Չեմ նշում տողերի հեղինակն ով է, պարոն կամ ոմն (ինչպես սիրում եք բնութագրել ձերդ գերազանցությունից բացի ուրիշներին) Ջալալյան, որպեսզի նրանից էլ չպահանջեք հերքում։ Ի դեպ, հերքում պահանջողը չէր մտմտա ուղիղ մեկ ամիս։ Իսկ ընդհանրապես, եթե իբրեւ փաստաբան, տեղյակ լինեիք ԶԼՄ գործող օրենքին, ապա առիթը բաց չէիք թողնի ճիշտ ժամանակին պահանջել ձեր այդ հերքում կոչվածը իմ «Մանր չինովնիկները նպաստում են ընտանիքների քայքայմանը» (2.09.98 թ.) հոդվածի կապակցությամբ։
1) Գրում եք. «Հոդվածագիրը չի կամեցել ստուգելու այդ «տրամադրված» փաստաթղթերի ճշտությունը… Հնարավոր է նաեւ անձնական շահագրգռվածությունից եւ էլի ուրիշ հանգամանքներից դրդված է կատարել այդ, քանի որ հոդվածը իր բովանդակությամբ սկզբից մինչեւ վերջ զրպարտչական է»։ Նշեմ միայն փաստաթղթերի ցանկը. թիվ 20 դպրոցի ուսուցիչների դիմումը ՀՀ վճռաբեկ դատարան, 30 քաղաքացիների դիմում-բողոքներ ՀՀ դատախազությանը, ՀՀ գլխավոր դատախազի ՀՀ ԳԴ նախագահությանն ուղարկված հսկողական կարգով բողոքը (16.08.98 թ.), փաստաբան Ռ. Ռշտունու հսկողական գանգատը ԳԴ առաջին ատյան, Մյասնիկյանի ժողդատարան ուղարկած քաղհայցը, վճիռը եւ էլի ուրիշ փաստաթղթեր, որ «խնամքով» չեք նշել դուք… փաստաթղթերի ճշտության վերաբերյալ մասնագետներն են գնահատականներ տալիս, դատաձեռագրաբանները։ Վերոնշյալ փաստաթղթերի հասցեատերերը ձեզնից բացի, չեն առարկել… Իրեն հարգող փաստաբանը (արհեստավարժ) առիթը բաց չէր թողնի, կասկածելով լրագրողի օգտագործած փաստաթղթերի ճշտությանը, դատի տալ նրան։ Ես ընդունում եմ մարտահրավերը։ Ինչ վերաբերում է «անձնական շահագրգռվածությանը», գոնե դուք մի ասեք, երբ ինքներդ ձեր քրոջ աղջկան չխնայելով, «կտակ կամ նվիրատվություն» եք փորձում ապահովել ձեր տղայի համար եւ «էլի ուրիշ հանգամանքներ»։ Ձեր անաչառությունն այս դեպքում խիստ կասկածելի է…
2) Մինչեւ հոդվածի հրապարակելը, իսկապես ծանոթացել եմ «գործի տվյալներին»։
3) «Սակայն այդ նույն Ռշտունին, որը շատ հեռու է իրավաբան կոչվելուց, նպատակադրվել է լրատվամիջոցներով ստվեր գցելու ճշմարտության վրա». հետաքրքիր է. այլ լրատվամիջոցնե՞ր էլ են հանդգնել ստվերել Ձեզ՝ դարիս մեծագույն փաստաբանին։ Եվ հետո. «այդ Ռշտունին», երբ Սումգայիթի եւ «Դրոյի» (նաեւ Համբարձում Գալստյանի սպանության գործի կարճմանը) դատավարություններին քաղաքացիական համարձակություն ունեցավ մասնակցելու, դուք եւ ձեր նման փաստաբաններն, Աստված գիտե, ինչով էիք զբաղված…
Կարդացեք նաև
4) «Ես կասկած ունեմ, որ հոդվածի տպագրությանն օգնել է նաեւ այդ դատավոր կոչված Էդ. Ավետիսյանը»։ Զրպարտությունն էլ սահման ունի։ Չգիտեմ, կբավարարի՞ ձեզ. ընդհանրապես եւ անձնապես չեմ ճանաչում Էդ. Ավետիսյանին։ Շատ ուրախ կլինեի, որ որեւէ դատավոր որեւէ լրագրողի կարողանար օգնել, դրանից կշահեր հոդվածը։
5) «Ռ. Մինասյանի նման լրագրողն իրավունք չունի աշխատելու այդ ասպարեզում». շարունակում եք դուք, ինչի համար կասեմ. շնորհակալություն գովազդի համար, մանավանդ որ, այդ գովազդը փաստաբանն է անում… Մնացածից. 37-ի հոտ էր գալիս։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ի գիտություն բոլոր հերքողների. մեր թերթի առաջիկա համարներից մեկում կբացահայտենք, թե ինչպես պետք է պատրաստել հերքումը՝ ըստ մամուլի մասին օրենքի: