Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԵՆԴԱՆԻ ՀՈՒՇԱՏԵՏՐ ԿԱ

Հոկտեմբեր 16,1998 00:00
notatetr

Մի առիթով մի սասունցի արտահայտեց իր մի սուբյեկտիվ կարծիքը, թե աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճում են Թալինի շրջանի Իրինդ գյուղի հովիտներում։ Կարծիքը սուբյեկտիվ էր, քանի որ հենց այստեղ՝ Արագածի փեշերին են եկել ու տեղավորվել սասունցիները։ Այս տեղանքն էր, որ նրանք նմանեցրին էրգրի տեղանքին, այստեղի բրաբիոն ծաղիկն էր, որից նրանք առան էրգրի բույրը։ Մեծերը պատմում են, որ մշտապես Իրինդում են իրենց հանգիստն անցկացրել Իսահակյանը, Խաչիկ Դաշտենցը (Սասունի Դաշտադեմ գյուղից էր), Գեւորգ Էմինը։ Վերջինս իր «Սասունցիների պարը» նվիրել է ափո Գալուստին՝ Անդրանիկի զինակից ընկերներից մեկին, որի որդու հետ էլ վերջերս կայացավ մեր զրույցը։

Նախնական զրույցից պարզվեց, որ Դաշտենցի «Ռանչպարների կանչի» մտահղացումը ծնվել է Իրինդում՝ ափո Գալուստի եւ մյուսների խորհրդով։ Իսահակյանը եւս գրել է հուշեր՝ ափո Գալուստի պատմածներից, սակայն դրանք կորել են։ Իսկ ֆիդայու որդին՝ Արշավիր Քոթանյանը, մի կենդանի հուշատետր է, որից կներկայացնենք պատառիկներ։

Արշավիր Քոթանյանը ժամանակին զբաղեցրել է բարձր պաշտոններ, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրեն… Իսկ պատմում էր նա իր հոր պատմածները՝ երբեմն հուզվելով, երբեմն ձայնը բարձրացնելով։ Քիչ հեռվում երեւում էր քանդված Կարմիր վանքը (VII դար), որի մի կանգուն պատի վրա իրինդցիներն ամրացնում էին վառվող մոմերը՝ եկեղեցու քանդված գմբեթի միջից նայելով Աստծուն։ «Այ մարդ, էս ափո Գալուստը մի անգրագետ փիլիսոփա է, մի անգրագետ պատմիչ է, մի անգրագետ զինավարժ է, զարմանալի մարդ է»։

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

«Սկսենք էրգրից ու գանք։ Այն, ինչ պիտի ասեմ, հայրս է պատմել. մեր սենյակը հավաքատեղի էր մեծերի համար (հայրս, հորեղբայրս, Իսահակյանը, Դաշտենցը, Գեւորգ Էմինը)։ Կպատմեմ հորս՝ ափո Գալուստի անունով։ 1893 թիվն էր, գարնանացանի աշխատանքներն սկսվել էին։ Մի մառախլապատ օր էր, ոչինչ չէր նշմարվում։ Գնացել էինք Ծիծեռների հովիտ, որտեղ արտ ունեինք ու վարում էինք՝ ես եզների առաջ, հայրս՝ մաճը բռնած։ Այդ պահին հայրս ասավ. «Գալուստ, կանգնեցրու եզները։ Տե՛ս, մարդ է գալիս, թե ով է՝ չգիտեմ։ Առավոտ շուտ ի՞նչ մարդ է»։Երբ մոտեցավ, տեսա՝ մեր Կորկեն էր՝ գյուղի իշխանը (Գուրգենին Կորկե էինք ասում)։ Եկավ ու հորս, թե՝ «Ափո, գիտես՝ 40 զավթյա (թուրք ոստիկաններ -Հ.Բ.) եկել են գյուղ ու ինձ Մուշ են կանչում»։ Ասավ՝ կանչել են երեք գյուղերի իշխաններին (Գյալեգուզանի, Շենիքի եւ Սեմալի)։ «Նրանք հրաժարվում են գալուց, ես պետք է գնամ»։

Հայրս ասաց. «Ինձ կլսես՝ մի գնա»։ Կորկեն ասաց. «Եթե չգնամ, կայրեն ողջ Սեմալը, կկոտորեն ժողովուրդը»։ Հայրս թե՝ «Գնաս էլ կկոտորեն, չգնաս էլ՝ կկոտորեն։ Ավելի լավ է՝ մի գնա»։ Կորկեն որ գնաց, հայրս եզներն արձակեց ու ընկավ Կորկեի հետեւից։ Սգո նշան էր։ Աղջիկներ, կանայք, ողջ ժողովուրդը հավաքվել էր Կորկեի շուրջ։ Բոլորը խնդրում են՝ չգնալ։ «Կխաբեն, կսպանեն»։ Կորկեին տանում են Մուշ (Կորկեն զավթյաների հետեւից էր գնում)։ Երեք գյուղերի ժողովուրդները զինված գնացին Մուշ։ Տեսնելով, որ ժողովուրդը Մուշից չի հեռանում, Կորկեին ազատ են արձակում՝ Մուշում շրջագայելու, իսկ գիշերը նորից բանտարկում են։ Կարծելով, որ իշխանին ազատ են արձակել, ժողովուրդը վերադառնում է Մուշից։

Այդ նույն գիշեր իշխանին տանում են Բիթլիս ու բարձրացնում կախաղան։ Մի քանի գյուղեր 7 օր սուգ են հայտարարում։ Կորկեն պատկանում էր հնչակյան կուսակցությանը, բայց ողջ կենտրոնական Սասունը, երբ դաշնակցական կուսակցությունը մուտք է գործում Սասուն, երես է դարձնում հնչակյաններից, որովհետեւ վերջիններիս մեջ պայքարի ուժ չի եղել։ 1894 թվին ասացին, որ թուրքական կառավարությունը բանվորներ է պահանջել բոլոր գյուղերից (18-40 տարեկաններին)։ Մեր գյուղից՝ Սեմալից, 60 մարդ, այդ թվում՝ հայրս, հորեղբայրս, հայրս տարավ նաեւ եղբորս։ Հորս ասացի, որ եղբորս չտանի. «Ձեզ որպես օլամ (բանվոր) չեն տանում…»։

Կառավարությունը ժողովրդին հավաքեց Գյալեգոզանում, իրենց ձեռքով փոսեր փորել տվեցին ու բոլորին խշտիկներով կոտորեցին, լցրին իրենց ձեռքով փորած հորերը ու ծածկեցին։ Բողոք գնաց։ Ազգերի լիգայից հանձնաժողով եկավ ու գնաց՝ ոչ մի հարց չքննելով։ Ֆիդայիների մեջ տարակարծություն է առաջանում, եւ դա տարածվում է ժողովրդի մեջ։ Մի մասը ապստամբության ղեկավար է ուզում տեսնել Դժոխք Հրայրին՝ իրենց հայրենակցին (Մշո դաշտից էր)։ Այդ պատճառով զինաթափ են անում Անդրանիկին։ Սակայն սեմալացիները ընդունում էին Անդրանիկին եւ մեր երեք տների (Քոթանի, Մարտոյի եւ Սաֆարի) ճնշման տակ Անդրանիկի զենքերը վերադարձնում են։ Մի գիշեր նստած էինք։ Փչում էր կուրտիկի քամին (Սիմ լեռան քամին)։ Մեկ էլ դուռը խփեցին ու իմ հորեղբոր կինը թե՝ դուռը բաց արեք, ֆիդայեքն են։ Ներս է մտնում Անդրանիկը. «Ալե, Ալե, երկու կորեկի հաց տվեք, սոված ջարդվեցի»։

