Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿԻ ՈՒ ՇԱՀԵՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հոկտեմբեր 16,1998 00:00
Azgayin joxov

Ազգային ժողովի վերջին եռօրյայում, երբ խորհրդարանը բացասական դիրքորոշում դրսեւորեց փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հրաժարականի հարցում, առաջինը խոսք ասելու ցանկություն հայտնեց պատգամավոր Արշակ Սադոյանը ու պառլամենտական նիստերի դահլիճի թիվ 3 խոսափողից հայտարարեց, թե Ալբերտ Բազեյանի դեպքում ճիշտ վճիռ ընդունվեց, սակայն մեկ այլ ճիշտ վճիռ դեռեւս ընդունված չէ։ Հռետորի կարծիքով, դա պետք է արտահայտվի ոչ թե Ալբերտ Բազեյանի, այլ մյուս փոխխոսնակ Յուրի Բախշյանի եւ մանավանդ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հրաժարականներով։

Ի դեպ, երբ այս դատողությունը հնչեց խորհրդարանում, անմիջապես հետեւեց Ազգային ժողովի նախագահի արձագանքը, որը խոստացավ լրջորեն, խիստ լրջորեն խորհել Արշակ Սադոյանի առաջարկի մասին։ Ինչեւիցե, սա կարող էինք դիտարկել իբրեւ խորհրդարանական անցուդարձի փոքրիկ մի դրվագ, որը թարմացրեց ներկաներին, եւ տեղի ունեցածը կարող էինք մոռացության մատնել, եթե… Իսկ այդ եթե-ի հետեւում եղածը մեկ նախադասությամբ չես պատմի։

Լուր առնելով, որ «Հանրապետություն» միավորման խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում քննության է առնվել ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը, այն ճշտելու փորձով դիմեցի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության նախագահ, պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, որը նշյալ խմբակցության կազմում մնացած երկու կուսակցություններից մեկի ղեկավարն է. «Խմբակցության անդամներից մեկը հարց բարձրացրեց, որ գուցե հասունացել է Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու հարցը», բայց խնդիրը հիմնավոր եւ մանավանդ բովանդակային քննարկումների չի արժանացել, ու չի ընդունվել որեւէ վճիռ։ Չնայած դրան, եղել են գաղափարը պաշտպանող պատգամավորներ։

Ու թեպետ Վիգեն Խաչատրյանը զլացավ ներկայացնել, թե ով է այդ գաղափարն ասպարեզ հանած պատգամավորը, սակայն ընդամենը րոպեներ անց Շահեն Պետրոսյանն արդեն ինքն իրեն բացահայտեց. «Առաջին հերթին չէի ուզենա, որ Խոսրով Հարությունյանն ԱԺ-ն դիտարկեր իբրեւ կոպիտ ասած «պրյանիկ» բաժանող գործարան, որտեղ ինքը տնօրեն է աշխատում»։ Մեր զրուցակցի երկրորդ փաստարկը հետեւյալն էր. Ազգային ժողովի նախագահն արտասահմանյան գործուղումները դիտարկում է իբրեւ կարեւորագույն արտոնություն՝ այս կամ այն պատգամավորին իր կողմը գրավելու համար։ Շահեն Պետրոսյանը դժգոհ էր նաեւ Խոսրով Հարությունյանի խոսքի այն տոնից, որով նա դիմում է խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների նախագահներին եւ պատգամավորներին ընդհանրապես։ Ազգային ժողովի նախագահը պիտի իմանա, որ կարգավիճակով իրենք հավասար են եւ ընտրվել են համարյա թե նույն քանակի ձայներ ստանալով։ Դրանից հետեւում է, որ «պատգամավորների հետ ինքը պետք է խոսի ուղղակիորեն եւ ոչ թե իր քարտուղարուհիների կամ օգնականների միջոցով»։ Իր դիրքորոշումը Շահեն Պետրոսյանը հիմնավորում է այն պատճառաբանությամբ, թե այսօր այլեւս այն ժամանակները չեն, երբ մարդկանց վերեւից նայելով, իբրեւ ենթակաների են վերաբերվում։ Մյուս պատճառը. «Կարծում եմ՝ Ազգային ժողովի վարկն իր պատճառով բավականին ընկել է»։

Այստեղ արդեն Շահեն Պետրոսյանը հարկ համարեց խոսել իշխանամետ մամուլի՝ Ազգային ժողովի վրա կատարած հարձակումների մասին, որը, մեր զրուցակցի խոսքերով, պարզապես քարկոծում է խորհրդարանը։ Սակայն պատգամավորը խոսքը միայն «Հայաստանի Հանրապետութիւն» թերթով չսահմանափակեց՝ իր ասածը տարածելով նաեւ «Ռեսպուբլիկա Արմենիա» պարբերականի վրա։ Ելնելով վերոշարադրյալից. «Ճիշտն ասած, ես կուզեի Խոսրով Հարությունյանն այնքան համարձակություն ունենար, որ ինքը հրաժարական տար։ Դա ավելի տղամարդկային ու ճիշտ քայլ կլիներ, քան Բազեյան Ալբերտի հրաժարականը»։ Մանավանդ, որ վերջինս ներկայացնում է խորհրդարանական մեծամասնությունը։ Դրան հետեւեց ավելի հեռուն գնացող մի դատողություն. «Ճիշտն այն է, որ մեծամասնությունն Ազգային ժողովում իր նախագահն ունենա»։

Շահեն Պետրոսյանի գնահատմամբ, Խոսրով Հարությունյանը գուցե թե միայն «Բարեփոխումներ» խումբն է ներկայացնում, որից մի խումբ պատգամավոր դուրս է եկել եւ փաստորեն «ինքը ներկայացնում է 8 հոգանոց մի ընկերություն»։ Իր այս ամբողջ ասածը մեր զրուցակիցը հանգեցրեց քաղաքական եզրակացության. «Ազգային ժողովում ճիշտ չէ ուժերի դասավորությունը, այդ պատճառով էլ չի երեւում պատասխանատվությունն այս երկրի ապագայի նկատմամբ։ Եթե 8 հոգանոց ընկերությունը կարող է ներկայացնել 3 միլիոնանոց ազգի օրենսդիր մարմինը, ապա նշանակում է կազուսի մեջ ենք»։ Այս ամենը շատ հետաքրքիր է, սակայն չնշվեց, թե այն երբ է դառնալու օրակարգային հարց։ Շահեն Պետրոսյանը խուսափողական պատասխան տվեց. «Երբ որ խնդիրը հասունանա, այն ժամանակ էլ կմտնի օրակարգ։ Հարցը միայն ես չեմ դնելու»։

Վերջում մեր դիտարկումը. այսպիսով Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի անվստահության հարցը, խորհրդարանական տերմինաբանությամբ ասենք, Շահեն Պետրոսյանն ու իր մտերիմները մտցնում են մեծ օրակարգ։ Իսկ այն կոնկրետ այս կամ այն պահին հրապարակավ քննարկման հարց դարձնելը, կարծում եմ, կախված կլինի քաղաքական զարգացումներից ու նպատակահարմարություններից։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031