Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻ ԿԱՇՎՈՒՄ

Հոկտեմբեր 16,1998 00:00
taxi

Դժվար, ծանր եւ անշնորհակալ գործ է տաքսու վարորդ լինելը, ես դա հասկացա շատ արագ: Ընդամենը մեկ օրը բավարար եղավ, բայց ամեն ինչ՝ հերթով: Համապատասխան ձեւով հագնվելով՝ առավոտյան ներկայացա խմբագրություն եւ խմբագրին հարցրի, թե ո՞ւմ եմ ավելի շատ հիշեցնում: Նա, գրեթե առանց հապաղման, ասաց՝ տաքսու վարորդի: Եւ ուրեմն, արդեն վճռված էր, հաջորդ կերպարանափոխումը տաքսու վարորդն էր: Ձեռքով սարքած «TAXI» վահանակը փակցրի մեքենայի առջեւի ապակուն ու, ինչպես ասում են, դուրս եկա գիծ: Իմ դիտարկումներով, առավել եկամտաբեր պետք է լիներ քաղաքի կենտրոնական հատվածը, որովհետեւ այնտեղ են դիտվում տաքսիների ամենամեծ կուտակումները: Ինձ թվում էր նաեւ, որ տեղում կանգնելն ավելի նպատակահարմար է, քան դատարկ պտույտներ կատարելը:

Տրամաբանությունը պարզ էր. կանգնած տեղում բենզին չես ծախսում, իսկ ուղեւորը ինքը քեզ կգտնի: Այսպես կանգնած տրամաբանում էի Չարենցի փողոցի՝ համալսարանին հարող հատվածում, հույս ունենալով մի քանի ուսանող տեղափոխել: Մեկ էլ հայտնաբերեցի, որ արդեն 45 րոպե տրամաբանում եմ, իսկ ուղեւորներ, գոնե մեկ հատ, այդպես էլ չմոտեցան: Հիասթափվեցի Չարենցի փողոցից: Հա, այն էլ ասեմ, որ փողոցով երթեւեկող տաքսիների վարորդները թարս էին նայում վրաս: Դա ինձ տարօրինակ թվաց: Դիրքս փոխեցի, այսինքն, համարյա ինչպես անկողնում ես մի կողքից մյուսը շուռ գալիս, գնացի ու կանգնեցի Իսահակյան փողոցում: Կարելի է ասել, շրջափակման օղակը համալսարանի շուրջ սեղմվում էր: Ու նորից ոչ մի հույս: Չեն մոտենում ու վերջ:

Բայց ահա, մի երիտասարդ զույգ է մոտենում, ուրեմն դեռ ամեն ինչ առջեւում է: Խնդրում են հասցնել Լենինգրադյան փողոց: Մի 10 րոպեից հասնում ենք: Ասածս գինը՝ 1200 դրամ, հաճելիորեն զարմացնում է ուղեւորներիս: Ջահելը փորձում է ընկերուհու /կամ, չգիտեմ ում/ մոտ առատաձեռն երեւալ եւ տալիս է 1500: Վերադարձնում եմ 300-ը: Չի ուզում վերցնել: Զոռով խոթում եմ բուռը: Նայում է վրաս, կարծես չի ուզում հավատալ, որ այսպես էլ է հնարավոր: Ի վերջո տեղի է տալիս: Շարունակում եմ տեսությունս փորձարկել արդեն Լենինգրադյան փողոցում: Այստեղ էլ նկատում եմ, որ «կոլեգաներս» խեթ-խեթ են նայում իմ կողմը: Որոշում եմ ճակատագրի հետ խաղ չանել, ի՞նչ իմանաս, ի՞նչ կա անծանոթ հոգիներում: Երկրորդ տարբերակը քաղաքում շրջելն է ուղեւորին գտնելու հույսով: Այդպես էլ անում եմ: Բայց դատարկ է քաղաքը, ավելի ճիշտ, այն հեղեղված է տաքսիներով, որոնք կանգնած են կամ՝ շարժման մեջ, բայց իրենց անելիքը գիտեն: Իսկ ես չգիտեմ, ես սկսնակ եմ: Ու սկսում եմ նյարդայնանալ: Դրանից փրկվելու լավագույն ձեւը ուտելն է: Տանը մի կտոր հաց ուտելով նորից դուրս եմ գալիս գիծ:

Արդեն ավելի ինքնավստահ, առաջին գիշերվա սինդրոմը կամաց-կամաց տեղի է տալիս: Եվ շուտով ստացվում է: Մի կերած- խմած մարդ է կանգնեցնում: Դեպի Զեյթուն ճանապարհը երկար է, եւ մարդը որոշում է վարորդի հետ զրույցի բռնվել: Ընդունված առաջին՝ «ավտոդ ո՞ր թիվ ա» հարցից հետո անցնում է խոսակցության երկրորդ մասին, որն ավելի մենախոսություն է, քան զրույց: «Է, իմ ախպեր, կարող ա՞ լավ օրից ես քուչեքն ընկել: Էրեխեք ունես, չէ՞, պտի կերակրես, բա ոնց: Ի՞նչ փեշակի տեր ես»: Ինժեներ- շինարար եմ,- ասում եմ: «Բա, այ ախպեր, քո գործը սկի գործ չի, սարքելու բան քո թոռներն էլ չեն ունենալու, քանդելու դար ա, քանդողի դար ա, ես սրանց…» ու մի բազմահարկ «քֆուր» 1988-ից հետո Հայաստանում իշխած գրեթե բոլոր պաշտոնյաների հասցեին:

«Քեզ համբերություն ախպեր ջան»- վերջում բարեմաղթում է նա, չգիտես իրե՞ն, թե՞ ինձ: Հետո մեկը խնդրում է քաղաք իջեցնել: Իջեցնում եմ: Լռակյաց մարդ է, հավանաբար իր գործերի մասին է փիքր անում: Իր գործն է: Լուռ տեղ է հասնում, լուռ վճարում, լուռ իջնում: Չէ, սա գործ չի, այսպես ամբողջ օրը կարող ես ծախսել ու վնասով մնալ: Հիասթափված ու դարդոտված գնում եմ Արմենպրես նկարվելու: Դեմքիս արտահայտությունը երեւի ամեն ինչ ասում է: Ժամը 19-ի կողմերը վերադառնում եմ գարաժ, այսինքն, խմբագրություն: Ավարս 2800 դրամ է: Խմբագրությունից ստացել էի 3000 դրամ բենզինի փող: Ժամը 13-ից մինչեւ 19-ը մեքենայի վազքը կազմել է 93 կմ: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ոչինչ չեմ շահել: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ այսքան շատ տաքսի կա Երեւանի փողոցներում: Եթե օգուտ չունենային, չէին աշխատի:

Հաջորդ օրը փորձում եմ ինձ տանջող ցավով պատել որեւէ պատահական վարորդի: Բաղրամյան փողոցում 10-15 րոպե տեւած հարցախույզի արդյունքում իմ պատահական զրուցակիցը խիստ մասնագիտորեն ինձնից կորզում է ամբողջ ինֆորմացիան, գլուխը տմբտմբացնում եւ փորձագիտական եզրակացություն տալիս: «Քո ասած գնով ոչ մի վարորդ մեքենա չի հանի: Եթե մտքովդ անցնի էլ, դու էդ գործում չթաթախվես: Քո մեկը երկու չի դառնա»: Ու բացատրում է, որ պետք է լկտի լինել, աչքերդ չորս անես ու, եթե ուղեւորի հոտ ես առել, ուրեմն զոհվիր, բայց առաջինը հասիր նրա մոտ: Թե չէ, ասֆալտի վրա բարի քեռիներ չկան, քո փողը ոչ ոք քեզ համար չի աշխատելու: Հասկացա, որ տաքսու վարորդ լինելը աշխատանք չէ, այլ հոգեվիճակ: Եւ որ այդ հոգեվիճակը ամեն մեկի համար չէ: Իսկ որպես աշխատանք, այն շատ ծանր է:

Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031