՞ւմ»։ Իսկ դերասաններից մեկն էլ ոչ պակաս առաջինից, պատասխանեց՝ «Մտնում են, բայց չեն թողնում»։ Մեր մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը այս փառատոներից հետո խոստացել է պարգեւատրել թատրոնի դերասանական խմբին։ Ժ. Դադասյանը Է. Շեւարդնաձեի օրինակը բերեց՝ նկատի ունենալով զուտ այն վերաբերմունքը, որը պրեզիդենտն է ցուցաբերում։ Անցյալ տարի Ժ. Դադասյանն, ինչպես ինքն ասաց, «աղմուկ էր արել», որ «վատ չէր լինի, եթե մնջախաղի թատրոնը դառնար նախագահական»։

Այսպիսի մի գաղափար էր տարածել, որպեսզի մեր նախագահը մտածեր այդ մասին։ Նա նույնիսկ հանդիպել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, որն էլ պատասխանել էր, թե՝ «նախագահի մասին օրենքում նման կետ չկա»։ Այո՛, մշակույթի նախարարին Գերմանիայում մնջախաղի թատրոնի առաջին իսկ ներկայացումից հետո Ռոլանդ Շառոյանը հիացած մոտեցել է մնջախաղի թատրոնի դերասաններին եւ հարցրել՝ «Ասում եք՝ ինչքա՞ն պարտք ունի մնջախաղի թատրոնը»։ Իսկ դերասաններն էլ անմիջապես պատասխանել են՝ «1,5 մլն դրամ»։

«Ընդամե՞նը»,- պատասխանել է Ռ. Շառոյանը։ Երեւի Ռ. Շառոյանը որպես պարգեւատրում որոշել է մնջախաղի թատրոնին դա մատուցել։ Իհարկե, ասուլիսի ընթացքում Ժ. Դադասյանը նաեւ անդրադարձավ մշակույթի նախարարությունում արդեն վաղուց քննարկման նյութ դարձած պետական թատրոնների ոչ պետական կարգավիճակի անցնելու խնդրին։ Վրաստանի Շալիկաշվիլու անվան թատրոնի տարեկան դոտացիան կազմում է մոտավորապես 30.000 դոլար, իսկ մեր մնջախաղի պետական թատրոնինը՝ 8.000 դոլար, որի մեջ մտնում է նաեւ շենքի վարձակալման վճարը՝ 1,5 մլն դրամ։ Այսինքն՝ մոտ 5.000 դոլարով մի ամբողջ տարի այս թատրոնը ե՛ւ ստեղծագործական իր խնդիրները պետք է լուծի, ե՛ւ աշխատավարձի, լույսի եւ այլն։

ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031