Տատոն բերեց ու հարցրեց. «Անդրանիկ, իմա՞լ կեղի հայերու հալն»։ «Է՜յ, Ալե, մենք էլ կանցնենք, մեզանից հետո մի սերունդ էլ կգա, մի սերունդ էլ կգա, հայերու հարցը դեռ էսպես է»։ 1904 թվին Սասունը պատրաստվում է ապստամբության։ Այստեղ առաջավոր դեր է կատարում մեր գյուղի տերտերը՝ քաջ քահանա տեր Կարապետը (իսկական անունը Սիմոն էր)։ Նա 100 կոտ ալյուր է հավաքում ժողովրդից, որպեսզի կռվող տղաներին տա՝ սովամահ չլինեն։ Այրում են Շենիքն ու Սեմալը… Անդրանիկը երեք մաուզեր է տալիս. մեկը գյուղի ռեսին՝ իշխան Կրպեին, մեկը տեր Կարապետին, մեկն էլ՝ ափո Գալուստին՝ հայրիկին։ Կրպեն ու Դժոխք Հրայրը մի դիրքում են լինում ու երկուսով էլ սպանվում՝ Սեմալի մոտ։ *** Անգլիական քոնսուլն եկավ մեր տուն։ Նայեց մեր տան պատերին ու ասաց. «Թաց է կհուսամ՝ չվառի»։ (Քիչ-միչ հայերեն գիտեր)։ Ես անմիջապես զգացի մոտալուտ կոտորածը։ Կանանց, երեխաներին մի խումբ արեցինք, մենք՝ մի խումբ։ Ինձ համար ամենամեծ կոտորածը դա էր. բոլորը լացում էին. «Ձեզ հետ կգանք…»։

Ասում էի՝ երկու մասի բաժանվենք, գուցե մի մասը կոտորվի, մյուս մասը մնա՝ մեր տունը իսպառ չջնջվի… Հետո իմացանք, որ մեր տնից հարսիկ Մաքեին բռնել են քրդերը, շորերը հանել։ Նրա հետ էր նաեւ փոքրիկ Արշոն։ Նա ասում էր. «Հարսիկ, գլուլեն առեր է իմ չոք, չըմ իլա, որ իլամ՝ ձեն կեղնի, կիգան մեզի սպանին»։ Հետո Արշոյին էլ սպանեցին։ Ինչո՞ւ են ասում «կատու ուտող սեմալցիք»։ Եղեռնի ժամանակ կատու էի բռնում, քերթում։ Բոլորը հետ էին կանգնում։ Բայց հենց կրակին էի դնում, հոտից վրա էին գալիս ու ինձ էլ բաժին չէր հասնում։ Արեւմտյան Հայաստանում քրդերը շատ էին, եւ մի քանի շրջաններում հայերը դարձել էին քրիստոնյա քուրդ։ Տարին բոլոր քրդերի համար մշակություն էին անում, քրդերի ենթակայության տակ իրենց կյանքը քարշ էին տալիս։

Ազգային շարժում գաղափարը նրանց մեջ չկար։ Ռուսական մի օֆիցեր գյուղերը վերցնելու ժամանակ մի խալի է վերցնում ու կապում իր ձիու թամբին։ Սասունցի Աստուրը մոտենում է եւ փորձում հետ վերցնել խալին։ Ռուս օֆիցերը սուրը քաշում է, որպեսզի Աստուրի գլուխը թռցնի։ Պողոսը հասցնում է սուրը փախցնել ու խփելով ծնկին՝ կոտրում է։ Օհո՜, օֆիցերը բողոքում է Անդրանիկին։ Գործը տաքանում է։ Ափո Գալուստն ու մյուսները Անդրանիկին պատմում են ամեն ինչ։ Օֆիցերը մտնում է զորավարի մոտ։ Դեռ չմտած՝ զորավարը հանում է իր թուրը, ձեռքերով բռնում ու հանձնում օֆիցերին։ Սա էլ ծնկի է գալիս, համբուրում Անդրանիկի ձեռքը եւ առանց սրի դուրս է գալիս…»:

Գրի առավ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031