Պատասխանը միանշանակ է՝ այո՛ ՀՀ նախագահը քաղաքական կուսակցությունների հետ իր ոլորապտույտ հարաբերությունների, «սուպեր» նախարարների հետ «համագործակցության», խորհրդարանի քմահաճույքների ճնշումների ներքո այդ ուղղությամբ է գնում։ Ժամանակին քաղաքական վճռականություն չունենալով՝ ցրել այս չարաբաստիկ ԱԺ-ն, ՀՀ նախագահն անվերջ ռեւերանսներ է ասում նրան՝ քաղաքական տարբեր իրավիճակներից ելնելով։ Երեկ, ռեւերանսի զոհը մենք էինք՝ «ՀՀ» թերթը։ Դեռ չգիտենք ՀՀ նախագահն ինչքան սառնասրտորեն է խորհրդարանի զոհասեղանին նետել ժամանակին իրեն անսահմանորեն սատարած այս թերթը, այնուհանդերձ մեկ բան պարզ է՝ հերթը կամաց-կամաց իրեն է հասնում։
Բյուջեի ընդունման համար «ՀՀ»-ին զոհ տված նախագահն առաջիկայում մի հանգրվան էլ ունի՝ բյուջեի եւ ընտրական օրենսգրքի արանքում էլ «զոհ» կտա կառավարությանը, ու նախարարների «կամավոր» հրաժարականներից ոգեւորված, խելքը կորցրած ԱԺ-ն արդեն «կորոշի» ընտրությունների ընթացքում նախագահին թելադրելիքը։ Ստեղծված քաղաքական իրավիճակում մեկ բան էլ է միանշանակ՝ չե՛ն կայանալու ազատ-արդար ընտրություններ։ Դառնանք ու դիտենք հանգամանքների բերումով, (թե՞ «գիր ու կապով, բժժանքով») ԱԺ խոսնակի աթոռին հայտնված պրն, մեծարգո, գերաշնորհ Խոսրով Հարությունյանի քաղաքական մարդաբանությունը։ Ակներեւ է, որ քաղաքական շրջանակներում նրան առանձնապես լուրջ չեն վերաբերում։ Բայց արի ու տես, որ իզուր։ Սույն «քաղաքական գործիչը» աշխատանքային իր մի քանի ամսվա ընթացքում կարողացավ «այնքան բան» անել, որքան չէին կարող անել որեւէ կոմունիստ կամ հհշական։
Զորօրինակ՝ ձեռնամուխ եղավ «Իրավունքին» դատի տալու սրբազան գործին՝ հիմք դնելով ազատ խոսքի նկատմամբ իր խաչակրաց արշավանքին։ Հետո սույն քաջարի ռազմիկը ձեռնամուխ եղավ «Ռեսպուբլիկայի» «ծննդաբանությանը». մեծ գինեկոլոգի հմտությամբ իր գործն արեց, ոչնչացրեց թերթի կոլեկտիվի, հիմնադիրների սաղմը եւ լույս աշխարհ բերեց իր գաղափարները «կրողին»։ Հետո ձեռքը մի պահ մամուլից լվաց, գնաց Աշոտ Ոսկանյանի ընտրատարածքում ընտրություններ «անցկացնելու»։
Խախտեց օրենքն ու մարսեց. մեկը՝ իշխանություններից, չեղավ, որ տեսներ վերջինիս աչքի վրա եղած թավ հոնքերն ու ասեր. «Պարոն, այդ գործը գլուխ բերելիս ձեր աչքի վերեւում հոնք կար»։ Խախտելով հայկական օրենքը՝ վերջինս «անցավ» Եվրոպա՝ խախտելու եվրոպական օրենքները (ԵԽ ԽՎ կանոնակարգը), եվրոպական հեռվից նրան ասացին՝ հոպ, պարոն, ձեզ մոտ կարող է դա լավ է ստացվում, մեզ մոտ՝ ոչ։ Եվ, ի վերջո, եվրոպաներից «վերադարձած» խոսնակը «հանգրվանեց» մեր խմբագրություն։ Խմբագրության «շտուրմը», որի ընթացքում մարդկային-ազգային-ժողովրդավարական բոլոր նորմերը ոտնատակ տրվեցին նրա կողմից՝ ի դեմս իր «առաքյալների», անցավ հոյակապ։
Կարդացեք նաև
Եվ դա վերջին շրջանի հհշական մոտեցումներից չէր, դա անգամ՝ կոմունիստական-կագեբեական չէր, այդ՝ 37 թիվ հիշեցնող բռնատիրական ժամանակներ էին։ Դա էլ կմարսի՝ կասկած չկա։ Իսկ ՀՀ նախագահը երեկ մեր բազում զանգերին տիկին Կասյա Աբգարյանի բերանով ասում էր, թե՝ «տեղյակ չեն» որոշմանը, «կուսումնասիրեն», հաջորդ օրը «պատասխան կտան»։ Իսկ երբ մենք իրենց «տեղեկացրինք», որ պետական լրատվամիջոցների ղեկավարները ժամը 20-ին գալու են մեր խմբագրություն՝ ի նշան համերաշխության, ուղիղ ժամը 20-ին պետական լրատվամիջոցների ղեկավարները գտնվում էին «անտեղյակ»՝ ՀՀ նախագահի առանձնասենյակում։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Դուք եզրակացրեք… Իսկ մենք գիտենք մեկ բան եւ միանշանակ. «ՀՀ»-ի ձայնը փակելով, հո չե՞ք կարող մեր՝ թերթի հիմնադիրներիս ձայնն էլ «փակել»։ Մնացած թերթերը հո կա՞ն… Իմացած լինեք նաեւ, թանկագին իշխանություններ, որ հանձին մեզ դուք ձեռք բերեցիք ամենաանհաշտ ընդդիմադիր լրագրողներին։
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Չափազանց հարգելով Լիզա Ճաղարյանի «ՀՀ»-ի՝ մեր գործընկերներին, մենք նույնչափ հարգում ենք Աշոտ Աղաբաբյանի «ՀՀ»-ի լրագրողներին, եւ պատրաստ ենք նաեւ նրանց հնարավորություն տալ՝ իրենց տեսակետն արտահայտելու համար։